Արցախ

«Արցախի ԿԳԲ-ացումը»

Բաքվի քարոզչությունը երբեք  պաշտոնապես չի ժխտել, որ ադրբեջանական հետախուզա-դիվերսիոն խումբն է «չեզոքացրել» Մոնթե Մելքոնյանին: Մարգար Մելքոնյանը թեթեւակի ակնարկում է, որ այդ օրվա ռազմագործողությանն Ասկերանի «տղաները թերացել են»

Վահրամ Աթանեսյան

Մաս 35

1992 թվականի հունիսի 12-ին, Քելբաջարի շրջանից հայկական զորքերը դուրս բերելու անհետաձգելի միջոցառումների ժամանակացույցի շուրջ Գորիսում եւ Ստեփանակերտում մեկնարկած բարդ քննարկումներից մեկ օր առաջ զոհվեց Մարտունու պաշտպանական շրջանի հրամանատար Մոնթե Մելքոնյանը: 

Հեռուստալրագրող Վարդգես Բաղրյանը նույն գիշերը գտնվել է Մոնթե Մելքոնյանի հրամանատարական կետում, հասցրել է ձայնագրել նրա ռադիոկապն Ասկերանի ՊՇ հրամանատար Վիտալի Բալասանյանի հետ:

Այդ օրը Պաշտպանության բանակը երկու՝  Ասկերանի եւ Մարտունու հյուսիս-արեւելյան հատվածներից պետք է համաժամանկյա գրոհ սկսեր ադրբեջանական Աղդամ քաղաքի ուղղությամբ: Կա՞ր նախապես մշակված ռազմագործողության օպերատիվ պլան, թե այդ գործողությունները ծրագրավորվել էին հընթացս՝ որպես Լեռնային Ղարաբաղի ռազմա-քաղաքական ղեկավարության կողմից Հայաստանի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին արված «նախազգուշացում»,- այդ մասին հրապարակային վկայումներ չկան:

Եղբոր մասին գրքում Մարգար Մելքոնյանը մի առանձին գլուխ հատկացրել է 1993 թվականի հունիսի  12-ի ռազմագործողության նախապատրաստման, ընթացքի եւ Մոնթեի զոհվելուն: Երեւում է, նա ականատեսներից տեղեկություններ է քաղել ոչ թե անմիջական շփման, այլ միջնորդավորված կապերի միջոցով, քանի որ նույն տեղում բերված վկայությունները հաճախ հակասական են, ավելի շատ թողնում են պոստ-ֆակտում մշակված պատումների տպավորություն:

Այդուհանդերձ, Մարգար Մելքոնյանը չի հերքում Մոնթե Մելքոնյանի զոհվելու մասին պաշտոնական վարկածը: Իսկ դա ընդհանուր գծերով հանգում է հետեւյալին. Մոնթեն ստացել է Մերզիլու լքված ադրբեջանաբնակ գյուղի ուղղությամբ հրետանային կրակից հետո գործի դնել զրահատեխնիկան, ճնշել հակառակորդի դիմադրությունը, ապա բարձունքներից իջեցնել հետեւակը եւ անցնել բնակավայրի «մաքրմանը»:

Մոտ երկու-երկուկես ժամ տեւած հրետանային նախապատրստությունից, ապա տանկային գրոհից հետո Մոնթեն ռադիոկապով ազդանշան է ստացել, որ հակառակորդի զրահատեխնիկան խոցված կամ առգրավված է, Մերզիլիում ադրբեջանական զինվորականներ չկան: Ըստ Մարգար Մելքոնյանի՝ ենթահրամանատար Նելսոնը (ամենայն հավանականությամբ՝ հետագայում պաշտպանական շրջանի հրամանատար նշանակված Նելսոն Սողոմոնյանը) զեկուցել է, որ ինքն անձամբ «գյուղի մի ծայրից մինչեւ մյուսն անվատնգ անցել է»:

Այս կարեւոր տեղեկությունն ստանալուց հետո, ինչպես Մարգար Մելքոնյանն է պատմում, Մոնթեն որոշել է իջնել Մերզիլու եւ համոզվել, որ գյուղում ադրբեջանցիներ չկան: Մարգար Մելքոնյանը հիշում է Մոնթեի հետ նույն մեքենայում գտնված նրա մարտական ընկերներին: Ըստ երեւույթին, նրանցից մեկն էլ նրան պատմել է, թե ինչպես մեքենայի դեմ դիմաց հանկարծակի հայտնվում է БМП 1 հետեւակի մարտական մեքենա, ապա երկու-երեք զինվորներ են հայտնվում, որ կրակ են բացում Մոնթեի մեքենայի ուղղությամբ, իսկ հետո БМП 1-ի 75 միլիմետրանոց արկն է պայթում:

Այդ ընթացքում մեքենայից դուրս եկած եւ պաշտպանական դիրք փնտրող Մոնթեն քունքի հատվածում բեկորային մահացու վերք է ստանում: Նրան այդ վիճակում առաջինը հայտնաբերել է մարտական ընկեր Հովիկը (հավանաբար՝ Հովիկ Ջիվանյանը): Ըստ Մարգար Մելքոնյանի՝ Մոնթեի զոհվելուց մոտ կես ժամ հետո Մարտունու պաշտպանական շրջանի զրահատեխնիկան մտել է Մերզիլու: Պարզ չէ՝ հաջողվե՞լ է ոչնչացնել թշնամու БМП1 հետեւակի մարտական մեքենան: 

Մարգար Մելքոնյանը վկայում է, որ հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է նաեւ Մոնթեի մերձավոր ընկեր Սարիբեկը՝ որբ թողնելով հինգ երեխաներին:

Ղարաբաղյան առաջին պատերազմից ավելի քան տասը տարի անց ադրբեջանական մամուլում տեղեկություն է հայտնվել, որ նրան «հետապնդել եւ ոչնչացրել է» Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության հետախուզա-դիվերսիոն խումբը, որ կազմավորված էր գերազանցապես Մարտունու շրջանի ադրբեջանցիներից, որ գերազանց գիտեին ոչ միայն տեղանքը,  այլեւ՝ մարդկանց: 

Այդ խմբի անդամներից մեկը նույնիսկ հպարտացել է, որ «գլխատել է» Մոնթեին, մի պատմություն, որ անմիջապես հերքվել է ադրբեջանական այլ աղբյուրների վկայությամբ: Այդուհանդերձ, Բաքվի քարոզչությունը երբեք  պաշտոնապես չի ժխտել, որ ադրբեջանական հետախուզա-դիվերսիոն խումբն է «չեզոքացրել» Մոնթե Մելքոնյանին: Մարգար Մելքոնյանը թեթեւակի ակնարկում է, որ այդ օրվա ռազմագործողությանն Ասկերանի «տղաները թերացել են»: Ի՞նչ նկատի ունի կամ ո՞վ է նման կարեւոր տեղեկություն հայտնել՝ նա չի մանրամասնում:

(Շարունակելի)

Հետևեք նաև Մեր Ուղինի ֆեյսբուքյան էջին ՝

https://www.facebook.com/share/1BoEDkS1Sf/?mibextid=wwXIfr
    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *