Արցախ

«Արցախի ԿԳԲ-ացումը»

Ցույցերի եւ հանրահավաքների առաջամարտիկը ՀՅԴ-ն էր, որի մի շարք անդամներ ոստիկանության կողմից ձերբակալվեցին: ՀՅԴ-ն հանդես եկավ հայտարարությամբ, որ իշխանությունները «հետապնդում են արցախյան ազատամարտի հերոսներին»: Նույն օրերին Ստեփանակերտում տեղեկություն տարածվեց, որ Երեւանում ձերբակալված մի խումբ դաշնակցականներ «ապօրինի կարգով արժանացել են ԼՂՀ պետական պարգեւների»:

Վահրամ Աթանեսյան

մաս 38-րդ

1995 թվականի մայիսի  9-ին, ի նշանավորումն Ղարաբաղյան պատերազմում հրադադարի տարեդարձի, Ստեփանակերտում կազմակերպվեց զորահանդես: Զորահանդեսն ընդունեց Պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանը: Մարտի 5 –ին լրացել էր նրա 30-ամյակը: Այդ առթիվ Սամվել Բաբայանին շնորհվել էր գեներալ-լեյտենանտի կոչում: Նա փառքի բարձրակետում էր, Ռոբերտ Քոչարյանի ձեւավորած կառավարության կազմում Բաբայանը միաժամանակ զբաղեցնում էր պաշտպանության նախարարի պաշտոնը: Զորահանդեսին ներկա էր հայ զինվորականության ընտրանին՝ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ:  

Հայաստանի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այդ հանդիսավոր արարողությանը, սակայն, չմասնակցեց: Նրա բացակայությունը, հավանաբար, քաղաքական ուղերձ էր Ադրբեջանին, դիվանագիտական քայլ, որով պաշտոնական Երեւանը պատերազմի հաջողությունը հասցեագրում էր Ստեփանակերտին՝ որպես զինված հակամարտության ինքնուրույն կողմի: Չափազանց կարեւոր եւ տվյալ պահի աշխարհաքաղաքական իրավիճակի արտացոլում պիտի համարել այն, որ զորահանդեսն անցկացվեց… ռուսերեն լեզվով: 

Ո՞վ, որտե՞ղ եւ ինչու՞ էր նման որոշում կայացրել՝ հայտնի չէ, բայց դրանից կատարվածի խորհրդանշական իմաստը չի փոխվում. Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը փաստացի պաշտոնական էր ճանաչում ռուսերենը: Մանավանդ որ զորահանդեսն էլ անցկացվում էր ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի հիսուներերորդ տարեդարձի օրը: Ստեփանակերտում, այդուհանդերձ, քաղաքական տրամադրություններն ամենեւին էլ տոնական չէին. Նախագահական իշխանության ճնշման տակ, որին ներգրավված էին ինչպես բանակը, այնպես էլ ներքին գործերի նախարարությունը եւ Ազգային անվտանգության ծառայությունը, Գերագույն խորհուրդը հարկադրված էր կայացնել լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու որոշում, որից հետո նշանակվեցին Ազգային ժողովի ընտրություններ: 

Այդ փուլում Երեւանում ընդդիմությունը ցույցեր եւ հանրահավաքներ էր անցկացնում եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին մեղադրում սահմանադրության միջոցով «բռնապետություն հաստատելու» մտադրվածության մեջ: Ցույցերի եւ հանրահավաքների առաջամարտիկը ՀՅԴ-ն էր, որի մի շարք անդամներ ոստիկանության կողմից ձերբակալվեցին: ՀՅԴ-ն հանդես եկավ հայտարարությամբ, որ իշխանությունները «հետապնդում են արցախյան ազատամարտի հերոսներին»: Նույն օրերին Ստեփանակերտում տեղեկություն տարածվեց, որ Երեւանում ձերբակալված մի խումբ դաշնակցականներ «ապօրինի կարգով արժանացել են ԼՂՀ պետական պարգեւների»: Եւ, իբր, մեղավորները «պետք է ենթարկվեն խստագույն պատասխանատվության»: Գերագույն խորհրդի նստավայրում անցկացվեցին մի քանի խուզարկություններ: 

Ըստ տարածված լուրերի՝ «հայտնաբերվել են տասնյակ շքանշաններ եւ մեդալներ, որ պետք է գաղտնի կերպով ուղարկվեին Երեւան՝ որպես ապացույց, որ ձերբակալված դաշնակցականներն իրոք ԼՂՀ պետական պարգեւների են արժանացել»: Հայտնի չէ, թե պատկան մարմիններն արդյոք քրեական վարույթ հարուցե՞լ են, թե խուզարկությունները եւ «բացահայտումները» պարզապես հատուկ ծառայությունների կազմակերպածն էին եւ աջակցություն էին Հայաստանի նախագահին եւ իշխող քաղաքական ուժին: Փաստ է, որ «գործի շրջանակներում» ձերբակալվել են Գերագույն խորհրդի նախագահի տեղակալ Գեորգի Պետրոսյանը, ԳԽ քարտուղար Վլադիկ Հակոբյանը եւ նախագահության անդամ Լեւոն Մելիք-Շահնազարյանը: Ըստ պաշտոնապես չհաստատված տեղեկությունների, նրանց ձերբակալությունն իրականացվել է Պաշտպանության բանակի պահակային վաշտի, այլ աղբյուրների ասելով՝ ռազմական ոստիկանության կամ զինվորական պարետության ծառայողների կողմից: Ձերբակալվածները տեղափոխվել են Շուշիի բանտ, որտեղ, ինչպես հետագայում նրանց հարազատներն են վկայել, ենթարկվել են բռնությունների եւ ծաղրուծանակի: Ամեն դեպքում նրանց դեմ քրեական վարույթ, կարծես, չի իրականացվել, գործը դատարան չի մտել: 

Գեորգի Պետրոսյանը, Վլադիկ Հակոբյանը եւ Լեւոն-Մելիք Շահնազարյանը Շուշիի բանտում մնացել են ոչ ավելի, քան տասը օր, ապա ազատ են արձակվել: Նրանցից ոչ ոք իր նկատմամբ բռնություն գործադրելու հարցով իրավապահ մարմիններին չի դիմել: Ստեղծված պայմաններում դա միանգամայն անիմաստ կլիներ: Ձերբակալությունից որոշ ժամանակ անց Վլադիկ Հակոբյանը  վերադարձել է դասախոսական աշխատանքի, Լեւոն Մելիք-Շահնազարյանը՝ նշանակվել հանրապետական թերթի գլխավոր խմբագրի տեղակալ: Կարելի է վստահաբար ասել, որ 1995 թվականի մայիս-հունիս ամիսներին Ստեփանակերտում տեղի է ունեցել պետական հեղաշրջում, քաղաքական իշխանությունն իր լիազորությունների մի զգալի մասը պատվիրակել է բանակին, ՆԳ նախարարությանը եւ հատուկ ծառայություններին

(շարունակելի)

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *