Հայաստան

Միջին Միջանցքը՝ Հայաստանի Երկարաժամկետ Շահը

Տարեկան 15 միլիարդ եկամուտը նրանց եղբայրացրել է, որ դրսևորվեց՝ Ադրբեջանին զենքի վաճառքով, Արցախյան երկրորդ պատերազմով և արցախահայության բռնի տեղահանությամբ։ Այս համատեքստում պետք է խոստովանել, որ տվյալ ժամանակահատվածում` Սերժ Սարգսյանը շահեկան դիրք ունենալու տարբերակ չուներ։

Արամ Սարգսյան

Մի շաբաթով հանգստի մեկնեցի, բայց խոստովանեմ՝ լրահոսից կտրվել չկարողացա, ու որոշեցի տեսակետներս ընդհանրացնել հոդվածի տեսքով։ Եվ ուրեմն… «Միջին միջանցքը», վստահաբար, ամբողջությամբ և 100 տոկոսով ամերիկյան նախագիծ է, որ օրակարգային դարձավ Բայդենի իշխանության օրոք, հետևաբար չի կարող լինել նախաձեռնություն, որ ստեղծվել է Ադրբեջանի, Իսրայելի կամ Թուրքիայի կողմից՝ Թրամփին համոզելու կամ շահագրգռելու արդյունքում։ Առավել ևս՝ Իսրայել-Թուրքիա հարաբերություններն իրենց բնույթով թշնամական են ու հրեական կողմն էլ, որպես կանոն, դեմ է Թուրքիայի ուժեղացմանը։ Թրամփի պաշտոնավարման տարիներին՝ հատկապես Իրանի ռմբակոծումից հետո, Միջին միջանցքի նախագիծը կտրուկ ակտիվացավ։ Իմ կարծիքով՝ խնդիրը ոչ այնքան ճանապարհներն են կամ երկաթգծերը, որքան էներգակիրները՝ հատկապես գազամուղները։ 2014-ին Ղրիմի անեքսիայից հետո Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներ կիրառվեցին։ Այդ ժամանակից ՌԴ-ն սկսեց իր գազի ու հեղուկ վառելիքի որոշ պաշարներ վաճառել Ադրբեջանի միջոցով։ Ըստ արևմտյան աղբյուրների՝ այդ սև շուկայի ծավալը տարեկան հասել է 15 միլիարդ դոլարի, ինչը արևմտյան երկրները գիտակցել են, սակայն ժամանակավորապես «աչք են փակել»՝ այլընտրանքային մատակարարումների բացակայության պատճառով։ Բնականաբար, պատժամիջոցները շրջանցած այդ գումարները հիմնականում չեն ուղղվել ՌԴ-ի կամ Ադրբեջանի բյուջեներ, այլ ամենայն հավանականությամբ կուտակվել են նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի օֆշորային հաշիվներում։ Տարեկան 15 միլիարդ եկամուտը նրանց եղբայրացրել է, որ դրսևորվեց՝ Ադրբեջանին զենքի վաճառքով, Արցախյան երկրորդ պատերազմով և արցախահայության բռնի տեղահանությամբ։ Այս համատեքստում պետք է խոստովանել, որ տվյալ ժամանակահատվածում` Սերժ Սարգսյանը շահեկան դիրք ունենալու տարբերակ չուներ։ Սա՝ իմիջիայլոց… Միջին միջանցքը շրջանցում է Ռուսաստանը, Իրանը և Վրաստանը՝ այս երկրներն են հիմնականում կորցնում։ Ինչ վերաբերում է շահառուներին՝ տարբեր կառույցներ տալիս են տարբեր գնահատականներ ու թվեր։ Սակայն պետք է փաստել երկու կարևոր հանգամանք.

1) Բաց ճանապարհները, նույնիսկ նվազ շահույթով, ավելի լավ են, քան փակ սահմանները։ 2) Նման նախագծերը քաղաքական և երկարաժամկետ բնույթ ունեն, որոնց արդյունավետությունը կախված է կոնկրետ երկրների դերակատարումից։ 

Միջին միջանցքը ամերիկյան նախագիծ է, հետևաբար ամենամեծ շահառուն լինելու է ԱՄՆ-ը: Նրան հաջորդում է Մեծ Բրիտանիան։ Այս երկրները ձգտում են Միջին Ասիայի՝ հիմնականում Թուրքմենստանի Գալկանիշ հանքավայրի գազը հասցնել ԵՄ: Երկրորդ շահառուն Անկարան է։ Ճանապարհի ամենաերկար հատվածը  Թուրքիայի տարածքով է անցնում և դարձնում է ԵՄ-ին գազ մատակարարող հանգույց։ Ադրբեջանը որոշակի առումով կարող է տուժել՝ ԱՄՆ պատժամիջոցների տակ գտնվող ռուսական գազն այլևս չի կարող վաճառվել ԵՄ-ին, որ արդեն կունենա սեփական, միջինասիական մատակարարում՝ առանց ռուսական մասնակցության։ Սա է նաև «Միջին միջանցք» ծրագրի հիմնական քաղաքական և տնտեսական տրամաբանությունը։ Մաքուր եկամտով երրորդ շահառուն Ադրբեջանն է, քանի որ երթուղիների բավականին երկար հատված անցնում է իր տարածքով, ներառյալ Նախիջևանը և Կասպից ծովի սահմանային ջրերը։ Հայաստանը` չորրորդն է և այս փուլում հիմնականում շահում է անվտանգային և խաղաղության ամրապնդման տեսանկյունից։ Ճանապարհից բխող տնտեսական օգուտը, համեմատած մյուս մասնակիցների հետ, փոքր է, բայց երկարաժամկետ հեռանկարում՝ Հայաստանը դառնում է բացառիկ դերակատար։ ՀՀ-ն միակ քրիստոնյա և ժողովրդավար պետությունն է ամբողջ միջանցքի տարածքում։ Ակնհայտ է, որ հենց հայաստանյան հատվածում են ԵՄ երկրները նախընտրելու հիմնել իրենց գրասենյակները։ ՀՀ-ում տեղակայված վերահսկիչ փականներով և անջատիչներով է ԱՄՆ-ը կարողանալու  ազդեցություն գործադրել թե՛ Միջին Ասիայի, թե՛ Թուրքիայի և թե՛ ԵՄ-ի վրա։ Համոզված եմ՝ տարածաշրջանում ԱՄՆ-ի հենակետն ու իրական գազային հանգույցը դառնալու է Հայաստանը։ Եվ, ուրեմն, ամենաշատ շահողը Միջին միջանցքի նախագծից երկարաժամկետ կտրվածքով լինելու է հենց ՀՀ-ն, ու՝ փառք Տիրոջը։ 

Հ.Գ. Փորձեցի խնայել ընթերցողին և կարճ գրել։ Ցավոք, չստացվեց։ Ներողամիտ եղեք:

Աղբյուրը՝ Արամ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից https://www.facebook.com/share/19MiqXLHXS/

Հետևեք նաև Մեր Ուղինի ֆեյսբուքյան էջին ՝

https://www.facebook.com/share/1BoEDkS1Sf/?mibextid=wwXIfr
    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *