Հայ գործարար Լևոն Հայրապետյանի վերելքն ընդհատվեց ռուսական պատժիչ մեքենայի հարվածների տակ․ նա զրկվեց ազատությունից, հետո՝ ողջ ունեցվածքից և հարստությունից, ու մահացավ բանտում։ Այսօր, կարծես, նույն ճակատագիրն է սպառնում նաև Մոշկովիչին։
Հրայր Թամրազյան
Կալանավորված ռուսաստանցի միլիարդատերը համաձայնել է հանձնել բիզնեսը պետությանը
Ռուսաստանյան հայտնի միլիարդատեր Վադիմ Մոշկովիչը, ով մարտ ամսից գտնվում է կալանքի տակ՝ խոշոր հափշտակության և կաշառքի մեղադրանքով, ՍԻԶՕ-ից սկսել է բանակցել իր ակտիվների հանձնումը պետությանը։ «Վեդոմոստի» թերթի տվյալներով՝ Մոշկովիչը պատրաստ է իր բիզնեսի մի մասը հանձնել պետական վերահսկողության տակ։
Խոսքը վերաբերում է «Ռուսագրո» ագրոհոլդինգին, որը շաքարի խոշորագույն արտադրողներից է Ռուսաստանում, զբաղեցնում է երկրորդ տեղը մսի արտադրության ծավալով և տնօրինում է ավելի քան 700 հազար հեկտար գյուղատնտեսական հողեր։ Ըստ աղբյուրների՝ այս ակտիվները կարող են փոխանցվել վստահված կառավարման պետական Россельхозбанк-ին, որը նախկինում ղեկավարել է այժմյան փոխվարչապետ Դմիտրի Պատրուշևը։ Այդ բանկի վերահսկողության ներքո արդեն անցել են նաև «Մակֆա» մակարոնների գործարանը և «Արիանտ» ընկերությունը՝ խաղողի խոշոր այգիներով։
Բացի այդ, Մոշկովիչի բիզնեսով հետաքրքրված է նաև «Դեմետրա-Հոլդինգը», որն արդեն վերահսկում է Նովոռոսիյսկի և Թամանի նավահանգիստների հացահատիկային տերմինալները և «Ռուսագրոտրանս» երկաթուղային ընկերությունը։ Ընկերությունն այժմ գտնվում է Օմանից եկած անհայտ ներդրողների վերահսկողության ներքո։
Աղբյուրների տվյալներով՝ «Ռուսագրո»-ի բոլոր բաժանմունքները վաճառքի են դրված շուկայականից զգալիորեն ցածր գնով։ Մոշկովիչը, ով ղեկավարում է այս բիզնեսը Կիպրոսում գրանցված ընկերության միջոցով, արդեն անցյալում ստիպված էր վերագրանցել այն Ռուսաստանում՝ իշխանությունների ճնշմամբ։ Սակայն այժմ, ըստ իրավաբանների, բոլոր ակտիվները կարող են ուղղակի ազգայնացվել դատարանի որոշմամբ, որից հետո պետությունը կկարողանա դրանք վերաօտարել՝ նոր սեփականատերերի։
Մոշկովիչը ձերբակալվել է մարտի 26-ին Մոսկվայում՝ «Ռուսագրո»-ի գլխավոր տնօրեն Տիմուր Լիպատովի հետ միասին։ Նրա դեմ հարուցվել են քրեական գործեր՝ մեկ միլիարդ ռուբլու յուրացման և նախկին պաշտոնյային կաշառք տալու համար։ Ըստ մեղադրանքի՝ 2019 թվականին Մոշկովիչը նախկին բարձրաստիճան պաշտոնյային նվիրել է 2.6 միլիոն ռուբլի արժողությամբ Blaser R8 որսորդական հրացան՝ հովանավորչություն ստանալու դիմաց։
Ինչպես նշել են «Նовая Газета Европа»-ի աղբյուրները, «Ռուսագրո»-ն վաղուց էր իշխանությունների ուշադրության կենտրոնում։ Երբ բիզնեսմենին սպառնում էին «օտարերկրյա գործակալ» ճանաչմամբ, նա համաձայնեց կամովին վերադարձնել իր ակտիվները Կիպրոսից Ռուսաստան։ Սակայն այժմ իշխանություններն ուղղակի վերցնում են բիզնեսը՝ ըստ աղբյուրների, Պատրուշևների կլանի հովանու ներքո, որոնք ձգտում են կենտրոնացնել գյուղատնտեսական խոշոր ակտիվները պետական վերահսկողության տակ։
Ռուսաստանում միլիարդատեր լինելը վտանգավոր բիզնես է․ մի օր կարող ես կորցնել ամեն ինչ՝ թե՛ ունեցվածքդ, թե՛ ազատությունդ։ Այդ վտանգները չեն շրջանցում նաև հայ մեծահարուստներին։ Հայ գործարար Լևոն Հայրապետյանի վերելքն ընդհատվեց ռուսական պատժիչ մեքենայի հարվածների տակ․ նա զրկվեց ազատությունից, հետո՝ ողջ ունեցվածքից և հարստությունից, ու մահացավ բանտում։ Այսօր, կարծես, նույն ճակատագիրն է սպառնում նաև Մոշկովիչին։
Աղբյուրը՝ Հրայր Թամրազյանի ֆեյսբուքյան էջից https://www.facebook.com/story.php?story_fbid=24055950920692299&id=100001121816083&mibextid=wwXIfr&rdid=7gRPDiWrjYCoIEyf#
Հետևեք նաև Մեր Ուղինի ֆեյսբուքյան էջին ՝
