Միանգամայն հավանական է, որ Հեյդար Ալիեւն ինքն է ցանկություն հայտնել, որպեսզի հանդիպի ԼՂՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Եվգենի Պրիմակովը նրան ընդառաջել է:
Մաս 41-րդ
Ռուսաստանցի հեռուստալրագրող Անդրեյ Կարաուլովի հարցին, թե որքանո՞վ է իրականությանը համապատասխանում տեղեկությունը, որ ԼՂՀ նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո 1996 թվականի նոյեմբերին հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի հետ, Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է, որ լինում են դեպքեր, երբ կողմերից մեկի խնդրանքով նման տեղեկությունները չեն մեկնաբանվում:
Այսպիսով, նա չի հաստատել Հեյդար Ալիեւի հետ իր հանդիպումը, բայց եւ չի հերքել, ինչից վստահաբար կարելի է ենթադրել, որ նման շփում, այնուամենայնիվ, տեղի է ունեցել: Բավական վստահելի աղբյուրները, այդ թվում ղարաբաղյան կարգավորման բանակցություններում Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Կազիմիրովը, թեեւ ոչ ուղղակի հղումներով, բայց հաստատում են, որ 1996 թվականի նոյեմբերին ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տանը կայացել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների բանակցությունները, իսկ ավելի ուշ «քննարկումներին միացել է Ռոբերտ Քոչարյանը»:
Ստեփանակերտի թե իշխանական, թե նաեւ քաղաքական շրջանակներն այդ առթիվ երբեք որեւէ տեսակետ չեն հայտնել: Այդ շրջանում Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնն զբաղեցնում էր Եվգենի Պրիմակովը, որ 1996 թվականի մայիսի 8-11-ը մարդասիրական միջնորդությամբ գտնվել է Ադրբեջանում եւ Հայաստանում: Այդ առաքելության շրջանակներում Պրիմակովը կարճատեւ այց է կատարել նաեւ Ստեփանակերտ: Արդյունքում տեղի է ունեցել ռազմագերիների փոխանակում:
Եգենի Պրիմակովը, որ մասնագիտությամբ արեւելագետ էր, երկար տարիներ աշխատել է արաբական երկրներում՝ լրագրողի ծածկաքողի տակ կատարելով հետախուզական աշխատանք: Հանրահայտ է նրա մտերմությունը ՊԱԿ-ի գեներալ-լեյտենանտ Հեյդար Ալիեւի հետ: Վերջինս, 1993 թվականի հուլիսին ստանձնելով Ադրբեջանի նախագահի պաշտոնակատարի պարտականությունները, կարգադրել է, որպեսզի դատախազությունը 1990 թվականի հունվարի 20-ին Բաքու խորհրդային զորքեր մտցնելու եւ «խաղաղ բնակիչների զանգվածային սպանություններ իրականացնելու» քրեական գործով հետախուզվող անձանց ցուցակից Պրիմակովի անունը հանվի:
Միանգամայն հավանական է, որ Հեյդար Ալիեւն ինքն է ցանկություն հայտնել, որպեսզի հանդիպի ԼՂՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Եվգենի Պրիմակովը նրան ընդառաջել է:
Այդ թեման կարեւորվում է նրանով, որ Հեյդար-Ալիեւ-Ռոբերտ Քոչարյան «ենթադրյալ հանդիպումը» կայացել է ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթաժողովից շաբաթներ առաջ, երբ կար տպավորություն, որ ԼՂ հարցով «կարող է ընդունվել բախտորոշ վճիռ»: Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը Լիսաբոնի գագաթաժողովից ավելի քան երկու տասնամյակ անց վկայել է, որ Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի ինքնավարության կարգավիճակն առաջարկվել է Միացյալ Նահանգների կողմից, Քլինթոնի նկատմամբ ճնշում են գործադրել նավթային ընկերությունները:
Գագաթաժողովի բանաձեւը, որով ԼՂ կարգավիճակը պետք է որոշվեր Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված սահմաններում, չի ընդունվել, նախագահ Տեր-Պետրոսյանը վետո է կիրառել, բայց տարածվել է ԵԱՀԿ գործող նախագահի հայտարարությունը: ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովից կարժ ժամանակ հետո Հայաստանի վարչապետի պաշտոնը մնաց թափուր՝ Արմեն Սարգսյանի հրաժարականի պատճառով:
1997 թվականի մարտի 17-ին հայտնի դարձավ, որ ԼՂՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողովին: Ի՞նչ հիմնավորում է նա ներկայացրել՝ առայսօր հրապարակային որեւէ փաստաթուղթ գոյություն չունի: Ականատեսների վկայությամբ՝ Ազգային ժողովը նրա հրաժարականն ընդունել է առանց բանավեճի, Ռոբերտ Քոչարյանին նույնիսկ հարցեր չեն ուղղվել: Նույն օրը նա մեկնել է Երեւան եւ նշանակվել Հայաստանի վարչապետ: Այդ օրերին Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների միջեւ հեռակա «բանավեճ» եղավ. Հեյդար Ալիեւը դժգոհեց, որ «Ադրբեջանի քաղաքացին (Ռոբերտ Քոչարյանը) նշանակվել է Հայաստանի վարչապետ», ինչին Լեւոն Տեր-Պետրոսյանը հակադարձեց, թե ուրախ կլիներ, եթե Հայաստանի քաղաքացին էլ Ադրբեջանի վարչապետ նշանակվեր:
(Շարունակելի)
Հետևեք նաև Մեր Ուղինի ֆեյսբուքյան էջին ՝
