Հայաստան

Երկիրը Դարձրել Էին Գողապետություն

Պուտինն է ստիպում: Եկեղեցականներով փորձեցին ինչ-որ բան անել, չստացվեց, Քոչարյանը ոչինչ չի կարող անել, հիմա միլիարդատիրոջն են ուղարկում, բայց մենք այդ միլիարդներին կուլ գնացող չենք. ինչքան էլ գումար ունենա Սամվել Կարապետյանը, Հայաստանը չի կարող դարձնել Բելառուս, հետևաբար Սամվել Կարապետյանը շանս չունի, պարզապես իր կաշին է փրկում:

Վիգեն Ավետիս

«Հայկական ժամանակ»-ը իտալահայ քանդակագործ Վիգեն Ավետիսի հետ զրուցել է ներքաղաքական զարգացումների շուրջ, որը ներկայացնում ենք՝ ստորև.

— Պարո՛ն Ավետիս, ներքաղաքական կյանքը վերջին շրջանում փոթորկված է․ Եկեղեցու վերնախավի շուրջ ստեղծված իրավիճակը, ըստ իրավապահների, ահաբեկչության նախապատրաստության կանխումը, այդ շրջանակում հոգևորականների կալանավորումները, միլիարդատեր Սամվել Կարապետյանի կալանավորումը, իշխանության ընդդիմախոսներն էլ ամենօրյա ռեժիմով «տարածքներ («միջանցք») հանձնելու» մասին են գուժում: Հետևո՞ւմ եք այս ամենին: Ի՞նչ եզրահանգումներ ունեք:

— Նախ՝ ամբողջ աշխարհն է անհանգիստ. աշխարհաքաղաքական ճշտումներ են կատարվում, ամեն տեղ շատ լարված է և՛ քաղաքական, և՛ տնտեսական առումով. Թրամփը խառնեց բոլորի խաղաքարտերն իր էգոցենտրիկ գործունեությամբ, այժմ փորձում են շտկել որոշ բաներ․ կհաջողվի՞, թե՞ չէ, ժամանակը ցույց կտա։

Իսկ ինչ վերաբերում է Հայաստանին, ՀՀ-ն հրաշալի իրավիճակում է՝ համեմատած մյուս պետությունների հետ, ուղղակի մեզ պետք է ժամանակ՝ կարգուկանոն սահմանելու համար, քանի որ անկախությունից սկսած՝ մեր պետությունը դարձրել էին գողապետություն. գողանում, թալանում, տանում էին դուրս, հիմա այդ թալանչիների ձեռքերը կտրվել են, հեռացվել են նրանք դաշտից. հոգեվարքի մեջ են։ Դա բնական երևույթ է: Պետք էր բանտարկել բոլոր հանցագործներին, բայց նրանք այնքան շատ են, որ մենք բանտերում այդքան տեղ էլ չունենք, հետևաբար երկրորդ լուծումը, որ վարչապետը շարժվում է այդ ճանապարհով, այդ մարդկանց օրինական դաշտ բերելն ու պետություն կառուցելն է: Մենք վերջապես պետություն ենք կառուցում, և փառք ու պատիվ մեր Կառավարությանը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի:

— Կա մի այսպիսի մոտեցում․ ով ձերբակալվում կամ կալանավորվում է, ընդդիմությունը սկսում է պնդել, որ նրանք քաղաքական բանտարկյալներ են, վառ օրինակ են Վազգեն (Բագրատ) Գալստանյանը, Գևորգ (Միքայել) Աջապահյանը, միլիարդատեր Սամվել Կարապետյանը և այլք: Ռուսական կողմը ևս Կարապետյանի կալանավորման համար տրտնջում է:

— Ռուսաստանն այդպես է խոսում, որովհետև նրանց միջոցով պատրաստում էին պետական հեղաշրջում իրականացնել Հայաստանում: Հուսով եմ՝ դատարանը կքննի գործը, և նրանք կդատապարտվեն 25 տարի ազատազրկման, որովհետև մեր պետության դեմ հեղաշրջման փորձ էր ծրագրվել ահաբեկչության միջոցով։ Եթե Ռուսաստանում նման մի բան լիներ, վաղուց բոլորին գնդակահարել էին: Այնպես որ թող այդ ռուս քաղաքական գործիչները հանգիստ նստեն տեղները և չուղարկեն իրենց սամվելկարապետյաններին այստեղ հեղաշրջում անելու. ՀՀ-ն պետություն է և պարտավոր է պաշտպանել իր քաղաքացիներին, պետականությունը։

— Իսկ տեղյա՞կ եք, որ Սամվել Կարապետյանը նոր քաղաքական ուժ է ստեղծում: Ըստ Ձեզ՝ ինքնակա՞մ է այս որոշումը կայացրել, թե՞ պարտադրանք կա, և նրա շանսերը քաղաքականության մեջ հաջողելու առումով որքա՞ն եք գնահատում:

— Իհարկե նրան պետք չէ, Պուտինն է ստիպում: Եկեղեցականներով փորձեցին ինչ-որ բան անել, չստացվեց, Քոչարյանը ոչինչ չի կարող անել, հիմա միլիարդատիրոջն են ուղարկում, բայց մենք այդ միլիարդներին կուլ գնացող չենք. ինչքան էլ գումար ունենա Սամվել Կարապետյանը, Հայաստանը չի կարող դարձնել Բելառուս, հետևաբար Սամվել Կարապետյանը շանս չունի, պարզապես իր կաշին է փրկում:

— Իսկ ինչո՞ւ եք համոզված, որ նա չի հաջողի:

— Օտարերկրյա գործակալը որքան էլ հարուստ լինի, եթե վտանգ է ներկայացնում պետության համար և սպառնալիքներ է հնչեցնում, վտարվում է։ Ես էլ լինեմ՝ կվտարեն, չեն ասի՝ Վիգենը քանդակագործ է, Տաշիր Սամոն՝ միլիարդատեր։ ՌԴ-ն իրեն կդատի, ինչպես շատ հարուստներ են 10-րդ հարկից պատահաբար ներքև ընկնում, իրեն էլ կգցեն՝ հանձնարարականները ձախողելու համար:

— Այսինքն՝ Կարապետյանը թանկ գի՞ն կարող է վճարել:

— Այո՛, ինչպես Ռուբեն Վարդանյանը։ Նա Պուտինի համար ոսկե խաղաքարտ էր, բայց եկավ ու իր միլիարդներով ոչինչ չկարողացավ անել ՀՀ-ում, Արցախում, և Պուտինը նրան հանձնեց թշնամուն, ասաց՝ վերցրեք, փողերն էլ ձեզ լինի: Երևի նույն վիճակին կհասնի Սամվել Կարապետյանը, քանի որ, վստահ եմ, ՀՀ-ում ոչ մի արդյունքի չի հասնելու, և նրա միլիարդները Պուտինը ձեռքից վերցնելու է:

— Սամվել Կարապետյանը աջ ու ձախ դատի է տալիս իշխող ուժի անդամներին, հասարակական և քաղաքական գործիչներին, քաղաքագետներին, անգամ ՀՀ կառավարությանը:

— Ինձ համար նույնիսկ վիրավորական է, որ Մոսկվայում հարստացած հայը իրեն թույլ է տալիս մեր պետությանը դատի տալ, ստացվում է՝ դուրս է եկել իմ պետության դեմ։ Ինքը հիմա իմ անձնական թշնամին է, ինքը խոպանչի է, որ գնացել է խոպան, ու ԿԿԲ կոչվածը իրեն թույլ է տվել գումարներ աշխատել, այդ փողերն էլ իրենը չեն, ԿԿԲ-ի փողերն են։ ՌԴ-ում դու չես կարող հարստանալ, եթե չունես ԿԿԲ-ի տանիքը:

— Պարո՛ն Ավետիս, եթե Սամվել Կարապետյանի դեպքում ըմբռնելի է, որ փորձում է մտնել քաղաքականություն, կամ ինչպես իրենք են հայտարարում, «իրենց ձևերով» հարցեր լուծել, ապա Գարեգին Բ-ն ի՞նչ շահագրգռվածություն ունի միանալ այս շրջանակին։

— Նախ էդ «մեր ձևով» արտահայտությունը իտալական մաֆիայի նշանաբանն է՝ «Cosa Nostra», ինչը նշանակում է «մեր ձևով», եթե այնտեղ մեկը դա ասի, միանգամից կբանտարկվի, որովհետև դա ուղիղ կապ ունի հանցավոր աշխարհի՝ մաֆիայի հետ․ Իտալիայում ոչ ոք իրավունք չունի նման արտահայտություն անել:

Ինչ վերաբերում է կաթողիկոսին, ես դա վաղուց գիտեի, հիմա պետությունը որոշել է մաքրել ԿԿԲ-ական ազդեցությունը Հայաստանում, որի ցանցը արդեն 70 տարի է՝ եկեղեցականների միջոցով Է գործում, որը ղեկավարում է կաթողիկոսը։ Գարեգին կաթողիկոսը ԿԿԲ-ական ամենաբարձր ուսադիրներն ունի, այսինքն՝ նույն Կրեմլն է։ Հենց կաթողիկոսն էր կազմակերպել հայտնի շարժումը սառեցված Բագրատով, այսինքն՝ նա ձեռնարկել էր հեղաշրջում, իսկ եթե Բագրատը ահաբեկչության կազմակերպիչ Է, հետևաբար կաթողիկոսը առաջինն է, որին ինքը ենթարկվում է, նա նրա աշխատողն է, իսկ մենք շատ լավ գիտենք, որ կաթողիկոսը կանգնած է Քոչարյանի կողքին, վերջերս էլ Լևոն Տեր-Պետրոսյանին է օգնության կանչում, էդ մի ամբողջ ԿԿԲ-ական խուրձ է, որը պետք է քանդվի։ Ես լինեի՝ Լևոն Տեր-Պետրոսյանին էլ կձերբակալեի, որովհետև ինքը հանդես է գալիս մեր պետության դեմ․ նա առաջինը պիտի լիներ, որ դատապարտեր ահաբեկչությունը, ոչ թե միանա նրանց․ սա խայտառակություն է, ամո՛թ առաջին նախագահին, որ փչացրեց վերջին հարգանքը։

— Տևական ժամանակ է՝ վարչապետը պահանջում է, որ Գարեգին Բ-ն հրաժարական տա և դուրս գա վեհարանից, որովհետև խախտել է կուսակրոնության ուխտը և զավակ ունի, բայց կարծես տեղի չի տալիս նա: Դուք ի՞նչ եք կարծում:

— Կաթողիկոսը սկսեց պայքարել մեր պետության դեմ, և պետությունը հասկացավ, որ այս մարդն իրոք վտանգ է ներկայացնում հայկական պետականության համար։ Երկրորդը՝ կաթողիկոսը «Հոկտեմբերի 27»-ին նշանակվեց, այդ օրը գնդակահարվեցին մեր քաղաքական գործիչները, և ՀՀ-ն երկու հոգով գրավեցին՝ Ռոբերտ Քոչարյանը և կաթողիկոսը, նույն օրը հոգևոր և աշխարհիկ իշխանությունն անցավ Մոսկվային, և նրանք պարտականություններ ունեն. երբ քեզ տալիս են իշխանություն, դու պարտավորվածություններ ես ունենում։

Այո՛, ես կողմ եմ, որ Կտրիճ Ներսիսյանը ազատի մեզ իր ներկայությունից, որովհետև եկեղեցին գրավված է․ ինչպես Սարգսյանն ու Քոչարյանն էին ՀՀ-ն դարձրել սեփականություն, այնպես էլ Կտրիճն է եկեղեցին դարձրել իր սեփականությունն իր եղբորով, հարազատներով, որոնք ծրագրում են պետական հեղաշրջում և ահաբեկչություն։

Աղբյուրը՝ medianews.site https://medianews.site/574155/?fbclid=IwY2xjawLyPeFleHRuA2FlbQIxMQABHjSp4rW73qFPEKgBgqfmt4sb8jvW2LXG7XqKj7Lqx1NHHdLHHoTnzQpJf_4V_aem_p2HC7fkZLj_XwRycBtJeIQ

Հետևեք նաև Մեր Ուղինի ֆեյսբուքյան էջին ՝

https://www.facebook.com/share/1BoEDkS1Sf/?mibextid=wwXIfr
    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *