Միջազգային

Ռուսաստանի Պահապան Հրեշտակները

2024 թվականին ռուսական զինամթերքներին վերաբերող մատակարարումների մոտ 52%-ը, որոնք դասակարգվել են որպես «պայթուցիկ նյութեր», ուղարկվել են Նոխոդկայից՝ Ճապոնական ծովի նավահանգստային տարածք, որն օգտագործվում է Հյուսիսային Կորեայի կողմից։

The Financial Times

Financial Times—ը գրում է, որ Ռուսաստանը սպառում է  խորհրդային զենքի պաշարները, բայց Հյուսիսային Կորեան լրացնում է այդ բացը

Ուկրաինայում պատերազմի ընթացքում Ռուսաստանն ամբողջությամբ սպառել է խորհրդային ժամանակաշրջանի իր երբեմնի հսկայական զինամթերքի պաշարները։ Ռազմական պահեստներից ճակատ ուղարկվող մատակարարումները վերադարձել են 2022-ից առաջվա մակարդակին։

Կիևի Տնտեսագիտական Դպրոցի Ինստիտուտի (KSE) իրականացրած լոգիստիկ տվյալների վերլուծության համաձայն՝ ռուսական խոշոր պահեստներից մատակարարումները կարող են կրճատվել 2022 թ․ 242․000 տոննայից մինչև 119․000 տոննա՝ 2025 թ․։

KSE-ի վերլուծաբան Պավել Շկուրենկոն կարծում է, որ այդ անկումը վկայում է պաշարների սպառման մասին. «Ռուսաստանը հիմա ավելի քիչ տեխնիկա է ուղարկում վերականգնման և նորոգման, քան այնքան, որքան կարող են սպասարկել նորոգման կայանները»։

2022 թվականից սկսած՝ Ռուսաստանը փորձում է վերակահավորել պահեստային, պահպանության տակ գտնվող տեխնիկան՝ այն ճակատ ուղարկելու նպատակով։ Ուկրաինայում կիրառվում են մեծ քանակությամբ Տ-72 և Տ-80 տանկեր, որոնք առաջին անգամ օգտագործվել են 1970-ականներին։ Նույնիսկ Տ-54 տանկեր, որոնց արտադրությունը սկսվել է 1940-ականների վերջերին, նույնպես ներգրավված են մարտերում։

Վիեննայից ռազմական վերլուծաբան Ֆրանց-Ստեֆան Գադին զգուշավոր է տրամադրված՝ ճակատ ուղարկվող զրահամեքենաների մատակարարման կրճատումը մեկնաբանել որպես ռուսական զորքերի «մարտունակության կորստի» նշան։ Ռուսաստանի մարտավարությունը փոխվել է. այժմ կիրառվում են նման տեխնիկայի ավելի քիչ քանակներ, և «ռուսական զինված ուժերը զգալի միջոցներ են ծախսում նոր պաշարների ստեղծման վրա»։

KSE-ի լոգիստիկ տվյալների վերլուծությունն ընդգծում է նաև, թե ինչպես Ռուսաստանն առավել ու առավել կախված է դառնում Ասիայի իր դաշնակիցներից՝ ներքին ռեսուրսների սպառման պայմաններում։ Նրա պաշտպանական արդյունաբերությունը հիմա կախված է Չինաստանից եկող մատակարարումներից, իսկ բանակն իր զինամթերքի զգալի մասը ստանում է Հյուսիսային Կորեայից։

2024 թվականին ռուսական զինամթերքներին վերաբերող մատակարարումների մոտ 52%-ը, որոնք դասակարգվել են որպես «պայթուցիկ նյութեր», ուղարկվել են Նոխոդկայից՝ Ճապոնական ծովի նավահանգստային տարածք, որն օգտագործվում է Հյուսիսային Կորեայի կողմից։ Այդ տարածաշրջանից մատակարարումները, որոնք պատերազմի սկսվելուց առաջ զրոյական էին, 2024-ին հասել են 250․000 տոննայի։

Շկուրենկոն ասել է, որ Հյուսիսային Կորեայից կախվածությունը «զարմանալի հակադրություն է» Ռուսաստանի փորձած ինքնաբավության իմիջին։ KSE-ի վերլուծությունը հաստատում է Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովի գնահատականը, ով այս ամսվա ընթացքում նշել է, որ Ռուսաստանի զինամթերքի 40%-ը մատակարարվում է Հյուսիսային Կորեայից։ Հարավային Կորեայի հետախուզությունը ևս հայտնել է, որ Հյուսիսային Կորեան Ռուսաստանին ուղարկել է 28․000 բեռնարկղ։ Հայտնի է, որ Փհենյանը Ռուսաստանին մատակարարել է բալիստիկ հրթիռներ, հաուբիցներ և զորամիավորումներ։

Գադին նշել է. «Ես կասկածում եմ, որ նրանք Հյուսիսային Կորեայի զինամթերքը օգտագործում են Ուկրաինայի ճակատում հրետակոծությունների ինտենսիվությունը պահելու նպատակով, միաժամանակ  ավելի որակյալ ռուսական զինամթերքի պաշարները խնայելով՝ ՆԱՏՕ-ի հետ հնարավոր ապագա բախման պատրաստվելու համար»։

KSE-ի վերլուծությունը նաև բացահայտել է, որ  մոտ 13․000 տոննա պայթուցիկ նյութեր, որոնք ըստ տրամադրության վայրի՝ Կասպից ծովի մոտակայքում են, հավանաբար մատակարարվել են Իրանից։

Վերլուծությունը ցույց է տալիս, որ չնայած Պեկինը ռազմական օգնություն չի տրամադրում Մոսկվային, Չինաստանը ներկայումս ռուսական պաշտպանական արդյունաբերության առանցքային մատակարարն է։ 2021 թվականից ի վեր Ռուսաստանին սահմանակից շրջաններից մատակարարումները դեպի խոշոր ռազմական ու պաշտպանական արտադրական գոտիներ գրեթե կրկնապատկվել են՝ գերազանցելով 3 միլիոն տոննան։

KSE-ի վերլուծաբան Լուկաս Ռայզինգերը նշել է. «Թեև նրանք պնդում են, որ մահացու զենք չեն մատակարարում, Չինաստանը Ռուսաստանի զինվորական մեքենան պահպանելու համար անհրաժեշտ սարքավորումներ ու բաղադրիչներ է տրամադրում»։

Աղբյուրը`

https://www.ft.com/content/1b9ce558-551e-45d4-80ae-57e3cc32d7ed
    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *