Ակնհայտ է մի բան, որ Թրամփն ինչքան էլ մեղմ է Պուտինի հանդեպ, բայց ենթադրում եմ՝ ՌԴ-ի կողմից եղած քաղաքականությունում նկատել է ԱՄՆ-ի ազգային շահերին վնասող վտանգը և ժամկետները կրճատել է: Ռուսաստանի համար ԱՄՆ-ն շատ ավելի վատ բան է արել, քան այդ օրերի կրճատումը: Վենեսուելան պատժամիջոցների տակ էր, ասում են՝ երեկ Վենեսուելայից նավթի արդյունահանման արգելքները վերացրել են և ամերիկյան ընկերություններն իրավունք են ստացել նավթ արդյունահանել, սա իրական աղետ է Ռուսաստանի համար: Պարզ է, որ ՌԴ-ն ուրիշ ոչինչ չունի, քան գազի, նավթի միջոցով պատերազմի գնացքը սնուցելը։
Լևոն Շիրինյան
«Պատերազմը կշարունակվի, դա անկասկած է, քանի կլինի Պուտինի ռեժիմը: Թրամփը հույս ունի, թե ագրեսորին կարող է կարգի հրավիրել, թե դա էլ քանի տոկոսով է անկեղծ՝ դժվար է ասել, որովհետև նա նաև տնտեսական պայքար է մղում Եվրոպայի դեմ և փորձում է Չինաստանի հետ հարաբերությունները կարգավորել»,- Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով Դոնալդ Թրամփի այն հայտարարությանը, թե շատ հիասթափված է Պուտինից և կրճատում է Ուկրաինայի հակամարտությունը կարգավորելու համար վերջնագիր ներկայացնելու վերջնաժամկետը՝ 50 օրվա փոխարեն տալով 10-12 օր՝ ասաց «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության նախագահ, քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
Ըստ Շիրինյանի՝ ժամկետներ դնելը քաղաքականության մեջ հայտնի սկզբունք է. «Ակնհայտ է մի բան, որ Թրամփն ինչքան էլ մեղմ է Պուտինի հանդեպ, բայց ենթադրում եմ՝ ՌԴ-ի կողմից եղած քաղաքականությունում նկատել է ԱՄՆ-ի ազգային շահերին վնասող վտանգը և ժամկետները կրճատել է: Ռուսաստանի համար ԱՄՆ-ն շատ ավելի վատ բան է արել, քան այդ օրերի կրճատումը: Վենեսուելան պատժամիջոցների տակ էր, ասում են՝ երեկ Վենեսուելայից նավթի արդյունահանման արգելքները վերացրել են և ամերիկյան ընկերություններն իրավունք են ստացել նավթ արդյունահանել, սա իրական աղետ է Ռուսաստանի համար: Պարզ է, որ ՌԴ-ն ուրիշ ոչինչ չունի, քան գազի, նավթի միջոցով պատերազմի գնացքը սնուցելը»:
Մեր այն հարցին, թե իր պահանջի չկատարման պարագայում արդյոք ԱՄՆ-ն կդիմի պատժամիջոցների՝ Շիրինյանը նշեց. «Իհարկե, սպասելի է, որ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցներ կլինեն, սակայն պատժամիջոցները հակառակորդին ոչնչացնելու նպատակ չունեն, սովորաբար պատժամիջոցներով կարգավորում են դիմացինի հետ հարաբերությունները: Ռուսաստանը վերածվել է Չինաստանի բացարձակ վասալի: Պուտինը սկսել է պատերազմ՝ սխալ հաշվարկի վրա, Ռուսաստանի ողբերգությունն ու ոչնչացման կուրսը սկսվել է մեր 44-օրյա պատերազմից, հետո Պուտինը նույն հաջողությունը, ինչն Ալիևի համար ապահովեց, ուզեց ունենալ Ուկրաինայում և ընկավ անդունդը, հիմա թե ինչպես են դուրս գալու՝ հասկանալի չէ: Քանի որ անընդհատ թուլանում են, անընդհատ խնդրի առաջ են՝ Չինաստանն էլ կառավարում է և ենթարկում է իրեն: ՌԴ-ին կսեղմեն պատին այնքան, որ նա շնչահեղձ լինի, բայց չեն թողնի մահանա»:
Շիրինյանի խոսքով՝ Պուտինն այլ տարբերակ չունի, քան պատերազմը շարունակել. «Նա իր ամբողջ ռեսուրսը քայքայված վիճակով տրամադրել է պատերազմին, նա հարբեցող ընտանիքի այն հորն է նման, որ տնտեսած գումարը գնացել մսխել է խմելու վրա և ինչ-որ կերպ ընտանիքի հարցերը պետք է կարգավորի և չի ուզում սթափանալ, որովհետև «օյաղ» վիճակում վատ կզգա իրեն: Նրանք պետք է փորձեն Արևմուտքից շանտաժի միջոցով զիջումներ պոկել, շանտաժն էլ միջուկային զենքն է, բայց ես չեմ հավատում միջուկային պատերազմին, դա չի լինելու: Արևմուտքում մարդիկ տեսնում են, թե նա ինչքան վտանգավոր մարդ է, որովհետև անընդհատ խաբում է, պայմանավորվում ու չի անում: Պուտինն իր հասուն գիտակցական կյանքն անցկացրել է Գերմանիայում և ակնհայտորեն կրթվել ու դաստիարակվել է Հիտլերից: Թրամփի կերպարն էլ դասական քաղաքական գործչի կերպար չէ, բայց նա այնքան վտանգավոր չի, ինչքան Պուտինը, որովհետև ամերիկյան համակարգը դասական, պետական մշակված համակարգ է, Պուտինինը ֆաշիստական ռեժիմն է»:
Անդրադառնալով նաև Սատմբուլում կողմերի միջև անցկացվող բանակցություններին՝ Լևոն Շիրինյանն ընդգծեց. «Անպտուղ հանդիպումներ են, ուկրաինացիները չհանդիպելու տարբերակ չունեն, որովհետև գերիներ ունեն, Ուկրաինան նորմալ պետություն է, չի կարող թողնել իր գերիներին, սակայն անցկացվող բանակցությունները բացի գերիների փոխանակումից ուրիշ ոչինչ չեն տալիս: Եթե Եվրոպան ու Արևմուտքը եզրակացություններ չանեն, Ուկրաինային շատ ավելի չպաշտպանեն, այդ սպառանիքը Եվրոպայի համար դառնալու է ռեալ, ինչպես ստալինյան Ռուսաստանն էր»:
Ավելի քան 3 տարի շարունակվող պատերազմում Ռուսաստանն իր դրած խնդիրներից բացառապես ոչ մի հարց չի լուծել՝ նշեց Շիրինյանն ու հավելեց. «ՌԴ-ն Ուկրաինայի բանակին չի ջախջախել, իսկ նրա բանակի հետ կատակ անել չի կարելի: Ճիշտ է, Ուկրաինան կորուստներ շատ է ունեցել, բայց Եվրոպայի ամենաուժեղ բանակն է ստեղծել, ռուսական բանակից էլ ուժեղ, ուղղակի ռուսականը շատ ծավալուն է: Աշխարհի համակարանքն Ուկրաինայի կողմն է, տեսնում ենք, որ Ուկրաինան անպարտելի է և անզիջում կռվում է: Եթե խոստացած զենքերը տան և ուկրաինական բանակին թույլ տան հեռահար հրետանի օգտագործել, ապա նա ավելին է անելու և նույն օրը Ռուսաստանը ծնկի է գալու»:
Իսկ թե այս պատերազմի շարունակությունն ինչպես կազդի նաև մեր տարածաշրջանի վրա՝ Շիրինյանը նկատեց. «ՌԴ-ն երեք անգամ մեր պոտենցիալը ոչնչացրել է: Պատերազմն ինչքան շարունակվի, այնքան ապահով կապրենք և պետություն կստեղծնեք, մինչև Ռուսաստանը ռազմի դաշտից վերադառնալու փորձ անի, բայց նա չի վերադառնա: Արևմուտքն այնքան է Ուկրաինային օգնելու, մինչև Ռուսաստանը լրիվ արնաքամ լինի, հետո նրա հետ կվարվեն այնպես, ինչպես կուզեն: Ուկրաինացիները կռվելու են մինչև վերջ, Ուկրաինային հաղթել հնարավոր չէ»:
Աղբյուրը՝zarkerak.am https://zarkerak.am/show/134049
