2018 թվականին, երբ Ստեփանակերտում մի քանի տասնյակ երիտասարդներ փակեցին Ազատամարտիկների պողոտան եւ փոփոխությունների պահանջ ներկայացրին, Նիկոլ Փաշինայնը հայտարարեց, որ «հեղափոխությունը չպետք է Արցախ հասնի»:
Վահրամ Աթանեսյան
Անկախության Հռչակագրի 35-ամյակի կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձի առթիվ նրա հասցեին քննադատության եւ անգամ պարսավանքի պակաս չկա: Տարածված տեսակետ կա, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները 2019 թվականին ներկայացրել են ԼՂ կարգավորման առաջարկություն, որով Ադրբեջանին էր վերադարձվում հինգ շրջան, նախկին ԼՂԻՄ‑ի եւ Քելբաջարի ու Լաչինի շրջաններն ընդգրկող տարածքը մնում էր հայկական հսկողության ներքո, տեղաբաշխվում էին ռուսական խաղաղապահ ուժեր, իսկ կարգավիճակի հարցը՝ թողնվում հետագային: Այս առաջարկությունը մերժելուց առաջ նա ի՞նչ քննարկումներ է ունեցել Անվտանգության խորհրդում, Ազգային ժողովի քաղաքական ուժերի հետ, ունեցե՞լ է, թե՞ ՝ ոչ, պարզ չէ, բայց չափազանց կարեւոր է մի հանգամանք. 2019 թվականի օգոստոսի 5‑ին Փաշինյանն այցելել է Ստեփանակերտ, Վերածննդի հրապարակում բազմամարդ հանրահավաք է գումարվել, որի ընթացքում էլ նա հայտարարել է. «Արցախը Հայաստան է եւ վերջ»: Այդ պահին նա ՄԽ համանախագահների առաջարկությունն արդեն մերժե՞լ էր, Ստեփանակերտ էր այցելել, որպեսզի Արցախի իշխանություններին այդ մասին տեղյակ պահի՞, թե «Արցախը Հայաստան է եւ վերջ» հայտարարությունը հնչեցնելու գաղափարը ծնվել է ստեփանակերտյան քննարկումների՞ արդյունքում:
2018 թվականին, երբ Ստեփանակերտում մի քանի տասնյակ երիտասարդներ փակեցին Ազատամարտիկների պողոտան եւ փոփոխությունների պահանջ ներկայացրին, Նիկոլ Փաշինայնը հայտարարեց, որ «հեղափոխությունը չպետք է Արցախ հասնի»: Մեկ տարի հետո նա Ստեփանակերտում գործ ուներ մի իշխանության հետ, որ Հայաստանի նախկինի ձեւավորածն էր: Ահա այդ՝ Բակո Սահակյանի գլխավորած, իշխանությունը ՄԽ համանախագահների առաջարկությունը նույնպե՞ս մերժել է, եթե՝ ոչ, ապա այդ մասին ինչու՞ որեւէ նույնիսկ ենթատեքստային հայտարարություն չի արել: Իսկ եթե Նիկոլ Փաշինյանի հետ համախոհությամբ ընդունել է պատերազմի մարտահրավերը, ապա ինչո՞վ բացատրել մի քանի ամիս հետո նախագահական ընտրությունների «բարձիթողությունը»: Ստեփանակերտը Նիկոլ Փաշինյանի որոշումից անգե՞տ էր: Ի վերջո, «զոհասեղանին էր դրվում» Արցախը, իսկ իրենք նրա ժողովրդի ընտրյալն էին:
