Հանրային լայն շրջանակների համար, ըստ այդմ, նախագահի պաշտոնի իրական երկու թեկնածու կար՝ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, եւ նա, ում աջակցություն կհայտնի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը: Մասնավոր շրջանակներում այդ փուլում խոսակցություններ տարածվեցին, որ Սամվել Բաբայանի հետ «Մոսկվայից կապ են հաստատել եւ առաջարկել, որ նա սատարի գեներալ Վիտալի Բալասանյանին»;
Վահրամ Աթանեսյան
(մաս 61-րդ)
Արցախի ներքաղաքական ճգնաժամի վտանգավորությունը բացահայտվեց 2019-ի տարեվերջին: Բակո Սահակյանի պաշտոնավարման ավարտին մնում էր ընդամենը հինգ ամիս, բայց նա այդպես էլ իրավահաջորդի հարցում որեւէ որոշում չկայացրեց: Ինչո՞վ էր պայմանավորված քաղաքական ավանդույթի խախտումը: Նրա մերձավոր շրջապատից արտահոսք եղավ, որ Բակո Սահակյանը թույլ է տվել այսպիսի արտահայտություն. «Մեր տունը սատանա է մտել»: Ու՞մ է նա նկատի ունեցել կամ՝ քաղաքական ի՞նչ ուժի կամ խմբավորման՝ կարելի է միայն ենթադրություն անել: Միաժամանակ առ այսօր որեւէ բացատրություն չի տրվել իրողությանը, թե իշխանությունը, ուժային կառույցները եւ անձամբ Բակո Սահակյանն ինչու՞ նախագահի պաշտոնում իրավահաջորդի հարցի շուրջ այդպես էլ ընդհանուր եզրակացության չեն եկել:
Խնդիրն ավելի խորքային է, եւ հարցն այն է, թե Բակո Սահակյանը «նեղ շրջապատին»՝ բանակի, ոստիկանության եւ ԱԱԾ գեներալիտետին որեւէ թեկնածություն ներկայացրել, բայց համաձայնության հասնել չի՞ կարողացել, թե՞ Արցախի համար ճակատագրական այդ պահին ամեն ինչ թողնվել է հանգամանքների քմահաճույքի՞ն: Մի հարցում որոշակի պարզություն կա. դեմ լինելով քաղաքականություն Սամվել Բաբայանի վերադարձին, Բակո Սահակյանը դեմ էր նաեւ, որ նա նախագահի ընտրության հարցում դերակատարություն ունենա: Բայց ընտրություններին Բաբայանի մասնակցությունը կանխել հնարավոր չէր. նախագահի եւ Ազգային ժողովի ընտրությունները նշանակված էին նույն օրը, իսկ Բաբայանը հասցրել էր օրենքով սահմանված կարգով գրանցել «Միասնական հայրենիք» կուսակցությունը, որ քաղաքական դաշտի առաջատարներից էր՝ իր շարքերում ունենալով նաեւ հանրային հեղինակություն վայելող նախկին զինվորականների, գիտական, մանկավարժական եւ ստեղծագործական մտավորականության ներկայացուցիչների:
Հանրային լայն շրջանակների համար, ըստ այդմ, նախագահի պաշտոնի իրական երկու թեկնածու կար՝ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, եւ նա, ում աջակցություն կհայտնի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը: Մասնավոր շրջանակներում այդ փուլում խոսակցություններ տարածվեցին, որ Սամվել Բաբայանի հետ «Մոսկվայից կապ են հաստատել եւ առաջարկել, որ նա սատարի գեներալ Վիտալի Բալասանյանին»: Բաբայանն այս տեղեկությունը ոչ հերքել է, ոչ՝ հաստատել: Փաստն այն է, որ նա նախագահի թեկնածուների գրանցումից հետո իր գլխավորած «Միասնական հայրենիք» կուսակցության անունից հայտարարեց, որ մրցապայքարում աջակցելու է Մասիս Մայիլյանին: Վերջինս նախագահի թեկնածու էր առաջադրվել՝ զբաղեցնելով արտաքին գործերի նախարարի պաշտոնը:
Նախագահի ընտրությունների քարոզարշավի մեկնարկի նախօրեին մամուլում տեղեկություն տարածվեց, որ Ռուսաստանի պատկան մարմինները Սամվել Բաբայանին եւ Մասիս Մայիլյանին ճանաչել են «անցանկալի անձ» եւ նրանց մուտքն Ռուսաստան հինգ տարով արգելվել է: Ըստ երեւույթին, այդ տեղեկությունը համապատասխանում էր իրականությանը: Որոշումն, ինչպես իրազեկ աղբյուրներն էին ասում, կայացվել էր ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության պահանջով:
(Շարունակելի)
