Հայաստանի ներկայիս քաղաքական ընդդիմության մի զգալի հատված պարզապես չունի ոչ ռազմավարություն, ոչ տեսլական, ոչ պատասխանատվության զգացում։ Նրանք ունեն միայն մեկ բան՝ իշխանության վերադարձի մոլուցք։
Մկրտիչ Իսրայելյան
Հայաստանում ընդդիմադիր կոչվող որոշ ուժերի վերջին քաղաքական դիրքորոշումները բացահայտում են մի շատ պարզ, բայց վտանգավոր ճշմարտություն՝ խոսքն ու գործողությունը երբեք չեն համընկել նրանց օրակարգում։ Երբ այս ուժերը բարձրաձայն պաշտպանում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ ռուսական միջնորդությամբ պարտադրված փաստաթուղթը, բայց միևնույն ժամանակ մոլեգին կերպով մերժում են Վաշինգտոնյան գործընթացը, նրանք ոչ թե պետության շահերն են ներկայացնում, այլ սեփական գոյության վերջին փշրանքները փորձում են փրկել քաղաքական աղմուկի հաշվին։
Նոյեմբերի 9-ը ոչ թե հաղթանակ էր, այլ պարտության արձանագրում։ Այն փաստաթուղթ էր, որը գրվել է մեր պարտության օրը, որի բովանդակությունը կոպտորեն սահմանափակում է Հայաստանի ինքնիշխանությունը ու ԼՂ հայության քաղաքական ճակատագիրը։ Այդ փաստաթուղթը մենք ստորագրեցինք՝ չունենալով այլընտրանք, բայց այն համարել հիմք տարածաշրջանային անվտանգության կամ խաղաղության համար՝ պարզապես կեղծ օրակարգ է։
Իսկ հիմա ընդդիմությունը եկել է մի եզրակացության, որ հենց այդ փաստաթուղթն է «փրկել մեզ»։ Սակայն նույն ընդդիմությունը մերժում է վաշինգտոնյան գործընթացը, որտեղ բանակցություններն ընթանում են բաց, բազմակողմ ձևաչափով, արևմտյան հովանու ներքո՝ առանց թաքուն պայմանավորվածությունների և գաղտնի հավելվածների։ Ինչու՞։ Որովհետև այդ գործընթացը դուրս է բերում Հայաստանը բացառապես ռուսական գոտուց՝ սպառնալով այն համակարգին, որի վրա տարիներ շարունակ կառուցվել է ընդդիմության քաղաքական գոյությունը։
Այսպիսով, ընդդիմությունը իրականում չի պաշտպանում պետական շահը, այլ փորձում է փրկել սեփական քաղաքական նիշը՝ կեղծ հայրենասիրական լոզունգների տակ։ Նրանց խնդիրը ոչ թե Արցախի հայության անվտանգությունն է, ոչ թե խաղաղության երկարաժամկետ տեսլականը, այլ պարզապեսիշխանափոխության հնարավորության վրա խաղալը, թեկուզ և այդ ճանապարհին խարխլեն երկրի միջազգային դիրքերը։
Հայ ժողովուրդը արժանի է ճշմարտության։ Իսկ ճշմարտությունն այն է, որ Հայաստանի ներկայիսքաղաքական ընդդիմության մի զգալի հատված պարզապես չունի ոչ ռազմավարություն, ոչ տեսլական, ոչ պատասխանատվության զգացում։ Նրանք ունեն միայն մեկ բան՝ իշխանության վերադարձի մոլուցք։ Այդ մոլուցքը նրանց ստիպում է պաշտպանել նույնիսկ ժամանակին հենց իրենց կողմից քննադատված փաստաթղթերը, բայց մերժել նոր ու այլընտրանքային մոտեցումները՝ թեկուզ դրանք կարող են Հայաստանին հանել շրջափակումից, կամ նպաստել սահմանի ճանաչման և խաղաղության հաստատման գործին։
Վաշինգտոնյան համաձայնագիրը «կապիտուլյացիա» անվանողները նոյեմբերի 9-ը համարում են «փրկություն»։ Ընդ որում ժամանակին այդ նույն ուժերն ու գործիչները հենց նոյեմբերի 9-ի փաստաթուղթն էին համարում դավաճանություն։ Իրականում դավաճանությունն այն է, երբ դու պատրաստ ես հարմար դիրքավորվել ցանկացած պարտության մեջ, եթե այն սպասարկում է քո քաղաքական շահը։
Մկրտիչ Իսրայելյան
