Արցախ

«Արցախի ԿԳԲ-ացումը»

Մինչ այդ քաղաքական իրազեկ շրջանակներից տեղեկություն էր տարածվել, որ «նախկինները խոչընդոտել են «Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինքի եւ «Միասնական հայրենիք» կուսակցության միջեւ «կոալիցիոն հուշագրի ստորագրումը» եւ այդպիսով Սամվել Բաբայանին զրկել կառավարության կազմում իր թիմակիցներն ունենալու հնարավորությունից: Բաբայանի քաղաքական վերադարձի դեմ հատկապես խիստ բացասական էր տրամադրված Արկադի Ղուկասյանը: 

Վահրամ Աթանեսյան

Մաս 69-րդ

2020 թվականի աշնանային նստաշրջանն Արցախի Ազգային ժողովն սկսեց Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանին «մրցագորգ հրավիրելով»: Առիթը նրա հայտարարությունն էր, որ նախագահ Արայիկ Հարությունյանից «լրացուցիչ լիազորություններ է ստացել»: Ազգային ժողովի նախկին նախագահ Աշոտ Ղուլյանի ԱԺԿ կուսակցությանը, որ խորհրդարանում ընդամենը երկու մանդատ էր ստացել, «մտահոգել էր», որ ԱԽ քարտուղարը «սահմանադրությամբ չնախատեսված լիազորություններ է ստանում»: 

Իրավական առումով դա արդարացված էր. Արցախի սահմանադրությամբ Անվտանգության խորհուրդը նախագահին կից խորհրդատվական մարմին է, իսկ կառույցի քարտուղարին պետական կառավարմանը մասնակցելու ոչ մի լիազորություն տրված չէ: Բաբայանի գլխավորած «Միասնական հայրենիք» կուսակցությունը խորհրդարանում ձեւավորել էր թվաքանակով երկրորդ խմբակցությունը, եւ քաղաքական տրամաբանությունից ելնելով՝ պետք է այդ համամասնությամբ ներկայացված լիներ պետական կառավարման գործադիր համակարգում: Բաբայանի դեմ ԱԺԿ եւ այդ հարցում նրան հարող ՀՅԴ եւ «Արդարություն» խմբակցությունների դեմարշը բացահայտեց, որ Արայիկ Հարությունյանի եւ նրա համագործակցությունը ձեռնտու չէ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին եւ Բակո Սահակյանին: Մինչ այդ քաղաքական իրազեկ շրջանակներից տեղեկություն էր տարածվել, որ «նախկինները խոչընդոտել են «Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինքի եւ «Միասնական հայրենիք» կուսակցության միջեւ «կոալիցիոն հուշագրի ստորագրումը» եւ այդպիսով Սամվել Բաբայանին զրկել կառավարության կազմում իր թիմակիցներն ունենալու հնարավորությունից: Բաբայանի քաղաքական վերադարձի դեմ հատկապես խիստ բացասական էր տրամադրված Արկադի Ղուկասյանը: 

Ըստ տարածված տեղեկությունների, ՊԲ նախկին հրամանատարի նկատմամբ անհանդուրժողական էր դրսեւորել նաեւ Պաշտպանության բանակի հրամանատարությունը: Ներքաղաքական այս «ստվերային պայքարն» ավելի սրվեց, երբ հայտնի դարձավ, որ Անվտանգության խորհրդի քարտուղարը, ի տարբերություն նախորդների, ստանում է առանձնացված նստավայր եւ մի քանի տասնյակ հոգուց կազմված աշխատակազմ՝ իր վարչություններով եւ բաժիններով, որտեղ, բնականաբար, պաշտոնի էին նշանակվում Սամվել Բաբայանի կուսակիցները, համախոհները, այդ թվում՝ պաշտոնաթող զինվորականներ: 

(Շարունակելի)

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *