Հանրության վրա չափազանց ծանր էր հոկտեմբերի 9-ին Արցախի նախագահի ֆեյսբուքյան էջում հրապարակված լուսանկարը, որից պարզ հասկացվում էր, որ Հադրութ քաղաքն արդեն թշնամու վերահսկողության տակ է, իսկ պաշտպանական գիծը կազմալուծված է:
Վահրամ Աթանեսյան
Մաս 72-րդ
Քառասունչորսօրյա պատերազմի աղետալի բեկումը, կարելի է վստահաբար ասել, տեղի է ունեցել հոկտեմբերի 6-7-ին: Այդ օրերին Ստեփանակերտում ստացվում էին հակասական լուրեր: Անձնական հեռախոսազրույցների միջոցով մարդիկ տեղյակ էին, որ Հադրութում իրավիճակը ծայրահեղ ծանր է, մինչդեռ զինվորականությանը մոտ կանգնած շրջանակներից լուրեր էին տարածվում, որ «մերոնք» վերագրավել են Ջաբրայիլը»: Հոկտեմբերի 7-ին հայտնի դարձավ, որ Հադրութի շրջանի ողջ խաղաղ բնակչությունը տարհանվում է: Ընդ որում, մարդիկ հեռանում էին անմիջապես Հայաստան՝ շրջանցելով Ստեփանակերտը: Դա խորհրդանշական էր այն իմաստով, որ «հեռանալն անդարձ է» կամ «նույն ճակատագիրը բոլորին է սպասում»:
Ի՞նչ է իրականում տեղի ունեցել այդ օրերին՝ հայտնի չէ: Կա ընկալում, որ Հադրութի անկման պատճառը Լելեթեփեի «անհաջող կազմակերպված ռազմագործողությունն է», որի ձախողումից հետո ռազմաճակատի հարավային թեւը փաստացի փլուզվել է: Առայսօր շրջանառվում են տարատեսակ պատմություններ, որոնցից մեկը հոյտեմբերի 7-ին Հադրութ քաղաքի մատույցներում «ռուսական համարանիշներով «Կամազ» մեքենաների շարասյան հայտնվելու» մասին է: Որոշ ականատեսներ վկայում են, որ այդ մեքենաները շրջանցելով Պաշտպանության բանակի դիրքերը «ադրբեջանական հատուկ նշանակության զորախումբը հասցրել են Հադրութ»:
Այլ տեղեկություններով, ուղղության «հրամանատարներից մեկն արգելել է հրետանային եւ ականանետային կրակ բացել այդ շարասյան ուղղությամբ՝ հիմնավորելով, որ ռուսներն օգնության են գալիս»: Այդ եւ նման բազմաթիվ վկայությունների իսկությունը դժվար է հաստատել կամ ամբողջովին հերքել: Դրանց առկայությունը, համենայն դեպս, հուշում է, որ Հադրութի պաշտպանություն, որպես այդպիսի, չի կազմակերպվել:
Հանրության վրա չափազանց ծանր էր հոկտեմբերի 9-ին Արցախի նախագահի ֆեյսբուքյան էջում հրապարակված լուսանկարը, որից պարզ հասկացվում էր, որ Հադրութ քաղաքն արդեն թշնամու վերահսկողության տակ է, իսկ պաշտպանական գիծը կազմալուծված է: Այդ լուսանկարում Արայիկ Հարությունյանը պատկերված է զինվորական հագուստով, զրահաբաճկոն-սաղավարտով, զենքը ձեռքին: Նրա կողքին իր գլխավոր խորհրդական Ռուդիկ Հյուսնունցն է, իսկ շուրջը՝ նախագահի անվտանգության ծառայության աշխատակիցներ: Ոչ մի գործող զինվորական Արցախի նախագահի կողքին չէ: Պարզ էր, թե ինչ է ակնարկում Արայիկ Հարությունյանը:
Արտառոցը, սակայն, այն է, որ նույնիսկ այդ ճակատագրական փուլում նա չգործադրեց սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունները: Բավական է ասել, որ պատերազմի մեջ գտնվող երկրի մայրաքաղաքում պարետային ժամ չհայտարարվեց, ոչ մի օր չդադարեցվեց դեպի Հայաստան տեղաշարժը: Ինչո՞վ էր պայմանավորված այդ՝ իրավիճակին բացարձակապես անհարիր ազատամտությունը՝ պատերազմի ամենալուրջ հարցականներից մեկն է:
(Շարունակելի)
