Արամ Մանուկյանը հանդիպեց Խալիլի հետ, որովհետև Արամը ինչ որ խմբակի ներկայացուցիչ չէր ուղղակի։ Նա հանրապետություն էր հիմնադրել, նա այդ հանրապետության ներքին գործերի մինիստրն էր, նա պետություն էր ներկայացնում ու իրեն պահեց պետություն ունեցող լուրջ մարդու նման։ Արամը հասկանում էր, որ հայհոյանքով ու գոռգոռոցով հարց չես լուծի։ Արամը, ով պայքարել էր թուրքերի հետ, գիտեր, որ պահ կա, երբ պետք է կռվել, պահ կա, երբ պետք է խոսել։
Մեր Ուղին
Մաս երկրորդ
Մերօրյա Հայաստանում ամեն քայլափոխի կարելի է հանդիպել «դավաճան» վանկարկման՝ ընդ որում հաճախ չարդարացված ու մանիպուլյատիվ դավաճանության։ Պարզ օրինակ է այն, որ ՀՀ պետական որևէ գործիչ հանդիպում է թուրքերի կամ ադրբեջանցիների հետ ու նրանց ձեռքսեղմման կամ ժպիտի տեսարանն արագորեն տարածվում է, որտեղ նրանց քաղաքական հակառակորդները մեղադրում են դավաճանության մեջ։ Ընդ որում նման նկարներ կան ՀՀ բոլոր չորս առաջնորդների պարագայում։ Բնական է, որ Հանրապետության ղեկավարը հանդիպման ժամանակ չի կարող խախտել էթիկայի կանոնները և չսեղմել իր դիմացինի ձեռքը։ Ու եթե ժպտում էլ է, ապա դա դավաճանություն անվանելը զառանցանք է։ Թե այդ տրամաբանությամբ առաջնորդվենք, ապա Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը անուղղելի դավաճաններ են, որովհետև նրանք բոլորն էլ հանդիպել են թուրքերի ու ադրբեջանցիների հետ, ձեռք են սեղմել, լուսանկարվել են, ժպտացել են և այլն։
2020թ․ հետո դավաճանության նման «ապացույցները» հսկայական քանակությամբ են տարածվում։ Առավել թարմ դեպքեր են Նիկոլ Փաշինյանի և Էրդողանի կամ Ալիևի հետ զրույցը, սուրճի սեղանի շուրջ ժպիտով նկարները և այլն։ Զարմանալին այն չէ, որ քաղաքականորեն անտեղյակ մարդիկ կամ պատերազմից զոհեր ունեցածները կարող են հուզմունքի ֆոնին չզսպել իրենց, այլ զարմանալին այն է, որ նման կերպ է իրեն պահում օրինակ ՀՅԴ-ն, որը թուրքերի հետ շփման ամենամեծ փորձն ունի հայ իրականության մեջ։
Փորձենք Հայոց ու Դաշնակցության պատմությունից առանձնացնել մի փոքր դրվագ և այն նայենք այսօրվա հայացքով՝ նաև պատասխանելով «դավաճանության» հարցին։
Օրինակ դաշնակցականները(քանզի այսօր նրանց մոտ է շատ հանդիպում նման մեղադրական կեցվածքը), հուսանք չեն մոռացել, որ ՀՅԴ հպարտություն համարվող Արամ Մանուկյանը երկու անգամ հանդիպել է երիտթուրքական «Միություն և առաջադիմություն» կուսակցության ներկայացուցիչ, հայկական ջարդերի կազմակերպիչ Խալիլ բեյի(Հալիլ Մենթեշե) հետ։ Նրանք հանդիպել են այստեղ՝ Երևանում 1918թ․ օգոստոսի 31-ին։ Խալիլը նաև հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գևորգ 5-րդ հետ։ Արամ Մանուկյանը ու Խալիլը ճաշել են իրար հետ։ Խալիլը ճաշել է նաև կաթողիկոսի հետ։ Հանդիպման ավարտին Արամ Մանուկյանը վստահեցրել է, որ հայերը թիկունքից չեն հարվածում ու նույնիսկ թիկնապահներ է տվել, որ Խալիլը հանգիստ կարողանա հեռանալ։ Պատկերացնո՞ւմ եք, եթե Էրդողանը գա Հայաստան ու լուսանկարներ տարածվի, թե ինչպես են Փաշինյանն ու Էրդողանը զրուցում ու ժպտում, ճաշում ու Փաշինյանն էլ իր թիկնապահներից մի քանիսին հրամայի ուղեկցել Էրդողանին մինչև Մարգարայի կամուրջ։ Բնականաբար ասելու են, որ Փաշինյանը թուրք է, դավաճան է և այլն։
Ինչ որ մեկը կարո՞ղ է Արամ Մանուկյանին, Արշավիր Շահխաթունուն, Գևորգ 5-րդ կաթողիկոսին դավաճան, ծախու շուն համարել ու ասել, որ Արամ Մանուկյանը Խալիլին բերել էր Երևան, որ հայության մնացած հատվածին էլ կոտորել տա կամ ծախի Հայաստանը։ Դա ոչ միայն անհեթեթ է հնչում, այլ խիստ անտրամաբանական։ Ով-ով, բայց դաշնակցականները շատ լավ պիտի իմանան, որ Արամ Մանուկյանը ոչ միայն Հայաստանի Հանրապետության հիմնադիրներից էր, այլև նույն թուրքերի դեմ կռվել էր Վանում՝ ղեկավարելով Վանի 1915թ․ հերոսական ինքնապաշտպանությունը, այնուհետև դառնալով Վանի նահանգապետը։ Կամ Գևորգ 5-ը, ով պատրաստվում էր սուր վերցնել ու թուրքերին, դավաճա՞ն էր, որ պաշտոնական ճաշի նստեց այն նույն Խալիլի հետ, ում դեմ կենաց ու մահու պայքար մղեցին ընդամենը երկու ամիս առաջ ու պայքարն այդպես էլ չդադարեց։
Սա Փաշինյանին կամ Քոչարյանին արդարացնել-մեղադրելու նպատակ չունի, այլ իրականության աչքերին նայելու համարձակության կոչ։ Արամ Մանուկյանը հանդիպեց Խալիլի հետ, որովհետև Արամը ինչ որ խմբակի ներկայացուցիչ չէր ուղղակի։ Նա հանրապետություն էր հիմնադրել, նա այդ հանրապետության ներքին գործերի մինիստրն էր, նա պետություն էր ներկայացնում ու իրեն պահեց պետություն ունեցող լուրջ մարդու նման։ Արամը հասկանում էր, որ հայհոյանքով ու գոռգոռոցով հարց չես լուծի։ Արամը, ով պայքարել էր թուրքերի հետ, գիտեր, որ պահ կա, երբ պետք է կռվել, պահ կա, երբ պետք է խոսել։ Արամը և մյուսները գիտեին իրենց բաժին պատասխանատվության լրջությունը։ Գիտեին, որ իրենք են պատասխանատու ողջ մնացած հայության բեկորների համար ու չէին կարող իրենց անձնական հուզմունքին թույլ տալ ապտակել կամ ծեծել Խալիլին։ Արամ Մանուկյանն ինքը մեծ խանդավառություն չէր զգում Խալիլի ձեռքը սեղմելուց, ոչ էլ կաթողիկոսն էր հանդիպելու ցանկությունից այրվում։ Բայց նրանք դա արեցին որպես առաջնորդներ, որպես պատասխանատուներ, որպես մարդիկ, ովքեր ղեկավարում են մի ողջ ազգի ու պետության։Որովհետև այդ երկիրն ու պետությունն ապրել էին ուզում։ Նրանք կյանք էին խնդրում ու ապագա ու Արամը, որպես այդ բոլորի պատասխանատու ու ղեկավար, չէր կարող պարզապես մանկամտորեն արկածախնդիր լինել ու նոր փորձանքի առաջ կանգնեցներ բոլորին։ Սա է այն ժամանակվա ու այսօրվա տարբերությունը։
Ասենք թե Արամ Մանուկյանը հրամայեր Խալիլ բեյին ծեծել ու քառատել Երևանում։ Հետո ի՞նչ էր լինելու։ Ո՞վ էր դեմ կանգնելու թուրքական հրոսակներին քայքայված ու սովահար, համաճարակից մեռնող երկրում։ Ինչքան էլ, որ թուրքերն արդեն պատրաստվում էին նահանջել, ո՞վ էր խանգարելու, եթե կատաղած մի հրոսակախումբ ներխուժեր երկիր ու ավերեր գյուղերն ու նոր կոտորած սկսել։ Ո՞վ էր դրա պատասխանը տալու։ Մի՞թե ինչ որ մարդ կա, որ կարծում է, թե ամեն պահ կարելի է վեր կենալ ու Սարդապապատ անել։ Ո՞վ էր վստահելու հայերի հետ խոսել, եթե կաթողիկոսը հրամայեր Խալիլին վնասել։ Նման տղայամտությունը կարող էր շատ ծանր ազդել հայ ժողովրդի ու հայոց պետության վրա։
Արդ, երբ դաշնակցականները այսօր զուտ անձնական հակակրանքից ու քաղաքական վրիժառության ցավից Փաշինյանին կամ ցանկացած մեկի հայհոյում են ժպիտի, գրքի կամ մեղմ խոսույթի համար, թող հիշեն, որ հենց իրենց կուսակցության հիրավի մեծ առաջնորդներից մեկն է առավել խելագար մարդասպանների հետ ճաշի նստել ու ձեռք սեղմել, դեռ անվտանգությունն էլ ապահովել ու դրանով ոչ միայն նոր աղետից ազատելով, այլև ցորեն ու փամփուշտ ստանալով հենց նույն թշնամուց։
Որովհետև Արամը գիտեր, թե պետությունն ինչ է, պատասխանատվությունն ինչ է։ Արամը դաշնակցական էր, հայ էր ու պետության պաշտոնյա։ Արամն այն լրջությունն ու կամքն էր, որ այսօր պակասում է բոլորիս։ Հատկապես ՀՅԴ-ին։
Աղբյուրը՝
Պոսթոնի ՀՅԴ Հայրենիք պարբերականից։
