Հայաստան

Ռուսական Երանգները Հայաստանում

Այս երեք անուններն ունեն մեկ ընդհանրություն՝ բոլորն էլ նախընտրել են իշխանությունը կամ կապիտալը օգտագործել ոչ թե հանրության համար, այլ ինքնավերարտադրման և համակարգային վերահսկողության պահպանման նպատակով։

Մկրտիչ Իսրայելյան

Տարբերություններ փնտրել Սերժի, Ռոբերտի ու «Տաշիր Սամոյի» միջև՝ նշանակում է համեմատել նույն խաբկանքի տարբեր երանգները.

Հայաստանյան իրականությունում հաճախ են մարդիկ տպավորվում քաղաքական և գործարար անձանց  արտաքին քայլերով՝ մոռանալով, որ իրականության խորքում դրանք հաճախ ներկայացնում են միևնույն շահերը։

Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը և «Տաշիր Սամոն»՝ Սամվել Կարապետյան անունով հայտնի օլիգարխը, միմյանցից ո՛չ մտածելակերպով, ո՛չ արժեքային համակարգով, ո՛չ էլ գործելաոճով էապես չեն տարբերվում։ Նրանք բոլորը միևնույն համակարգի պտուղներն են, որոնք ձևավորվել են կոռումպացված կապերով և իշխանություն-գործարար խաչաձև հետաքրքրությունների դաշտում։ 

Քոչարյանն ու Սարգսյանը՝ ղարաբաղյան շարժման ալիքով եկան իշխանության և արագորեն վերածվեցին նոմենկլատուրային գործիչների, ովքեր իշխանությունը ծառայեցրին ոչ թե հանրային շահի, այլ նեղ խմբային վերահսկողության համար։ Նրանց օրոք ձևավորվեց այն համակարգը, որտեղ խոշոր կապիտալը կուտակվում էր մի քանի ընտանիքների ձեռքում, բիզնեսն առանց քաղաքական հովանավորչության գոյատևել չէր կարող, իսկ պետական ռեսուրսները վերածվում էին անձնական սեփականության։ 

«Տաշիր Սամոն» այս նույն մոդելի՝ ռուսաստանյան տարբերակի «հաջողած» օրինակն է։ Տարիներ շարունակ կուտակված կապիտալը, որի ծագման օրինականության մասին հստակ ու թափանցիկ տվյալներ երբեք չեն ներկայացվել, այժմ ներմուծվում է Հայաստան իբրև «ներդրում»։ Սակայն այդ ներդրումները իրականում գալիս են ոչ թե հանրային բարիքի, այլ նորից հին համակարգի վերարտադրման համար։ 

Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին Հայաստանի տնտեսությունն ու քաղաքականությունը միաձուլվեցին։ Այդ միաձուլումը դարձավ պետականության թուլացման հիմնական գործոնը՝ թույլ տալով մի քանի խոշոր ընտանիքների և շրջանակների վերածվել համակարգային օլիգարխիայի։ 

«Տաշիր Սամոն» այս տրամաբանության մեջ հանդես է գալիս ոչ թե որպես նոր, այլ որպես հին օլիգարխիայի տրամաբանական շարունակություն։ Նա գուցե չէր հանդիսանում իշխանական քաղաքական գործիչ, սակայն իր գործարար ազդեցությամբ ու իշխանության հետ ունեցած հարաբերություններով գործնականում նույն վերնախավին էր պատկանում։ 

Այս երեք անուններն ունեն մեկ ընդհանրություն՝ բոլորն էլ նախընտրել են իշխանությունը կամ կապիտալը օգտագործել ոչ թե հանրության համար, այլ ինքնավերարտադրման և համակարգային վերահսկողության պահպանման նպատակով։

Քոչարյանը, Սարգսյանը և Սամվել Կարապետյանը ձևավորում են միևնույն քաղաքական-տնտեսական փիլիսոփայության առանցքը՝ կենտրոնացված իշխանության պահպանություն, օլիգարխիկ մենաշնորհների ամրապնդում և քաղաքական ստատուս-քվոյի անշեղ պահպանում՝ նույնիսկ հասարակական ու ազգային շահերի հաշվին։

Քոչարյանի ու Սարգսյանի պարտված քաղաքական մոդելներն արդեն պատմություն են, սակայն այժմ Տաշիր Սամոյի պես գործարար ֆիգուրներն են փորձում նույն համակարգը վերականգնել։ Նրանք ձգտում են վերահսկել հասարակական կյանքի առանցքային ոլորտները՝ ներկայացնելով դա իբրև ներդրում կամ բարեգործություն։ 

Տարբերություններ փնտրել Սերժի, Ռոբերտի ու «Տաշիր Սամոյի» միջև՝ նշանակում է համեմատել նույն խաբկանքի տարբեր երանգները։ 

Մկրտիչ Իսրայելյան

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *