Արցախ

«Արցախի ԿԳԲ-ացումը»

Հատուկ ծառայության ղեկավարի պաշտոնում փոխատեղությունից ուղիղ տասը օր անց՝ դեկտեմբերի 12-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են Խծաբերդ եւ Հին թաղեր գյուղեր, որ զինադադարի մասին համաձայնագրով գտնվում էին Արցախի Պաշտպանության բանակի վերահսկողության տակ:

Վահրամ Աթանեսյան

Մաս 78-րդ

Արցախի ԱԱԾ տնօրենի պաշտոնից Կամո Աղաջանյանն ազատվել է Արայիկ Հարությունյանի 2020 թվականի դեկտեմբերի  2-ի հրամանագրով: Նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է Աշոտ Հակոբջանյանը: Մինչ այդ նա գլխավորում էր Արցախի ոստիկանությունը:

Ստեփանակերտում նույն օրերին հայտնվել է «Արթիկի քաղաքապետի տեղակալ» Բորիս Ավագյանը:  (Վերջերս նա Սանկտ-Պետերբուրգում «դատարանի դահլիճից փախուստի է դիմել եւ ՀՀ գլխավոր հյուպատոսության տարածքում նրան գտել են մահացած»):

Իրազեկ աղբյուրների ներկայացմամբ, Բորիս Ավագյանը «Շիրակի մարզից կամավորական խմբերի Արցախում տեղակայման պատասխանատուն էր»: Պաշտոնապես նա ներկացվել է որպես Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ:

Հատուկ ծառայության ղեկավարի պաշտոնում փոխատեղությունից ուղիղ տասը օր անց՝ դեկտեմբերի 12-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են Խծաբերդ եւ Հին թաղեր գյուղեր, որ զինադադարի մասին համաձայնագրով գտնվում էին Արցախի Պաշտպանության բանակի վերահսկողության տակ:

Նույն օրն ադրբեջանական կողմը տեսանյութ տարածեց, թե ինչպես են Խծաբերդի եւ Հին թաղերի դիրքապահ հայ զինվորականները ստորացուցիչ հանգամանքներում «գերի հանձնվում»: 

Ըստ հավաստի աղբյուրների, ադրբեջանական կողմը մի քանի տասնյակ հայ կամավորականների գերեվարել են ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալ Վոլկովի ներկայությամբ:

Խծաբերդի եւ Հին թաղերի բռնազավթումից, տասնյակ հայ կամավորականների գերեվարելու առթիվ դեկտեմբերի 12-ի երեկոյան ստեփանակերտցիներին ուղղված կոչով հանդես եկավ Արցախի ԱԺ նախորդ գումարման պատգամավոր, նախագահական ընտրություններում Արայիկ Հարությունյանի մրցակից Հայկ Խանումյանը:

Պատերազմի քառասունչորս օրերին Խանումյանը, որպես կամավորական ջոկատի հրամանատար, գտնվել է Խծաբերդի պաշտպանական բնագծերում: Նա ստեփանակերտցիներին կոչ է արել բողոքի ցույց կազմակերպել ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության նստավայրի մոտ եւ բացատրություն պահանջել, թե ինչու՞ է խախտվում զինադադարի համաձայնագրով հաստատված շփման գիծը: Խանումյանի կոչը, ցավոք, մնաց անարձագանք:

Չափազանց արտառոց է, որ Խծաբերդի եւ Հին թաղերի ադրբեջանական բռնազավթման, տասնյակ հայ կամավորականների առեւանգման առթիվ Ստեփանակերտը քաղաքական դիրքորոշում չարտահայտեց ոչ նախագահի, ոչ ԱԳՆ, ոչ նույնիսկ Ազգային ժողովի խմբակցությունների մակարդակով: 

(Շարունակելի)

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *