Հատուկ ծառայության ղեկավարի պաշտոնում փոխատեղությունից ուղիղ տասը օր անց՝ դեկտեմբերի 12-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են Խծաբերդ եւ Հին թաղեր գյուղեր, որ զինադադարի մասին համաձայնագրով գտնվում էին Արցախի Պաշտպանության բանակի վերահսկողության տակ:
Վահրամ Աթանեսյան
Մաս 78-րդ
Արցախի ԱԱԾ տնօրենի պաշտոնից Կամո Աղաջանյանն ազատվել է Արայիկ Հարությունյանի 2020 թվականի դեկտեմբերի 2-ի հրամանագրով: Նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է Աշոտ Հակոբջանյանը: Մինչ այդ նա գլխավորում էր Արցախի ոստիկանությունը:
Ստեփանակերտում նույն օրերին հայտնվել է «Արթիկի քաղաքապետի տեղակալ» Բորիս Ավագյանը: (Վերջերս նա Սանկտ-Պետերբուրգում «դատարանի դահլիճից փախուստի է դիմել եւ ՀՀ գլխավոր հյուպատոսության տարածքում նրան գտել են մահացած»):
Իրազեկ աղբյուրների ներկայացմամբ, Բորիս Ավագյանը «Շիրակի մարզից կամավորական խմբերի Արցախում տեղակայման պատասխանատուն էր»: Պաշտոնապես նա ներկացվել է որպես Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ:
Հատուկ ծառայության ղեկավարի պաշտոնում փոխատեղությունից ուղիղ տասը օր անց՝ դեկտեմբերի 12-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի զինված ուժերը ներխուժել են Խծաբերդ եւ Հին թաղեր գյուղեր, որ զինադադարի մասին համաձայնագրով գտնվում էին Արցախի Պաշտպանության բանակի վերահսկողության տակ:
Նույն օրն ադրբեջանական կողմը տեսանյութ տարածեց, թե ինչպես են Խծաբերդի եւ Հին թաղերի դիրքապահ հայ զինվորականները ստորացուցիչ հանգամանքներում «գերի հանձնվում»:
Ըստ հավաստի աղբյուրների, ադրբեջանական կողմը մի քանի տասնյակ հայ կամավորականների գերեվարել են ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալ Վոլկովի ներկայությամբ:
Խծաբերդի եւ Հին թաղերի բռնազավթումից, տասնյակ հայ կամավորականների գերեվարելու առթիվ դեկտեմբերի 12-ի երեկոյան ստեփանակերտցիներին ուղղված կոչով հանդես եկավ Արցախի ԱԺ նախորդ գումարման պատգամավոր, նախագահական ընտրություններում Արայիկ Հարությունյանի մրցակից Հայկ Խանումյանը:
Պատերազմի քառասունչորս օրերին Խանումյանը, որպես կամավորական ջոկատի հրամանատար, գտնվել է Խծաբերդի պաշտպանական բնագծերում: Նա ստեփանակերտցիներին կոչ է արել բողոքի ցույց կազմակերպել ԼՂ-ում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության նստավայրի մոտ եւ բացատրություն պահանջել, թե ինչու՞ է խախտվում զինադադարի համաձայնագրով հաստատված շփման գիծը: Խանումյանի կոչը, ցավոք, մնաց անարձագանք:
Չափազանց արտառոց է, որ Խծաբերդի եւ Հին թաղերի ադրբեջանական բռնազավթման, տասնյակ հայ կամավորականների առեւանգման առթիվ Ստեփանակերտը քաղաքական դիրքորոշում չարտահայտեց ոչ նախագահի, ոչ ԱԳՆ, ոչ նույնիսկ Ազգային ժողովի խմբակցությունների մակարդակով:
(Շարունակելի)
