ՄԵՐ ՈՒՂԻՆ

Մայր Աթոռը Քաղաքակա՞ն Կենտրոն Է

Վեհափառն ինչու՞ չի ընդունել Կաթոլիկ եկեղեցու Հովվապետի հրավերը: Նա հայ կաթոլիկ հոգեւորականի սրբադասումը չի՞ ճանաչում, թե՞ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ միաժամանակ Սուրբ աթոռում չի՞ ցանկացել լինել: 

Վահրամ Աթանեսյան

Հայաստանյան երկու լրատվամիջոց՝ «Առավոտը» եւ «Հրապարակը», գրում է, որ կառավարությունը ՀԱԵ դեմ «արշավը համակարգում է օտարերկրյա կենտրոնների հետ»: (Մեջբերումը բառացի չէ, փոխանցվում է իմաստը): 

«Առավոտն», ընդսմին, անուղղակի մեղադրում է Վատիկանին եւ «հիմնավորում», որ Սուրբ աթոռ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցից հետո ՀԱԵ «դեմ արշավը սաստկացել է»: Այսինքն, Վատիկանը «քույր եկեղեցուն պաշտպանելու փոխարեն Փաշինյանին հավելյալ հորդոր է արել»: Նման եզրակացություն հեղինակն արել է Անգլիայի թագավոր Կառլ Երրորդի Վատիկն այցի եւ Հռոմի պապի հետ համատեղ աղոթքի տպավորության տակ: Նա համարում է, որ Ուկրաինայում «ուղղափառ եկեղեցին կործանվել է, հերթը Հայ առաքելական եկեղեցունն է»: 

Նախ, Ուկրաինայում ուղղափառ եկեղեցին ոչ թե կործանվել է, այլ ձեռք է բերել ինքնուրույնություն, բայց ոչ Վատիկանը, ոչ Անգլիկան եկեղեցին դրա հետ կապ չունեն: Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու ինքնուրույնությունը ճանաչել է Կոստանդնուպոլսի Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսը: 

Երկրորդ, Անգլիայի թագավոր Կառլ Երրորդի Վատիկան այցն, այո, քաղաքական է, բայց ի՞նչ կապ ունի դրա հետ Հայաստանը: 

Պետք է հետեւել մամուլին եւ իմանալ, որ Կաթոլիկ եւ Անգլիկան եկեղեցիների հաշտության դեմ բողոքել է Մոսկվայի եւ Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքը: Երրորդ, Հռոմի պապը Վատիկան է հրավիրել նաեւ Ամենայն հայոց Գարեգին Բ. Կաթողիկոսին: Վեհափառն ինչու՞ չի ընդունել Կաթոլիկ եկեղեցու Հովվապետի հրավերը: Նա հայ կաթոլիկ հոգեւորականի սրբադասումը չի՞ ճանաչում, թե՞ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ միաժամանակ Սուրբ աթոռում չի՞ ցանկացել լինել: Ի վերջո, եթե ՀԱԵ-ն մտահոգություն ունի, որ Վատիկանը, Անգլիկան եկեղեցին եւ Հայաստանի կառավարությունը «միասնաբար դավեր են նյութում» իր դեմ, ապա ինչու՞ չի հետեւում ՌՈՒԵ պատրիարքի օրինակին եւ այդ առթիվ բողոք կամ դժգոհություն չի հայտնում: 

Ինչ վերաբերում է «Հրապարակի» տարածած տեղեկատվությանը, ապա այնտեղ ասված է, որ իշխանությունը Եկեղեցու սպասավորների մասին նյութեր է հրապարակելու, որպեսզի ընտրություններում հաղթի: Այսինքն, Եկեղեցին ընտրություններում պետք է հաղթի՞, Մայր աթոռը ոչ թե հոգեւոր, այլ քաղաքակա՞ն կենտրոն է: 

Վահրամ Աթանեսյան

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *