Արցախ

«Արցախի ԿԳԲ-ացումը»

Գրեթե համաժամանկյա՝ Ստեփանակերտում տարածվեց Forbes հանդեսի ռուսական տարբերակին նրա հարցազրույցը, որ կարճ ժամանակ անց տեղադրվեց համացանցում: Այդ «քաղաքական հայտը» խիստ հակասական եւ արտառոց էր:

Վահրամ Աթանեսյան

Մաս 83-րդ

2022 թվականի ամռանը, հավանաբար՝ հուլիս-օգոստոսին, Ստեփանակերտում հայտնի դարձավ, որ ռուսաստանցի միլիարդատեր Ռուբեն Վարդանյանը «հրաժարվել է ՌԴ քաղաքացիությունից եւ տեղափոխվել Արցախ»: Շուրջ մեկ տասնամյակ առաջ, Բակո Սահակյանի երկրորդ պաշտոնավարման սկզնական շրջանում լուրեր էին տարածվել, որ Ռուբեն Վարդանյանը «ներկայացրել է Արցախում էկոզբոսաշրջության կենտրոն ստեղծելու ծրագիր, եւ կառավարությունը նրան այդ նպատակով օգտագործման հողատարածքներ է հատկացրել»: 

Ըստ այդ տեղեկությունների, Ռուբեն Վարդանյանը պետք է էկոզբոսաշրջության կենտրոն դարձներ Ասկերանի շրջանի Սարդարաշեն եւ Հին Նորագյուղ բնակավայրերը, ինչպես նաեւ՝ Քարագլուխը: Այդ տարածքները հարում են Տիգրանակերտ հնավայրին, որտեղ նույն շրջանում պեղումներ էր կատարում Հայաստանի ԳԱ Հնագիտության ինստիտուտի արշավախումբը: 

Հետագա տարիներին էկոզբոսաշրջության ծրագրի կատարման ուղղությամբ ոչ մի քայլ չի ձեռնարկվել: Իրազեկ շրջանակներում խոսվում էր, որ Ռուբեն Վարդանյանը Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղում առանձնատուն է կառուցել: Արցախում իր առաքելության մասին Ռուբեն Վարդանյանը 2022-ի ամռանը տեղեկացրեց անձամբ՝ Գանձասարի վանքում նկարահանելով տեսաուղերձ, որի քաղաքական բովանդակությունը չափազանց ընդհանուր եւ, ըստ էության, անորոշ էր: 

Գրեթե համաժամանկյա՝ Ստեփանակերտում տարածվեց Forbes հանդեսի ռուսական տարբերակին նրա հարցազրույցը, որ կարճ ժամանակ անց տեղադրվեց համացանցում: Այդ «քաղաքական հայտը» խիստ հակասական եւ արտառոց էր: Հարցին, թե պատրաստվու՞մ է Լեռնային Ղարաբաղում որեւէ պաշտոն զբաղեցնել, Վարդանյանը բացասական պատասխան է տվել եւ հիմնավորել, որ «Ղարաբաղն, այնուամենայնիվ, չճանաչված կազմավորում է», եւ ինքը «չէր ցանկանա հարվածի տակ դնել Ռուսաստանին»: Նույն տեղում, սակայն, Վարդանյանն իրեն համարել է Ադրբեջանի համար երկխոսության «ամենահարմար թեկնածու»: 

Ցնցող է հատկապես այդ դերում իրեն տեսնելու մեկնաբանությունը. Վարդանյանն ասել է, որ ինքը «պատերազմին չի մասնակցել», ուստի Բաքվի համար իր հետ բանակցելն «ավելի հեշտ կլինի»: Արցախի իշխանությունները, քաղաքական վերնախավն ինչպե՞ս են գնահատել Վարդանյանի հարցազրույցը, մանավանդ Ադրբեջանի հետ երկխոսության մասով, հայտնի չէ: Հրապարակային արձագանք չի հետեւել: Փոխարենը ոորշ ժամանակ անց պետական նախարարի պաշտոնը զբաղեցնող Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան գրառում կատարեց եւ հանրայնացրեց, որ Ռուբեն Վարդանյանի հետ մի քանի հանդիպումներ է ունեցել, կիսում է Արցախի հարցում նրա մոտեցումները, պատրաստ է հրաժարական տալ եւ պաշտոնը զիջել նրան՝ շարունակելով «համագործակցությունը որպես խորհրդական»: 

(Շարունակելի)

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *