Հայաստան

Հայ Եկեղեցին` Մոսկվայի Գործիք

Այս մեդալը դառնում է ոչ թե պատվի, այլ կախվածության նշան՝ հիշեցում այն մասին, որ Կրեմլը պատրաստ է իր «պարգևներով» ներթափանցել ամեն սրբազան տարածք։

Մկրտիչ Իսրայելյան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հերթական անգամ փորձեց իր փափուկ ուժը տարածել Հայաստանի հոգևոր դաշտի վրա՝ «պետական պարգևով» պարգևատրելով ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին։ Այս քայլը, որը ներկայացվում է որպես «հայրենասիրական և եղբայրական» ժեստ, իրականում քաղաքական մանիպուլյացիայի դասական օրինակ է։ Կրեմլը վաղուց է հասկացել, որ Հայաստանում ուժեղ հոգևոր հավատ ունեցող հասարակության մեջ ամենաազդեցիկ հարթակը եկեղեցին է, և այսօր նա բացահայտորեն ձգտում է այդ հարթակը դարձնել իր քարոզչական գործիքը։

Պուտինի կողմից շնորհված մեդալը ոչ թե պարգև է, այլ քաղաքական խաչ, որը կախվում է այն հոգևորականի վզից, ով պատրաստ է լռել՝ տեսնելով ռուսական դավաճանական քայլերը Արցախի և Հայաստանի նկատմամբ։

Եզրաս արքեպիսկոպոսի գործողությունները ցույց են տալիս, որ ոմանց համար հավատն ու քաղաքական կապերը միահյուսվել են շահի և ազդեցության ցանցում։ Հարցը միայն մեկ հոգևորականի մասին չէ։ Սա խորհրդանշական գործողություն է, որով Մոսկվան ուղերձ է հղում՝ թե՛ Հայաստանի իշխանություններին, թե՛ հասարակությանը․ «Ռուսաստանը դեռ այստեղ է, նույնիսկ ձեր եկեղեցում»։

Այս մեդալը դառնում է ոչ թե պատվի, այլ կախվածության նշան՝ հիշեցում այն մասին, որ Կրեմլը պատրաստ է իր «պարգևներով» ներթափանցել ամեն սրբազան տարածք։ Պուտինի այս քայլը նաև բացահայտում է այն երկերեսանիությունը, որով նա փորձում է ներկայացնել իր իշխանությունը որպես «ավանդական արժեքների պահապան», մինչդեռ իր երկրում քայքայում է ազատությունը, ճնշում է հավատքի անկախությունը և օգտագործում եկեղեցին որպես քաղաքական գործիք։

Հայաստանի եկեղեցին պետք է հասկանա՝ ոչ մի մեդալ չարժե հավատքի անկախության կորստի։ Իսկ Եզրաս արքեպիսկոպոսը, եթե իրոք առաջնորդ է, պետք է հիշի՝ ոսկե մեդալները երբեմն կշռում են շատ ավելի ծանր, քան խաչը, որը նա պետք է կրի հավատքով, ոչ թե քաղաքական հաճոյախոսությամբ։

Մկրտիչ Իսրայելյան

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *