ԱԱԾ տնօրենի պաշտոնում Արարատ Մելքումյանի նշանակումը գնահատվեց որպես սեփական դիրքերն ամրապնդելու ուղղությամբ Արայիկ Հարությանի ձեռնարկած քայլ, բայց գործնականում ներքաղաքական ճգնաժամն ավելի խորացավ։
Վահրամ Աթանեսյան
Մաս 87-րդ
Պետական նախարարի պաշտոնում Ռուբեն Վարդանյանի նշանակումից մոտ երկու շաբաթ հետո իշխանության շրջանակներից Ստեփանակերտում տեղեկություն տարածվեց, որ Արայիկ Հարությունյանը «նեղ շրջապատում հրաժարական տալու, քաղաքականությունից լիովին հեռանալու ցանկություն է հայտնել»: Այս լուրերն ամրապնդվում էին նրանով, որ նախագահի հրամանագրով պետական նախարարին տրվել էին գրեթե գործադիր իշխանության միանձնյա ղեկավարի լիազորություններ: Ենթադրվում էր, որ Արայիկ Հարությունյանը «քայլ առ քայլ իշխանությունը զիջում է Վարդանյանին»:
Որքանո՞վ էին իրականությանը համապատասխանում այդ «հավաստի տեղեկությունները», հասկանալի դարձավ արդեն նոր տարվա առաջին օրերին, երբ վստահելի տեղեկություն տարածվեց, որ ՀՅԴ Արցախի ԿԿ-ն, Ազգային ժողովի «Արդարություն» եւ «Ժողովրդավարություն» խմբակցությունները պահանջում են խորհրդարանի խոսնակ Արթուր Թովմասյանի հրաժարականը, իսկ նրա փոխարեն առաջարկում Դաշնակցության Բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանին: Գրեթե համաժամանկյա շրջանառվեց, որ «Արայիկ Հարությունյանը հրաժարականի մտադրությունից ետ է կանգնել»:
Տեղեկատվական այդ արտահոսքերին ֆոնին Արայիկ Հարությունյանը հրամանագիր ստորագրեց գեներալ-մայոր Աշոտ Հակոբջանյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնից եւ ծառայությունից ազատելու մասին: Այդ պաշտոնանկությունը կա՞պ ուներ ներքաղաքական իրավիճակի հետ, դժվար է միանշանակորեն հաստատել կամ հերքել: Ուշագրավ է, որ Հակոբջանյանի փոխարեն ԱԱԾ տնօրեն նշանակվեց Արարատ Մելքումյանը: Վերջինս պրոֆեսիոնալ զինվորական էր, ծառայել էր որպես զորամասի հրամանատար, ապա նշանակվել Մարտունու շրջանային վարչակազմի ղեկավար: Քառասունչորսօրա պատերազմի սկսվելու առաջին օրվանից Արարատ Մելքումյանը վերադարձել է զինվորական ծառայության, մասնակցել Մարտունու պաշտպանական մարտերին: Մելքումյանի զինվորական ծառայության այդ փուլում կարեւորվում էր հատկապես Կարմիր շուկա ավանի պաշտպանությունը եւ այդ տեղանքում «մի քանի վարձկանների գերեվարումը»:
ԱԱԾ տնօրենի պաշտոնում Արարատ Մելքումյանի նշանակումը գնահատվեց որպես սեփական դիրքերն ամրապնդելու ուղղությամբ Արայիկ Հարությանի ձեռնարկած քայլ, բայց գործնականում ներքաղաքական ճգնաժամն ավելի խորացավ, երբ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի շրջապատից տեղեկատվական արտահոսք եղավ, որ նա «լուրջ ընդհարում է ունեցել պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ եւ պահանջել, որ հրաժարվի պաշտոնից ու հեռանա՝ որտեղից եկել է»:
(Շարունակելի)
