ՀՅԴ-ի այն ռեակցիոն հատվածը, որ մնացել էր առավելապաշտական ու ծայրահեղական դաշտում, չհասկացան ու չփորձեցին ըմբռնումով մոտենալ այդ ամենին ու ընկնելով դատարկ սիմվոլիզմի հետևից՝ ապացուցեցին, որ երազներն ավելի են սիրում, քան ռեալ ու շոշափելի իրականությունը։
Մեր Ուղին
Մաս 5-րդ
1933թ․ դեկտեմբերի 24-ին Նյու յորքի Սուրբ Խաչ եկեղեցում դաշնակցականների կողմից սպանվում է Ղևոնդ արքեպիսկոպոս Դուրյանը։ Սպանության շարժառիթը եղել էր այն, որ արքեպիսկոպոս Դուրյանը պատվիրել էր հեռացնել Հայաստանի Առաջին Հանրապետության դրոշը, ինչը ՀՅԴ շրջանում բուռն արձագանք էր առաջացրել։ Առաջին Հանրապետության դրոշի հեռացումը դաշնակցականների համար սրբապղծություն էր և դաշնակցականների կողմից որպես պատիժ ընտրվել էր սպանությունը։
Իսկ ո՞րն էր դրոշի հեռացման պատճառը։
Դրոշի հեռացման համար արքեպիսկոպոսը մի շարք պատճառներ ուներ և դրանցից մեկն էլ այն էր, որ Դուրյանը նախ ցանկանում էր փոքր ինչ մեղմացնել Խորհրդային Հայաստանի հետ հարաբերությունները՝ մասնավորապես հարվածի տակ չդնել Խորհրդային Հայաստանում գործող Էջմիածինը, որն առանց այն էլ անվերջ հալածանքների էր ենթակա։ Դուրյանը գիտեր, որ Խորհրդային Հայաստանում անվերջ ու ինտենսիվ քարոզ է ընթանում ընդդեմ ազգային ցանկացած գաղափարախոսության ու հատկապես թիրախավորվում էր Դաշնակցությունն ու դաշնակցական գործիչները։ Այդ իրավիճակն ավելի էր սրվում Սփյուռքում ամեն հակախորհրդային ելույթից հետո։ Խորհրդային ղեկավարությունն օգտագործում էր ցանկացած նման ելույթ՝ Հայաստանում նոր «լրտեսներ ու թշնամիներ» գտնելու համար ու այդ ամենն արդարացնում էր այն պատճառաբանությամբ, որ ՀՅԴ-ն՝ իմպերիալիստական շեֆերի ղեկավարությամբ թշնամական պայքար է մղում Հայաստանի ու սոցիալիստական աշխարհի դեմ։
Այդ և բազմաթիվ այլ, համանման պատճառներով Դուրյանը չէր ցանկանում ավելի սրել առանց այն էլ ծայրահեղ վիճակում գտնվող հարաբերությունները, ուստի ամեն կերպ փորձում էր ամերիկահայ համայնքին համախմբել ոչ-կուսակցական դրոշի ներքո և այնպիսի տրամադրվածությամբ, որը հարվածի տակ չէր դնի այդ համայնքին ու Հայաստանի հայությանը Մոսկվայի կողմից։
Բնականաբար Դուրյանի կողմից այդ գործողությունները ծանր որոշումներ էին, որոնք կատարվում էին ծայրահեղ ստիպված վիճակում՝ ելնելով շատ դառը իրականությունից։ Դուրյանը հասկանում էր, որ ինչ որ բան ձեռք բերելու համար հարկավոր է ինչ որ բան բաց թողնել։ Դրոշի հեռացումը դավաճանություն չէր, այլ ազնիվ մի ցանկություն, որ հնարավոր լինի ժողովրդին ինչ որ ճանապարհ ցույց տալու, փոքր ինչ համախմբելու, փոքր ինչ հույս տալու։
Դրան հակառակ, ՀՅԴ-ի այն ռեակցիոն հատվածը, որ մնացել էր առավելապաշտական ու ծայրահեղական դաշտում, չհասկացան ու չփորձեցին ըմբռնումով մոտենալ այդ ամենին ու ընկնելով դատարկ սիմվոլիզմի հետևից՝ ապացուցեցին, որ երազներն ավելի են սիրում, քան ռեալ ու շոշափելի իրականությունը։ Այդ իրականությունը, որ պաշտպանվում էր Սիմոն Վրացյանի, Քաջազնունու և նման այլ խոշոր մտածողների կողմից, մերժվեց առավելապաշտների կողմից, մերժվեց սթափության հակառակորդների կողմից։
Դուրյանի սպանությունը հայտարարում էր մի կարևոր և ռեակցիոն շարժման մասին՝ հրաժարում իրականությունից, վերադարձ առավելապաշտություն, հրաժարում ժողովրդից և անցում դեպի ցնորամիտ երազանքներ։ ՀՅԴ-ն հետագա տասնամյակներում շարունակեց իր աննկատ, բայց կայուն քայլերով առաջ գնացող այլասերումը։
Ավագ սերունդը, որ պահում էր սթափությունը, հեռացավ կյանքից՝ ու ամեն ինչ մնաց մի սերնդի, որն արդեն չէր հիշում, թե այդ պայքարն ինչու էր սկսվել, ինչից էր սկսվել։ Այլևս չկային այն մարդիկ, ովքեր կուսակցությունը կտանեին իրական ու հասկանալի ուղով։ Իհարկե այդ ամենը միանգամից տեղի չունեցավ։ Զեյթլյանի նմանները կային, բայց նրանք պակասում էին տխուր արագությամբ։ Եվ որքան պակասում էին սթափ մարդիկ, այնքան շատանում էին երազոտ խելագարները։ Այդ խելագարությունն էլ հենց ՀՅԴ-ին հեռացրեց իրականությունից ու դաշնակցականությունից։
