Հայաստան

Վեց Ամիս Ունենք Գործակալների Դեմ Պայքարի Համար

Բոլոր քահանաները պետք է անցնեն ստուգում՝ պարզելու իրենց նվիրվածությունը բացառապես Հայաստանի Հանրապետությանը։  Հայկական պետությունը պարտավոր է միջամտել, երբ օտար պետությունը ներթափանցում է եկեղեցու գործերի մեջ, և ստեղծել հնարավորություն, որ արդար ու հայրենանվեր հոգևորականները ծառայեն հավատացյալ ժողովրդին։

Գեորգի  Թումասյան

1inTV-ն զրուցել է միջազգային հարաբերությունների փորձագետ Գեորգի Թումասյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է Մայր Աթոռի և Կաթողիկոս Գարեգին Բ-ի շուրջ ստեղծված ճգնաժամը, ինչպես նաև առաջիկա ընտրություններն ու ընդդիմության միավորման փորձերը։

Գեորգի Թումասյանը նշեց, որ իրենց ունեցած տեղեկատվության համաձայն՝ եկեղեցական համակարգում կան եպիսկոպոսներ, որոնք հասկանում են ստեղծված իրավիճակի լրջությունը և կոչ են անում Կտրիճ Ներսիսյանին գնալ երկխոսության։ Սակայն, ըստ նրա, այդ երկխոսությունը կարող է լինել միայն մեկ հարցի շուրջ՝ Կտրիճ Ներսիսյանի և իր խմբակի հեռացումը եկեղեցուց։ Նա ասաց, որ Կտրիճ Ներսիսյանի կողմից արդար քահանաների կարգալույծ հայտարարելը ցույց է տալիս, որ նա ստեղծել է իրեն ենթակա կառավարման համակարգ՝ փոքրիկ խմբակով, որը գործում է օտար ազդեցության տրամաբանությամբ։ Թումասյանը կարծում է, որ սա սխալ քայլ է, քանի որ պետությունը հստակ որոշում է կայացրել՝ եկեղեցին ազատագրելու օտարի ազդեցությունից։ Նա հավելեց, որ առաջիկա կիրակի օրը Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում ևս ազատագրված պատարագ է լինելու՝ վարչապետի մասնակցությամբ, և կոչ արեց բոլորին միանալ ու կանգնել արդար քահանաների կողքին՝ արագացնելու եկեղեցու ազատագրման գործընթացը։

Թումասյանը ընդգծեց, որ Կտրիճ Ներսիսյանին չեն թույլ տալիս լքել իր պաշտոնը, քանի որ վերջինս պահում է մաֆիոզ, կոռուպցիոն և գործակալական համակարգը։ Նրա խոսքով՝ Կտրիճ Ներսիսյանը հասկանում է իր դրության բարդությունը, բայց պետությունը մինչև վերջ է գնալու՝ նրա հեռացումը ապահովելու համար։ Նա հավելեց, որ ազատագրման գործընթացը սկսվել է Հովհանավանքից, շարունակվում է Թալինում, և շուտով կհասնի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, քանի որ ժողովուրդն ու պետությունը չեն կարող հանդուրժել եկեղեցու զավթումը Ներսիսյանների ընտանիքի կողմից։Եկեղեցու խնդիրները սկսվում են Կտրիճ Ներսիսյանից, բայց չեն ավարտվում նրանով։ Նա նշեց, որ վերջինիս հեռացնելու տարբերակները մի քանիսն են՝ սկսած ժողովրդի ֆիզիկական ազատագրությունից մինչև իրավական մեխանիզմներով ձերբակալություն, քանի որ գոյություն ունեն փաստեր, այդ թվում ձայնագրություններ, որոնք կարող են հիմք հանդիսանալ քրեական պատասխանատվության համար։ Թումասյանը շեշտեց, որ բոլոր քահանաները պետք է անցնեն ստուգում՝ պարզելու իրենց նվիրվածությունը բացառապես Հայաստանի Հանրապետությանը։ Նրա խոսքով՝ հայկական պետությունը պարտավոր է միջամտել, երբ օտար պետությունը ներթափանցում է եկեղեցու գործերի մեջ, և ստեղծել հնարավորություն, որ արդար ու հայրենանվեր հոգևորականները ծառայեն հավատացյալ ժողովրդին։

Նա կոչ արեց պետական մարմիններին՝ ազգային անվտանգության ծառայությանը, քննչական կոմիտեին և մյուսներին, որ հետևողական լինեն և գնահատեն բոլոր նրանց գործողությունները, ովքեր ծառայել են օտար պետություններին կամ ներգրավված են եղել ֆինանսական կոռուպցիոն գործընթացներում։ Թումասյանի խոսքով՝ այդ ամենը չի մնալու անպատիժ, քանի որ հայկական պետությանը խանգարել եկեղեցու ազատագրման գործում նշանակում է գործել պետության դեմ։ Անդրադառնալով Վլադիմիր Պուտինի կողմից Կտրիճ Ներսիսյանի եղբորը՝ Եզրաս Ներսիսյանին, շքանշանով պարգևատրելուն՝ Թումասյանը նշեց, որ դա վնասակար քայլ է թե՛ եկեղեցու, թե՛ Ռուսաստանի համար։ Նրա կարծիքով՝ այդ շքանշանը մի փորձ է կապ հաստատելու ռուսական պետական համակարգում լոբբիստական մեխանիզմների միջոցով։ Թումասյանը ասաց, որ Եզրաս Ներսիսյանին նման պարգևատրումը արժեզրկում է հայ-ռուսական հարաբերությունները, և եթե Ռուսաստանը ցանկանում է պահպանել դրանք, պետք է չաջակցի այն մարդկանց, ովքեր Հայաստանում ընկալվում են որպես անընդունելի։ Նա ընդգծեց, որ հայ-ռուսական հարաբերությունները հնարավոր է զարգացնել միայն ժողովրդի աջակցությամբ և ժողովրդավարական ճանապարհով։

Ներքաղաքական հարցերին անդրադառնալով՝ Թումասյանը նշեց, որ տարբեր ընդդիմադիր ուժերի փորձերը միավորվելու և իշխանությունը հեռացնելու ուղղությամբ դատապարտված են ձախողման։ Նրա խոսքով՝ որքան էլ այդ ուժերը տարբեր բրենդինգներով հանդես գան՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Արթուր Վանեցյան, Արման Թաթոյան կամ Դաշնակցություն, նրանք բոլորը ներկայացնում են նույն համակարգը՝ ղեկավարվելով մեկ կենտրոնից, որը նպատակ ունի Հայաստանի ինքնիշխանությունը կրկին հանձնել օտարին։ Թումասյանը համոզված է, որ ժողովուրդը նրանց չի աջակցելու, և այդ գործընթացը շուտափույթ ավարտվելու է։ Այժմ կարևոր է կենտրոնանալ երեք ուղղությամբ՝ եկեղեցու ազատագրում Կտրիճ Ներսիսյանից, Դաշնակցության լոբբիստական ազդեցության սահմանափակում, և ֆինանսական ռեսուրսների օգտագործման վերահսկում ընտրական գործընթացներում։ Թումասյանը նշեց, որ պետք է ընդունվի օրենք՝ կեղծ տեղեկատվության տարածման դեմ, քանի որ Հայաստանի դեմ վարվում է հիբրիդային պատերազմ՝ ապատեղեկատվության միջոցով։

Թումասյանը կոչ արեց ազգային անվտանգության ծառայությանը, քննչական մարմիններին և արտաքին հետախուզությանը՝ մինչև ընտրությունները մշակել օրենսդրական և գործնական մեխանիզմներ օտար միջամտությունը սահմանափակելու համար՝ թե՛ ֆինանսական, թե՛ տեղեկատվական ոլորտներում։ Նրա կարծիքով՝ առաջիկա ընտրություններին հնարավոր են դիվերսիոն գործողություններ, օտար ֆինանսական հոսքեր և նույնիսկ ֆիզիկական ներգրավում՝ Ռուսաստանից հայերի միջոցով։ Նա ընդգծեց, որ պետք է կանխել գործարանների և բիզնեսների կողմից աշխատողների վրա ճնշում գործադրելու փորձերը և կաշառքը։ Հայաստանը ունի վեց ամիս՝ գործակալական ցանցերի հարցը լուծելու և ընտրությունների միջոցով վերջնականապես ամրապնդելու ինքնիշխանությունը։ Դրանից հետո, ըստ նրա, պետությունը պետք է կենտրոնանա հզոր տնտեսություն, բանակ և անվտանգային համակարգ կառուցելու վրա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *