Հայաստան

Ինչո՞ւ Է Քոչարյանը «Գործ Տալիս» Հայաստանի Դեմ

Այսօր խոսում են Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Նարեկ Կարապետյանը և այլք, իսկ այդ ամենի սկիզբը դրվել է Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարությամբ՝ նոյեմբերի 9-ի հնգամյակի առթիվ։ Այդ ամենը մի ընդհանուր բանաձև ունի՝ ուղղված Հայաստանի ժողովրդավարությունը թիրախավորելուն և երկիրը կրկին Ռուսաստանի ազդեցության տակ մտցնելուն։

Ռուբեն Մեհրաբյան

Լրագրող Ժիրայր Ոսկանյանը զրուցել է «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի հետ։ Զրույցը կենտրոնանում է Հայաստանում տեղի ունեցող քաղաքական զարգացումների վրա, մասնավորապես՝ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունների քննադատության, որոնք բնութագրվում են Հայաստանի դեմ ուղղված գործողություններ, Ռուսաստանի կողմից Հայաստանի դեմ վարվող հիբրիդային պատերազմների ու ՀՀ դատաիրավական համակարգի վրա։

Ռուբեն Մեհրաբյանը նշեց, որ իր կյանքը արդեն հետհաշվարկի փուլում է, և Աստծո կողմից իրեն տրված ժամանակը չի ցանկանում վատնել անհեթեթությունների վրա։ Նա ասաց, որ այժմ անհրաժեշտ է հասկանալ՝ ինչ է տեղի ունենում և ինչու, ընդգծելով, որ Ռուսաստանը Հայաստանի դեմ վարում է հիբրիդային պատերազմ։ Այսօր խոսում են Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Նարեկ Կարապետյանը և այլք, իսկ այդ ամենի սկիզբը դրվել է Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարությամբ՝ նոյեմբերի 9-ի հնգամյակի առթիվ։ Մեհրաբյանի համոզմամբ՝ այդ ամենը մի ընդհանուր բանաձև ունի՝ ուղղված Հայաստանի ժողովրդավարությունը թիրախավորելուն և երկիրը կրկին Ռուսաստանի ազդեցության տակ մտցնելուն։

Այս ամենին խառնվում է նաև եկեղեցին՝ ձևավորելով ամբողջական քարոզչական պատկեր։ Նրա կարծիքով՝ նման հայտարարությունները նույն արժեքն ունեն, ինչ գոմի դռան ճռոցը՝ առանց բովանդակության։ Մեհրաբյանը ընդգծեց, որ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և նրանց շրջապատի բոլոր հայտարարությունները մեկ համակարգի մաս են, որոնք ծառայում են Ռուսաստանի շահերին։ Նա նշեց, որ Քոչարյանի խոսքերը Հայաստանի դեմ ցուցմունքներ են, իսկ նման վարքագիծը համարժեք է «դանոսի»՝ մատնության։ Այս ամենը հնարավոր է, քանի որ նախկին համակարգի ներկայացուցիչները դեռևս չեն զրկվել քաղաքական դաշտում գործող լինելու հնարավորությունից։ Նրա խոսքով՝ նրանք այլևս ոչ քաղաքական, ոչ էլ քաղաքագիտական առումով գործոն չեն. «Նրանք դինոզավրեր են, որոնք պետք է վերանան՝ ինչպես բնության էվոլյուցիայիժամանակ»,— ասաց նա։

Մեհրաբյանը նշեց, որ վարչապետը սխալ է գործում՝ արձագանքելով նրանց հայտարարություններին։ Նրա կարծիքով՝ պետք է ձևավորվի ռազմավարական հաղորդակցության հատուկ բաժին, որը սառը, փաստարկված ձևով կպատասխանի նման հռետորաբանությանը։Խոսելով Ռոբերտ Քոչարյանի մեղրին վերաբերող հայտարարությունների մասին՝ Մեհրաբյանը ասաց, որ Քոչարյանի՝ Մեղրիի «թուլությունը» ռուսական ծագում ունի՝ հիշեցնելով, որ այդ թեման գոյություն ուներ դեռ հոկտեմբերի 27-ից առաջ։ Հայաստանի դատաիրավական համակարգը պարտավոր է գործել՝ ըստ ՄԻԵԴ-ի արդեն կայացված վճռի, որպեսզի այս ազգային խայտառակությունը չշարունակվի։ Մեհրաբյանը հիշեցրեց նաև, որ 2022-ին իր դեմ հարձակման դեպքով երեք տարի անց անգամ իրավապահները չեն կարողացել կազմակերպել առերեսում՝ ինչը վկայում է համակարգային խաթարման մասին։

Նրա դիտարկմամբ՝ Հայաստանը դեռ ապրում է իրավագիտության այն ավանդույթի ներքո, որըսերում է Վիշինսկուց, իսկ իրավաբանության ֆակուլտետը պետք է արմատապես վերափոխվի։ Նա ընդգծեց, որ կան լուսավոր իրավաբաններ, բայց նրանք չեն ձևավորում համակարգային փոփոխություն։

Մեհրաբյանը նշեց, որ եթե գլխավոր դատախազը չի կատարում իր պարտականությունները, ապա դրա համար պետք է պատասխան տա։ Նրա համոզմամբ՝ պետական ինստիտուտները պետք է համապատասխանեն ներկայիս սպառնալիքների մակարդակին, որոնք դարձել են ազգային անվտանգության և պետականության գոյության համար էքզիստենցիալ վտանգ։ Հայաստանը պետք է ձևավորի գործընկերություն հասարակության և մեդիայի հետ՝ դիմագրավելու հիբրիդային սպառնալիքներին՝ ինչպես արեց Մոլդովան։ Մեհրաբյանի կարծիքով՝ պետք չէ հորինել հեծանիվը, այլ կիրառել արդեն փորձված մեխանիզմներ՝ հարմարեցնելով դրանք տեղական պայմաններին։

Պետությունը պետք է իր մանդատին համարժեք կատարի իր ֆունկցիաները և պատասխան տա քաղաքացիներին։ Նա նշեց, որ հասարակությունը այլևս չի հանդուրժի անգործությունը և հակաօրինական քայլերը, և եթե փորձ լինի խախտելու սահմանները, այն կհանդիպի խիստ հասարակական հակազդեցության։ Իշխանությունն էլ պետք է գիտակցի իր պատասխանատվությունը և հաշվի առնի այս իրողությունները։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *