Հայաստան

Ընդդիմությունը Պայքարում Է Կրեմլի Ուշադրության Համար

Ընդդիմադիր դաշտում ձևավորվել է այն համոզմունքը, թե Հայաստանի ժողովուրդը երբևէ ոչինչ չի որոշել, և 2018-ին իշխանափոխությունը եղել է արտաքին ուժերի որոշման հետևանք։ 

Ռոբերտ Ղևոնդյան

ԼՈՒՐԵՐ-ը զրուցել է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Քոչարյանի և Սարգսյանի հայտարարությունները ներքաղաքական պայքարի և Ռուսաստանի հովանավորությունը շահելու մրցակցության մասին։

Ռոբերտ Ղևոնդյանը նշեց, որ ընդդիմադիր դաշտում շարունակվում է գերակայության համար պայքարը, որը հիմնականում ընթանում է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի թիմերի միջև։ Նա դիտարկեց, որ այստեղ նոր ուժ է ներկայացել նաև Սամվել Կարապետյանի միջոցով, և այժմ պայքարի առանցքային ուղղությունը դառնում է Կարապետյանի ռեսուրսների հետ կապ հաստատելը։ Ըստ Ղևոնդյանի՝ այն ընդդիմադիր ուժը, որը կկարողանա ինտեգրվել այդ ռեսուրսներին, առավելություն կունենա։ Նա ասաց, որ ինչպես Քոչարյանի, այնպես էլ Սարգսյանի գերագույն նպատակը Ռուսաստանի համակրանքը շահելն է։ Երկուսն էլ փորձում են իրենց հայտարարություններով և դիրքորոշումներով ապացուցել Մոսկվային, որ Հայաստանի իշխանությունների ամենաանհաշտ հակառակորդը հենց իրենք են։

Ղևոնդյանը առանձնացրեց Սերժ Սարգսյանի խոսքը, ըստ որի վերջինս պատերազմի առաջին օրերին հանդիպել է բարձրաստիճան դիվանագետի՝ հավանաբար Ռուսաստանի դեսպանի հետ։ Նա ենթադրեց, որ Սարգսյանը փորձել է ցույց տալ ռուսական կողմին, թե Արցախի պարտությունից հետո Հայաստանի ներսում հակառուսական տրամադրություններ չպետք է սերմանվեն, և իշխանությունը պետք է անցնի իրեն կամ իր թիմին։Ինչպես Քոչարյանը, այնպես էլ Սարգսյանը կարծում էին, թե Արցախում պարտությունից հետո իշխանությունը Հայաստանում փոխվելու է։ Ղևոնդյանի խոսքով՝ նրանց պայքարը միաժամանակ ուղղված է Ռուսաստանի համակրանքը շահելուն և Կարապետյանի հետ համագործակցելու հնարավորությանը։ Ղևոնդյանը դիտարկեց, որ ընդդիմադիր դաշտում ձևավորվել է այն համոզմունքը, թե Հայաստանի ժողովուրդը երբևէ ոչինչ չի որոշել, և 2018-ին իշխանափոխությունը եղել է արտաքին ուժերի որոշման հետևանք։ Ըստ նրա՝ ընդդիմադիրների մեծ մասը կարծում է, որ իշխանության վերադարձի բանալին գտնվում է Ռուսաստանի ձեռքում, և հենց այդ պատճառով նրանք փորձում են առավել դուր գալ Մոսկվային։ Ռուսաստանը դեռևս ազդեցություն ունի Հայաստանի ներքին քաղաքականության վրա, սակայն այն արդեն զգալիորեն նվազել է։ Դիվերսիֆիկացիոն գործընթացները՝ քաղաքական, անվտանգային և տնտեսական ուղղություններով, ըստ Ղևոնդյանի, թույլ չեն տալիս, որ որևէ արտաքին ուժ միանձնյա ազդեցություն ունենա։

Ղևոնդյանը հավելեց, որ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի պնդումները՝ թե պատերազմը հնարավոր էր կանխել, մանիպուլյատիվ են։ Նա ընդգծեց, որ նույնիսկ 2016-ին, երբ բոլոր պայմանները նրանց ասած ձևով կային, պատերազմը կանխել հնարավոր չէր։ Ղևոնդյանը համաձայնեց այն մտքի հետ, որ եթե պատերազմը կանխվեր Ռուսաստանի լիակատար վերահսկողության հաշվին, դրա գինը կլիներ Հայաստանի պետականության կորուստը։Հայաստանի անկախ պետականության պահպանումը, նույնիսկ Արցախի կորստի պայմաններում, ունի գերագույն արժեք, քանի որ պետականությունը հնարավորություն է տալիս ապագայում վերականգնել կորցրածը։

Ղևոնդյանը ասաց, որ բանակցային փաստաթղթերի հրապարակումը չի կարող էական ազդեցություն ունենալ ընտրական նախապատվությունների վրա, քանի որ Հայաստանում ընտրությունները «հանուն» չեն, այլ «ընդդեմ»։ Ըստ նրա՝ առաջիկա ընտրություններում ևս քվեարկությունը լինելու է ոչ թե ի նպաստ ինչ-որ գաղափարի, այլ ընդդեմ Ռուսաստանի ազդեցության։ Վարչապետի ակնարկները ԿԳԲ-ի կամ ՊԱԿ-ի գործակալների մասին վերաբերում են նախկին նախագահներին, բայց փաստերի բացակայության պայմաններում հստակ եզրակացություններ անել չի կարելի։ Ղևոնդյանը նշեց, որ լյուստրացիայի գործընթացը անհրաժեշտ էր վաղուց, սակայն ներկայիս իշխանությունները չեն իրականացնում այն՝ քաղաքական հաշվարկների պատճառով։ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները, թե Հայաստանը է հրահրել պատերազմը, վնասում են ազգային անվտանգությանը, սակայն միաժամանակ այդ հայտարարությունները կարող են նպաստել նրանց՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում առավելություն ստանալուն։

Ղևոնդյանը եզրակացրեց, որ այժմ Քոչարյանն ու Սարգսյանը պայքարում են ոչ միայն Ռուսաստանի համակրանքը, այլև Սամվել Կարապետյանի աջակցությունը ստանալու համար, և նրանց բոլոր գործողությունները տեղավորվում են նախընտրական տրամաբանության մեջ։Վարչապետի հակադարձումները այս հարցերում ռացիոնալ չեն, քանի որ դրանք չեն բարձրացնում նրա վարկանիշը, բայց ներքաղաքական պայքարի տեսանկյունից նպաստում են իր քաղաքական դաշտի ամրապնդմանը։ Միևնույն ժամանակ՝ Հայաստանի շահերի տեսանկյունից անհրաժեշտ են փաստարկված հակադարձումներ, որպեսզի չեզոք քաղաքացիները կարողանան կողմնորոշվել քաղաքական իրավիճակում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *