Հայաստան

2020-ը Նախկինների Քանդած Համակարգի Արդյունքն Էր

Սերժ Սարգսյանը մոռացել է, թե ինչպես էր ինքն հայտարարում՝ «յոթ շրջաններն էլ պետք է տանք», իսկ իր կուսակիցներն ու աջակիցները հետո դարձել էին «ոչ մի թիզականներ»՝ մեղադրելով գործող իշխանությանը դավաճանության մեջ։

Հովսեփ Խուրշուդյան

Freenews Armenia-ն զրուցել է «Ազատ Քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակը՝ կապված 2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքների հետ, ինչպես նաև Հայաստանի նախկին նախագահներ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտարարությունները, որոնք մեղադրում են գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պատերազմի պատճառ դառնալու համար:

Խուրշուդյանն ասաց, որ երկու նախկին նախագահներին նախկին նախագահ անվանելը պայմանական է, որովհետև նրանք երկու անգամ բռնազավթել են իշխանությունը․առաջինը՝ 1998-ին և 2003-ին, երկրորդը՝ 2008-ին։ Նշեց, որ նրանք ժողովրդի ձեռքից խլել են իշխանությունը, ուստի պետական հանցագործներ են, և մինչև այսօր պատասխանատվության չեն ենթարկվել։ Գործող իշխանությունները մեղավոր են նրանով, որ այդ հանցագործությունները չեն հետաքննում, փոխարենը զբաղվում են կոռուպցիոն մանր հարցերով։ Դիտարկեց, որ հանրային խորհրդի կից ձևավորված փաստահավաք խումբը պետք է վերլուծի ընտրությունների կեղծարարությունները և բռնազավթումները՝ դրանք ապացուցելու և հասարակությանը հիշեցնելու համար, թե ովքեր են եղել իշխանության զավթողներն ու ինչ են արել։

Սերժ Սարգսյանը մոռացել է, թե ինչպես ինքն էր հայտարարում՝ «յոթ շրջաններն էլ պետք է տանք», իսկ իր կուսակիցներն ու աջակիցները հետո դարձել էին «ոչ մի թիզականներ»՝ մեղադրելով գործող իշխանությանը դավաճանության մեջ։ Խուրշուդյանը նշեց, որ նրանց նպատակն էր հեղափոխությունը կործանել և սպիտակ ձիերով վերադառնալ իշխանության՝ ձևացնելով, թե ժողովուրդը մոռացել է ամեն ինչ։ Ե՛վ և՛ Քոչարյանի, և՛ Սարգսյանի հայտարարությունների ենթատեքստը նույնն է․պատերազմը հրահրել, պարտությունը բարդել գործող իշխանության վրա և դրանով սեփական վերադարձը արդարացնել։ Նրանց նարատիվներն ամբողջությամբ կրկնում են ռուսական պաշտոնական դիրքորոշումները, քանի որ նրանք միշտ ցանկացել են Հայաստանն ուղղորդել դեպի Ռուսաստան և նորից կախման մեջ դնել Կրեմլից։

Նոյեմբերի 9-ի և օգոստոսի 8-ի փաստաթղթերը էությամբ նույնն էին՝ վերահսկողության տրամաբանությամբ, պարզապես միջնորդներն էին տարբեր։ Նշեց, որ այժմ նույն մարդիկ, որոնք ժամանակին աղմկում էին կապիտուլյացիայի մասին, հիմա հայտարարում են, թե այն փաստաթուղթը լավն էր։

Խուշուդյանը նշեց, որ ռուսները միշտ եղել են հայկական շահերի դեմ՝ սկսած Ղարսից մինչև Լենին-Քեմալի պայմանագիրը, և շարունակել են նույն գիծը՝ Ղարաբաղը հանձնելով Ադրբեջանին։ Նշեց, որ այսօր էլ նրանք փորձում են պահպանել ազդեցությունը՝ Հայաստանի հաշվին։ Արցախը հանձնվեց ոչ թե Փաշինյանի քաղաքական որոշման պատճառով, այլ որովհետև նախկին համակարգը քանդել էր բանակը, պետական կառույցները և անկախ գործելու կարողությունը։ Նա նշեց, որ դեռ 2015–2016 թվականների զեկույցներում արձանագրված էր՝ բանակը պատրաստ չէ նման պատերազմի, և այդ ամենը Սերժ Սարգսյանի օրոք էր։ Եթե 2007–2008 թվականներին Հայաստանը ճանաչեր Արցախի անկախությունը, պատերազմը կլիներ շատ ավելի վաղ, բայց առանց այս աղետալի հետևանքների, որովհետև այն ժամանակ ռազմական և տեխնոլոգիական հավասարակշռությունը այլ էր։ Խուրշուդյանի կարծիքով Ռուսաստանը միշտ եղել է Արցախի անկախության ճանաչման դեմ, որովհետև այդպիսով կկորցներ իր ազդեցությունը Հայաստանի վրա։ Ասաց, որ Լավրովի պլանը և 2016-ի քառօրյան Ռուսաստանի ճնշման հետևանք էին՝ ստիպելու Սերժ Սարգսյանին կատարել իր պայմանները։Հեղափոխությունը ռուսները սկզբում ընդունեցին՝ հույս ունենալով, որ Կարեն Կարապետյանը կդառնա վարչապետ և կկատարի իրենց ցանկությունները, սակայն ժողովուրդը խանգարեց այդ պլանին՝ իր կամքն արտահայտելով։

Խուրշուդյանը, խոսելով Քոչարյանի արտահայտած տեսակետների մասին, նշեց, որ Ռոբերտ Քոչարյանի խաղաղության մասին նոր առաջարկը նպատակ ունի կրկին վերադարձնել Ռուսաստանին որպես գլխավոր երաշխավոր, սակայն Ռուսաստանը հիմա այլևս չունի ոչ քաղաքական, ոչ իրավական ռեսուրս Հայաստանի վրա ազդելու համար։ Հայաստանը հայտնվել է աշխարհաքաղաքական շահերի խաչմերուկում, և հենց դա է ապահովում նրա նոր հնարավորությունները։ Ռուսաստանը փորձում է նորից տեղ գտնել, օրինակ՝ երկաթուղու նախագծի միջոցով, բայց դրա նպատակը նույնն է՝ վերականգնել ազդեցությունը։ 2019 թվականի ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկը, որի մերժման մեջ նախկին նախագահը մեղադրում է Փաշինյանին, իրականում նույն պլանի շարունակությունն էր, որը Սերժ Սարգսյանն ինքն էր պատրաստում իրականացնել, սակայն չհամարձակվեց։

Սերժ Սարգսյանը փորձում էր հասարակությանը նախապատրաստել հողերի հանձմանը, բայց հասարակական կարծիքը և Արցախի իշխանությունները դեմ էին։ Փաշինյանն իր լեգիտիմությամբ կարող էր ավելի համարձակ լինել՝ ուղերձ հղելով Ադրբեջանի ժողովրդին և ներկայացնելով փոխզիջումների իր տարբերակը, ինչը կբարդացներ պատերազմի հնարավորությունը։Այժմ ամենակարևորը փաստաթղթերի հրապարակումն է՝ հասարակությունը վերջապես հասկանա, թե ինչ է առաջարկվել, ով է մերժել և երբ։ Միայն թափանցիկությամբ հնարավոր կլինի ազատվել պատմական մանիպուլացիաներից ու պատասխանատվությունը ճիշտ տեղում դնել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *