Սխալ է կարծել, թե Ռուսաստանը կարող էր կանգնեցնել պատերազմը, որովհետև պատերազմը կանգնեցնում է նա, ով այն սկսել է։ Ալիևն ինքը հոկտեմբերի 10-ին հայտարարել էր, որ պատրաստ է դադարեցնել կրակը, եթե Հայաստանն ընդունի զորքերի դուրսբերման ժամանակացույցը և փաստացի համաձայնի Շուշիի հանձմանը։
Վահրամ Աթանեսյան
Civic.am-ը զրուցել է Արցախի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանի հետ։ Քննարկվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը հանգեցրած իրադարձությունները և դրա հետևանքները, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ ռազմական գործողությունները, Հայաստանի նախկին նախագահների հարցազրույցները, ու այն գաղափարը, թե Ռուսաստանը «հրաշալի առաջարկ» է արել հակամարտությունը դադարեցնելու համար:
Վահրամ Աթանեսյանը նշեց, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը համաձայնագիր չէ, այլ ընդամենը հայտարարություն զինադադարի մասին, որը իրավական ուժ չի ստացել, քանի որ երբեք չի վավերացվել կողմերի խորհրդարաններում։ Նա ընդգծեց, որ այդ փաստաթուղթը ստորագրվել է հեռավար եղանակով, ինչն ինքնին թողել է լայն տեղ տարընթերցման։ Ադրբեջանը երբեք չի ճանաչել Լեռնային Ղարաբաղ մուտք գործած ռուսական զորախմբի մանդատը, և այդ մասին բազմիցս հայտարարել է՝ շեշտելով, որ ռուս զինվորականները գտնվում են «ժամանակավոր՝ Ադրբեջանի սուվերեն տարածքում»։
Վահրամ Աթանեսյանի խոսքով՝ երկրորդ և երրորդ նախագահների հարցազրույցների ժամանակը՝ նոյեմբերի 7-8-ը, ընտրված է անպատշաճ կերպով, քանի որ այդ օրերին Բաքվում անցկացվում էր զորահանդես, իսկ հայ հանրությունը, հատկապես Արցախից բռնատեղահանվածները, գտնվում էին ծանր հոգեբանական վիճակում։ Նա ասաց, որ հարցազրույցները կարելի էր տալ սեպտեմբերին կամ դեկտեմբերին, ոչ թե հենց այդ օրերին։ Նա կարծիք հայտնեց, որ նախկին նախագահները հանդես են եկել մանիպուլյատիվ ներկայացմամբ, ոչ թե փորձագիտական։ Աթանեսյանի խոսքով՝ եթե, օրինակ, Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, թե Փաշինյանը պատերազմ էր հրահրում, ապա հարց է առաջանում՝ ինչու այդ մասին նա պաշտոնապես չէր խոսում դեռևս 2018-2020 թվականներին։
Վահրամ Աթանեսյանը ընդգծեց, որ նման հայտարարությունները ըստ էության արդարացնում են Ալիևի ռազմական հարձակումը, որովհետև հենց Ալիևն էր սեպտեմբերի 27-ին հայտարարել, թե Հայաստանը խախտել է հրադադարը։ Այդպիսով, ըստ Աթանեսյանի, նման խոսույթը խոչընդոտում է միջազգային իրավական գնահատական տալուն՝ քանի որ աշխարհին կարող են վկայակոչել Հայաստանի նախկին ղեկավարների խոսքերը։
Սխալ է կարծել, թե Ռուսաստանը կարող էր կանգնեցնել պատերազմը, որովհետև պատերազմը կանգնեցնում է նա, ով այն սկսել է։ Նա հիշեցրեց, որ Ալիևն ինքը հոկտեմբերի 10-ին հայտարարել էր, որ պատրաստ է դադարեցնել կրակը, եթե Հայաստանն ընդունի զորքերի դուրսբերման ժամանակացույցը և փաստացի համաձայնի Շուշիի հանձմանը։ Եթե այդ ժամանակ Հայաստանը ընդուներ այդ առաջարկը, ապա դա կարող էր բերել ներքաղաքական ճգնաժամի և նոր պատերազմական փուլերի, այդ թվում՝ Սյունիքի կամ Տավուշի ուղղությամբ։Պատերազմը ոչ թե Աղդամի կամ Քելբաջարի վերադարձի համար էր, այլ՝ Լեռնային Ղարաբաղի հարցը վերջնականապես լուծելու համար։ Աթանեսյանի խոսքով՝ նախկին նախագահները կամ մոռացել են, կամ անտեսում են այն փաստը, որ դեռ 1991-ին Ադրբեջանը լուծարել էր Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը և հայ բնակչության անվտանգությունը չէր երաշխավորում։
2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որքան էլ ցավալի, այնուամենայնիվ թողնում էր Արցախում հայաբնակ հատվածի գոյության հնարավորությունը, սակայն հենց նախկին նախագահներն էին այն անվանել «կապիտուլյացիա» և դրանով խոչընդոտել հետագա քաղաքական հաշտությանը։
Վահրամ Աթանեսյանի համոզմամբ՝ Ստեփանակերտում տեղի ունեցած իշխանափոխությունը 2023-ին ուղղված էր նոյեմբերի 9-ի համաձայնագրի տապալմանը, և այդ քաղաքականությունը խրախուսվել է նաև Հայաստանի նախկին ղեկավարների կողմից։Անդրադառնալով Սերժ Սարգսյանի խոսքերին՝ Աթանեսյանը նշեց, որ դրանք նորություն չեն պարունակում, և եթե Սերժ Սարգսյանը պնդում է, թե ինքը կկապվեր գլխավոր շտաբի պետի հետ, ապա նույն հարցը կարելի է ուղղել Փաշինյանի գործողություններին․ «Իսկ ո՞վ ասաց, որ նա չիկապվել»։
Վահրամ Աթանեսյանը հիշեցրեց, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմը ավարտվել է բանավոր պայմանավորվածությամբ, ինչը նշանակում է՝ փաստացի այդ պատերազմը երբեք չի ավարտվել և շարունակվել է 2020-ին։ Սերժ Սարգսյանը, լինելով 1994-ի հրադադարի ստորագրողը, լավ գիտեր՝ այն եռակողմ էր, իսկ 2016-ի հրադադարը՝ երկկողմ, առանց ԼՂ պաշտպանության բանակի մասնակցության։ Սա, ըստ Աթանեսյանի, փաստում է, որ Լեռնային Ղարաբաղը 1999-ից դադարել էր ինքնուրույն ռազմական միավոր լինել, և բանակցային գործընթացից դուրս էր մնացել դեռ Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում։Քաղաքական լուծումը հանվել էր օրակարգից դեռ 1998-ից, և դրանով Հայաստանը գործնականում մտել էր միայն ռազմական հակամարտության տրամաբանության մեջ։
Նախկին նախագահները, իրենց այսօր հնչեցրած մեղադրանքներով, ոչ միայն չեն օգնում պատմական ճշմարտությունը բացահայտելուն, այլև իրենց խոսքերով վտանգավոր կերպով համընկնում են ադրբեջանական քարոզչության շեշտադրումներին։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
