Նա երբեք չի թաքցրել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հակակրանքը, իսկ վերջին ամիսներին դրսեւորում էր բացարձակ անհանդուրժողականություն: Ելնելով դրանից, նույնիսկ վատ երազում հնարավոր չէ երեւակայել, թե հանձնվելով ադրբեջանցիներին, նա կատարել է Փաշինյանի խնդրանքը կամ հանձնարականը:
Վահրամ Աթանեսյան
Քանի դեռ հավելյալ տեղեկություններ չկա, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գերեվարման հարցում պետք է հիմք ընդունել Թաթուլ Հակոբյանի հրապարակումները.
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի յոթժամանոց ասուլիսից որոշ շրջանակներ տպավորություն են տարածել, թե նա ասել է, որ Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարությանը «Բաքվին է հանձնել Նիկոլ Փաշինյանը»:
Տասնյակ լրատվամիջոցներ ամենատարբեր ենթադրություններով եւ «վկայություններով» փորձում են ամրապնդել այդ տեսակետը: Մոտ կես տարի առաջ լրագրող Թաթուլ Հակոբյանը, չբացահայտելով տեղեկատվության աղբյուրը, բավական հանգամանալի ներկայացրել է Ստեփանակերտում 2023թ. սեպտեմբերի վերջին-հոկտեմբերի առաջին օրերի իրադարձությունները:
Ոչ ոք այդ «փաստագրությունը» չի հերքել:
Ըստ Թաթուլ Հակոբյանի աղբյուրի, ադրբեջանական կողմը նախապես ներկայացրել է հինգ անձանց անուններ, որ «պետք է հանձնվեն» կամ ձերբակալվեն: Նրանք են՝ Արկադի Ղուկասյան, Բակո Սահակյան, Ռուբեն Վարդանյան, Դավիթ Բաբայան եւ Կամո Վարդանյան: Նշված անձանցից Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան գրառում է կատարել եւ հանրայնացրել, որ ենթարկվում է Ադրբեջանի դատախազության պահանջին: Նա երբեք չի թաքցրել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ հակակրանքը, իսկ վերջին ամիսներին դրսեւորում էր բացարձակ անհանդուրժողականություն: Ելնելով դրանից, նույնիսկ վատ երազում հնարավոր չէ երեւակայել, թե հանձնվելով ադրբեջանցիներին, նա կատարել է Փաշինյանի խնդրանքը կամ հանձնարականը:
Ռուբեն Վարդանյանը, Դավիթ Մանուկյանը եւ Լեւոն Մնացականյանը Բաքվի հատուկ ծառայությունների կողմից առեւանգվել են Հակարիի անցակետում, ոչ թե գերեվարվել Ստեփանակերտում: Ընդ որում, Ռուբեն Վարդանյանը գտնվել է Դավիթ Մանուկյանի ավտոմեքենայում, իսկ Լեւոն Մնացականյանը՝ ոչ: Նրան առանձին են առեւանգել: Երեք գործիչներն էլ Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսներն ու քննադատներն են: Նրանց տեղաշարժի մասին, բնականաբար, Հայաստանի իշխանությունները տեղեկացված լինել պարզապես չէին կարող:
Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը եւ Դավիթ Իշխանյանը սեպտեմբերի 28 –ին կամ 29-ին Ստեփանակերտից տեղափոխվել են ռուսական զորախմբի հրամանատարության նստավայր: Ըստ որոշ տեղեկությունների, նրանց ապաստան է տրամադրվել զինվորական հոսպիտալում, որտեղ մնացել են մինչեւ հոկտեմբերի 3-ը: Այդ օրը նրանք ռուսական զորախմբի հրամանատարության նստավայրից տեղափոխվել են Արցախի ՆԳՆ նախարար Կարեն Սարգսյանի Ստեփանակերտի առանձնատուն, որտեղ էլ նրանց Ադրբեջանի հատուկ ծառայությունները ձերբակալել են:
Արայիկ Հարությունյանը ձերբակալվել է կոնյակի գործարանի տարածքում կամ իրեն պատկանող «Երեւան» հյուրանոցում:
Առայսօր Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարության առեւնագման, գերեվարման կամ ձերբակալության մասին առկա հրապարակային տեղեկատվությունը սա է, որ, ինչպես ասվեց, հետազոտող լրագրող Թաթուլ Հակոբյանին փոխանցել են Ստեփանակերտի աղբյուրները կամ միակ եւ ամենավստահելի աղբյուրը, մարդ, որ Արցախի վերջին օրերի ականատեսն ու իրադարձությունների ազդեցիկ դերակատար է: Եթե որեւէ մեկը հավելյալ եւ ավելի ստույգ տեղեկություններ ունի, ապա կարող է խորհրդապահական ձեւով տրամադրել մամուլին:
Քանի դեռ նման տեղեկություն չկա, իսկ Թաթուլ Հակոբյանի հրապարակումները չեն հերքվել, նույնիսկ կասկածի տակ չեն առնվել, թեմայի շուրջ ցանկացած դիտարկում պետք է կառուցվի փաստական այս տվյալների վրա: Դրանք, ի դեպ, որոշ դեպքերում ակնհայտ հակասական են, հարցերի եւ կասկածանքի տեղիք են տալիս, բայց դա արդեն բոլորովին այլ թեմա եւ, մանավանդ, խնդիր է:
Վահրամ Աթանեսյան
