Հայաստան

Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Սարգսյանը ՌԴ «Ֆեյքերն Են»

Եթե Ռուսաստանը հրահանգ տա, ապա նախկին նախագահները՝ Քոչարյանը, Սարգսյանը և Տեր-Պետրոսյանը, կարող են համագործակցել։ Նրանց քաղաքական որոշումները միայն իրենցը չեն, այլ կախված են «հյուսիսային ղեկավարությունից»։ Երեք նախկին նախագահներն էլ Մոսկվայի կողմից ներդրված ֆիգուրներ են եղել։

Բարդուղ Գալստյան

ԼՈՒՐԵՐ-ը զրուցել է քաղաքագետ Բարդուղ Գալստյանի հետ։ Զրույցը կենտրոնացել է 2026 թվականի առաջիկա ընտրությունների և քաղաքական բևեռացման վրա, ինչպես նաև ընդդիմության՝ մասնավորապես ռուսական ազդեցության տակ գտնվող նախկին իշխանությունների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի՝ «ֆեյք լիդերներ» լինելու թեզը, որոնք, ըստ նրա, Ռուսաստանի կողմից են տեղադրվել իշխանության:

Քաղաքագետ Բարդուղ Գալստյանը նշեց, որ որքան մոտենում են 2026 թվականի ընտրությունները, այնքան կրքերը թեժանում են։ Նա դիտարկեց, որ իշխանությունն արդեն սկսել է իր ակտիվ գործողությունները՝ ուժի կիրառման միջոցով։ Ըստ նրա՝ այդ մեթոդը պետք է կիրառվեր դեռևս 2021-2023 թվականներին, որպեսզի այն չդիտվեր որպես քաղաքական գործընթաց։ Վարդան Ղուկասյանի և նմանների հետապնդումները նոր երևույթ չեն, և եթե դրանք իրականացվեին ավելի վաղ, քաղաքական ենթատեքստ չէին ստանա։ Նա նշեց, որ Ղուկասյանի և նմանների քաղաքական գոյությունը անընդունելի է, և նման երևույթների վերացումը պետք է վաղուց տեղի ունեցած լիներ։

Գալստյանը ասաց, որ չի ուզում «ընդդիմություն» բառը կիրառել ռուսական ազդեցության տակ գտնվող ուժերի նկատմամբ, որովհետև իր կարծիքով ընդդիմությունը պետք է լինի կառուցողական, պետականամետ և առողջ ուժ։ Նրա գնահատմամբ՝ նախկին իշխանությունները և նրանց նոր ձևավորումները չեն կարող այդպիսին համարվել, քանի որ տարիներ շարունակ ծառայել են ռուսական ազդեցությանը և պահել են ստատուս քվոն՝ խոչընդոտելով Արցախի հարցի լուծմանը։ Արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը, որոնք կարող էին հանդես գալ որպես այլընտրանք, այս պահին պասիվ են։ Գալստյանի համոզմամբ՝ նրանք կրկնում են 2021 թվականի սխալները՝ չմիավորվելով և չկոնսոլիդացվելով, ինչն էլ նրանց կհանգեցնի հերթական պարտության։ Գալստյանը թվարկեց այն քաղաքական ուժերը, որոնք ըստ նրա կարող էին այլընտրանք դառնալ՝ «Հանրապետություն», «Հանուն Հանրապետության», «Եվրոպական կուսակցություն» և այլ գաղափարական կուսակցություններ։ Սակայն նա նկատեց, որ նրանց միավորումը չի կայանում հիմնականում անձնական ամբիցիաների և «հայկական հոգեբանության» պատճառով։ Եթե այս միտումը շարունակվի, ապա 2026-ի ընտրությունները կրկին կանցնեն գործող և նախկին իշխանությունների միջև։ Այնուամենայնիվ, Գալստյանը շեշտեց, որ կան որոշ առողջ քաղաքական ուժեր, որոնք կարող են հանդես գալ որպես այլընտրանք, եթե կարողանան միավորվել։

Տեղական ինքնակառավարման ընտրությունները չպետք է շփոթել համապետական ընտրությունների հետ, քանի որ տեղական ընտրություններում անհատի դերը և անձնական կապերի ազդեցությունը շատ մեծ է։ Նա նշեց, որ Գյումրու վերջին ընտրություններում իշխանությունը թույլ ներկայացվածություն ուներ, իսկ ընդդիմադիր ճյուղավորումները կարողացան միավորվել՝ Վարդան Ղուկասյանին դարձնելով քաղաքապետ։Վարդան Ղուկասյանը մեծ հեղինակություն չունի Գյումրիում, և նրա հաղթանակը պայմանավորված էր միավորման հանգամանքով, այլ ոչ թե անձնական հեղինակությամբ։

Քննարկելով հնարավոր զարգացումները՝ Գալստյանը կարծիք հայտնեց, որ եթե Ռուսաստանը հրահանգ տա, ապա նախկին նախագահները՝ Քոչարյանը, Սարգսյանը և Տեր-Պետրոսյանը, կարող են համագործակցել։ Նա վստահեցրեց, որ նրանց քաղաքական որոշումները միայն իրենցը չեն, այլ կախված են «հյուսիսային ղեկավարությունից»։ Երեք նախկին նախագահներն էլ Մոսկվայի կողմից ներդրված ֆիգուրներ են եղել։ Նրա խոսքով՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը ռուսական պլանի շարունակությունն են եղել՝ պահպանելով Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանում։ Նրանց լարվածությունը հիմնականում անձնական բնույթ ունի, սակայն անհրաժեշտության դեպքում նրանք կգործեն միասին՝ անկախ հակասություններից։

Գալստյանը նաև անդրադարձավ առաջին նախագահի՝ Ռուսաստանի ներկայությունը Անդրկովկասում անհրաժեշտ համարելու հայտարարությանը՝ նշելով, որ դա բնորոշ է նրա քաղաքական կերպարին և հաստատում է ռուսական ազդեցության շարունակականությունը։Նա պատմեց, թե ինչպես Ռոբերտ Քոչարյանը դարձել է Արցախի Գերագույն Խորհրդի նախագահ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի աջակցությամբ, և ինչպես այդ գործընթացը հետագայում հանգեցրել է նրան, որ Քոչարյանը տեղափոխվի Հայաստան՝ դառնալով վարչապետ և ապա նախագահ։ Գալստյանի համոզմամբ՝ այդ ամենը Ռուսաստանի պլանի մաս էր, որով երեք նախագահներն էլ հաջորդաբար փոխարինել են միմյանց։ Քաղաքագետը նշեց, որ Տեր-Պետրոսյանի խոսքերը՝ «նրանց բերել եմ ես և նրանց էլ ես կճանապարհեմ»,  ևս վկայում է այդ կապերի մասին։

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտարարությանը՝ Գալստյանը ասաց, որ նա խոսում է ռուսական ազդեցությամբ, որովհետև այսօր տարածաշրջանում մեծանում է Արևմուտքի դերը՝ ի դեմս Միացյալ Նահանգների, և դա ձեռնտու չէ ռուսական կողմին։ Գալստյանը չընդունեց այն պնդումը, թե Վաշինգտոնյան փաստաթուղթը Հայաստանի համար միայն վնասներ է բերել՝ նշելով, որ այստեղ միջանցքային թեմա անգամ չկա։ Ըստ նրա՝ խոսքը պարզապես ճանապարհի մասին է, որից կօգտվի նաև Հայաստանը։ Նա ընդգծեց, որ թեև այս փուլում Ադրբեջանը գուցե ավելի շահեկան դիրք ունի, բայց վաղաժամ է ասել, որ Հայաստանը ոչինչ չի շահել։ Գալստյանը կարևորեց այն հանգամանքը, որ «միջանցք» արտատարածքային տերմինը փաստաթղթից հանվել է՝ դա համարելով այս պահին Հայաստանի հաջողություններից մեկը։ Վերջում նա նշեց, որ փաստաթղթի իրական հետևանքները կերևան ժամանակի ընթացքում, և այժմ կանխավ գնահատական տալը լուրջ չէ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *