Հայաստան

Մրցավազք Հանուն Պուտինի

Քոչարյանը չի կարող հավատալ իշխանության խաղաղության օրակարգին, քանի որ նա չի ճանաչում Հայաստանի ժողովրդին։ Նրանք օտար են հայ իրականությանը։ Մարդիկ, ովքեր տհաճությամբ են գնում գյուղեր, չեն շփվում ժողովրդի հետ, չեն ճանաչում երկիրը։ 

Հասմիկ Հակոբյան

Armtimes-ը զրուցել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են ՀՀ երկրորդ ու երրորդ նախագահների հարցազրույցները։

Քաղաքացիական Պայմանագիր խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը նշեց, որ երկրորդ և երրորդ նախագահների վերջին հարցազրույցները, ըստ էության, կրկին ուղղված էին Հայաստանի դեմ վկայություն տալուն։ Նա ասաց, որ իրենց խոսքում որևէ նոր բան չկար, բացի մի քանի աննշան մանրուքներից։ Ըստ պատգամավորի՝ նախկին ղեկավարները փորձում էին ցույց տալ, թե իրենք այլևս պատասխանատվություն չունեն Հայաստանի ճակատագրի հանդեպ, և, իրականում, գալիս էին ասելու, որ Հայաստանը երբեք իրենց հայրենիքը չի լինելու։

Նրանց խոսքում առկա է հին ու վտանգավոր մոտեցում՝ ներքին հակասությունները մի կողմ դնելով՝ նորից արտաքին կոնֆլիկտ հրահրելու միտում։ Նա ասաց, որ երբ Քոչարյանը խոսում է ավելի մեծ տարածքային նկրտումների մասին, դա ուղիղ նշանակում է նոր պատերազմ, որովհետև նման մոտեցումները անխուսափելիորեն բերում են բախման։ Պատգամավորն ընդգծեց, որ Ռոբերտ Քոչարյանի այն դիտարկումը, թե Ադրբեջանի կողմից խաղաղությունը կախված է մեկ մարդու կամքից, իրականում հակասում է ինքն իրեն։ Հակոբյանի խոսքով՝ եթե Ադրբեջանը, ըստ Քոչարյանի, կարող է իր կամքով պատերազմ սկսել, ապա ինչու չի անում․ սա նշանակում է, որ նա ևս խաղաղություն է ցանկանում, և հենց դա է Հայաստանի արտաքին քաղաքականության հաջողությունը՝ դիվանագիտական աշխատանքի արդյունքում հասնել նրան, որ Ադրբեջանը չի ցանկանում պատերազմել։

Քոչարյանը չի կարող հավատալ իշխանության խաղաղության օրակարգին, քանի որ նա չի ճանաչում Հայաստանի ժողովրդին․ «Նրանք օտար են հայ իրականությանը։ Մարդիկ, ովքեր տհաճությամբ են գնում գյուղեր, չեն շփվում ժողովրդի հետ, չեն ճանաչում երկիրը», — նշեց պատգամավորը։ Նախկին նախագահների ռուսամետ ցուցադրական ելույթները ավելի շուտ հիշեցնում են «դեֆիլե» (նորաձևության ցուցադրություն)՝ նրանք փորձում են մրցել, թե ով ավելի շատ կգոհացնի Ռուսաստանին, հույս ունենալով, որ այնտեղից «դաբրո»(աջակցություն, հավանություն) կստանան։ Նա ընդգծեց, որ նրանք չեն հասկանում՝ Հայաստանի իշխանությունը ձևավորում է ժողովուրդը, ոչ թե արտաքին ուժերը։

Խոսելով Սամվել Կարապետյանի և նրա շրջապատի հայտարարությունների մասին՝ պատգամավորը նշեց, որ այդ հայտարարություններում նույնիսկ արդարացվում են Ադրբեջանի գործողությունները, երբ ասվում է, թե Հայաստանը ինքն է տեղափոխել Ղարաբաղի հայերին․«Սա Հայաստանի դեմ ուղղված խոսույթ է։ Դա նշանակում է՝ արդարացնել էթնիկ զտումները», — ասաց նա։ Հասմիկ Հակոբյանը շեշտեց, որ նման հայտարարությունները վտանգավոր են, քանի որ կարող են օգտագործվել Ադրբեջանի կողմից՝ որպես ապացույց, թե Հայաստանը է հրահրել պատերազմը։ Նա համոզված է, որ հենց նման խոսույթներն են թույլ տալիս թշնամուն ձևավորել շահեկան միջազգային պատկեր։ Նա նշեց, որ իրականում միջազգային հանրությունն ընդունել է՝ Ադրբեջանն է եղել ագրեսորը, և միայն նախկին ղեկավարներն են շարունակում հակառակ պնդել՝ ավելի շատ նմանվելով Ադրբեջանի քարոզչությանը։

Պատգամավորը հավելեց, որ նման հայտարարությունները ոչ միայն վնասում են պետության անվտանգությանը, այլև վիրավորում պատերազմ տեսած և զոհեր ունեցող մարդկանց՝ ասելով, թե հայերն են պատերազմը սկսել։

Նախկին ղեկավարների նպատակը իշխանության վերադարձը չէ, այլ պարզապես քաղաքական դաշտում գոյատևելն ու իրենց ապօրինի գույքը պաշտպանելը։ Նա նշեց, որ հենց դրա համար էլ նրանք իրենց քննադատության հիմքում միշտ ներկայացնում են՝ իբր քաղաքական հալածանքների ենթարկված ընդդիմություն են։

Անդրադառնալով դատական համակարգի աշխատանքին՝ պատգամավորը ասաց, որ, այո՛, շատերը սպասում են ավելի արագ արդարադատության, բայց իշխանությունը չի կարող միջամտել․ «Մենք չենք ուզում, որ հին ժամանակների պես քաղաքական հրահանգներով որոշումներ ընդունվեն», — նշեց նա։ Բարեփոխումների ընթացքը դատական համակարգում դանդաղ, բայց շարունակական է։ Միևնույն ժամանակ ընդգծեց, որ չի կարելի չնկատել նաև դրական փոփոխությունները, որոնք արդեն արձանագրվում են՝ թե՛ արագ արձագանքման, թե՛ անկախության առումով։

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հայտարարություններին՝ Հասմիկ Հակոբյանը ասաց, որ նրանք շարունակում են վիրավորված մնալ այն փաստից, որ ժողովուրդը հեղափոխության միջոցով մերժեց իրենց և կրկին ընտրեց նույն իշխանությանը՝ չնայած պատերազմից հետո եղած բարդություններին։ Նրա խոսքով՝ ժողովուրդը հստակ հասկացել է, թե ով է մեղավոր Ղարաբաղի կորստի մեջ, և դրա համար էլ քվեն տվել է այն ուժին, որը մերժում է նախկինների մտածողությունը։ Նախկին ղեկավարները ժողովրդին երբեք չեն ընկալել որպես ինքնուրույն քաղաքական սուբյեկտ․ «Նրանք ժողովրդին համարումէին պարզապես քվեարկության նյութ, ոչ թե որոշում կայացնող ուժ», — ասաց նա։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորը նաև նշեց, որ նախկին ղեկավարների խոսակցությունները ժողովրդին չեն ուղղված․ դրանք ավելի շատ օտարուժերին են՝ նպատակ ունենալով նորից վաստակել նրանց վստահությունը։ Նրա խոսքով՝ այդ հարցազրույցներում նույնիսկ գերիների թեման չենհիշատակում, որովհետև ժողովրդի ցավը նրանց համար կարևոր չէ։

Անդրադառնալով կրթական հաստատությունների թիրախավորմանը՝ պատգամավորը նկատեց, որ նախկինները երբեք չեն գնահատել կրթությունը, քանի որ իրենց պետք չէր կրթված հասարակություն։ Նրա խոսքով՝ հենց այդ մտածելակերպն է հանգեցրել նրան, որ կրթական հաստատությունների մի մասը մասնավորեցվել էր և օգտագործվում էր ոչ թե երեխաների, այլ բիզնես նպատակներով։ Այսօր Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ է մղվում, և այդ պայմաններում անհրաժեշտ է նաև տեղեկատվական անվտանգության ամրապնդում։ Նա ասաց, որ Հայաստանը ուսումնասիրում է  Մոլդովայի փորձը՝ հակազդելու նման ներգործություններին, և որոշ միջամտություններ, որոնք գուցե ոմանց դուր չգան, կարող են լինել անխուսափելի, եթե դրանք բխում են պետական շահերից։ Նախկին ղեկավարները սպառնալիքներով են խոսում՝ հայտարարելով, թե բոլոր հարցերի պատասխանները կտրվեն միայն իշխանափոխությունից հետո․ «Բայց ժողովուրդն այլևս նրանց չի սպասում։ Նա իր ընտրությունն արել է», —եզրափակեց  պատգամավորը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *