ՄԵՐ ՈՒՂԻՆ

Դաշնակցությունը Պուտինի Դե՞մ Է Գործել

Տեղի ունեցած առանձնազրույցի ժամանակ ԱՀ Նախագահը  գոհունակության խոսքեր է հղել Փարիզի քաղաքապետին` ցուցաբերած նախաձեռնողականության եւ համարձակության համար, ընդգծել, որ Արցախի իշխանությունները շատ բարձր են գնահատում Ֆրանսիայի քաղաքական շրջանակների հետ պարբերական շփումները:

Վահրամ Աթանեսյան

Վերջին օրերին սոցիալական մեդիայում տեսակետ է շրջանառվել, որ Արցախի կորուստը «կազմակերպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը»: Տեսակետը հիմնավորվում է նրանով, որ Պուտինը «Ֆրանսիային դուրս է մղել Աֆրիկայից, ի պատասխան Մակրոնն ամեն ինչ արել է, որպեսզի Ռուսաստանը հեռանա Լեռնային Ղարաբաղից»: Դժվար է պարզել, այդ խոսույթը բացառապես անհատական-փորձագիտակա՞ն է, թե՞ ունի քաղաքական ենթատեքստ եւ նշանակություն, բայց ամեն դեպքում որոշակի հետաքրքրություն ներկայացնում է: Մանավանդ եթե դիտարկենք ֆրանսիական կողմից Արցախի նկատմամբ ուշադրությունը, որ դրսեւորվել է քառասունչորսօրյա պատերազմից հետո:

Այսպես, 2021 թվականի դեկտեմբերի  22-ին Ֆրանսիայի նախագահի պաշտոնին հավակնող Վալերի Պեկրեսը  մեկնել է Արցախ։ Այս մասին Թվիթերի իր էջում գրել է France TV-ի լրագրող Ժուլիեն Նենին։ «Վալերի Պեկրեսը մեկնել է Լեռնային Ղարաբաղ։ Այնտեղ նա հանդիպել է տեղի քաղաքական գործիչների հետ։ Անվտանգության նկատառումներով այցը չի լուսաբանվել Հայաստանում ֆրանսիական լրատվամիջոցների մեծ մասի, այդ թվում՝ France TV-ի կողմից»,- գրել է լրագրողը։ 

Վալերի Պեկրեսը Ֆրանսիայի Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահն էր։ 2022-ի նախագահական ընտրություններում «Հանրապետականների» նախագահի թեկնածուն:  

2022թ. մայիսի 27-ին  Արցախի  նախագահ Արայիկ Հարությունյանը Գորիսում ընդունել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին: Տեղի ունեցած առանձնազրույցի ժամանակ ԱՀ Նախագահը  գոհունակության խոսքեր է հղել Փարիզի քաղաքապետին` ցուցաբերած նախաձեռնողականության եւ համարձակության համար, ընդգծել, որ Արցախի իշխանությունները շատ բարձր են գնահատում Ֆրանսիայի քաղաքական շրջանակների հետ պարբերական շփումները: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Անն Իդալգոն նշել է, որ Փարիզը պատրաստակամ է գործադրել անհրաժեշտ ջանքեր Արցախի ժողովրդին մարդասիրական ծրագրերի շրջանակում աջակցություն ցուցաբերելու համար:  Փարիզի քաղաքապետին ուղեկցել են «Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամներ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի պատասխանատուներ, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը»:

Պաշտոնական հաղորդագրությունը չի մանրամասնել, թե ՀՅԴ Բյուրոյի անդամներից ովքեր են Գորիս ուղեկցել Փարիզի քաղաքապետ Իդալգոյին եւ ի՞նչ մասնակցություն են ունեցել այդ այցելության կազմակերպմանը: 

Նույն տարվա դեկտեմբերի 8-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն Անն Իդալգոյին հանդիպել է արդեն Փարիզի քաղաքապետարանում: Արայիկ Հարությունյանի այդ այցի մասին պաշտոնական տեղեկատվությունը չափազանց սուղ է, բայց վստահելի աղբյուրները հաստատում են, որ այն կազմակերպվել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի եւ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի տնօրեն Գասպար Կարամբեդյանի նախաձեռնությամբ: 

Նույն աղբյուրները վկայում են, որ 2022թ. նոյեմբերի 23-ին ՌԴ նախագահ Պուտինը, որ աշխատանքային այցով գտնվում էր Երեւանում, Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ  15 րոպեանոց առանձնազրույց է ունեցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Այդ մակարդակի հանդիպումից հետո Արայիկ Հարությունյանն ինչու՞ է այցելել Փարիզ, ի՞նչ ակնկալիքներ է ունեցել: 

ԸՆդգծենք, որ Արայիկ Հարությունյանը դեռեւս Փարիզում էր, երբ ադրբեջանական կողմը վերջնականապես փակեց Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհը: Ստացվում է, որ Ռուսաստանն, իրոք, կարող էր ի հակակշիռ Արցախի հանդեպ ֆրանսիական կողմի հետաքրքրվածության, պատժել Արայիկ Հարությունյանին եւ արցախցիներին: Բայց Դաշնակցությունն ինչու՞ է նպաստել, որ Պուտինն Արայիկ Հարությունյանին կասկածի Ֆրանսիայի հետ գաղտնի պայմանավորվածություններ ձեռք բերելու մտադրության մեջ: ՀՅԴ-ն Ֆրանսիայում հանուն Մակրոնի եւ ընդդեմ Պուտինի՞ է գործել: Բայց չէ՞ որ ընդդեմ Պուտինին գործել, նշանակում էր աշխատել նաեւ ընդդեմ Արցախի, ասել է թե՝ հօգուտ Ադրբեջանի:

Վահրամ Աթանեսյան

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *