Քոչարյանի «հզոր տնտեսությունը» մնաց միայն իր խոսքերի մեջ։ Իրականությունն այն է, որ Հայաստանի ամենաթանկ գույքը վաճառվեց ամենաէժան գնով, իսկ ժողովուրդը մնաց առանց սեփականության, առանց ձայնի, առանց վստահության։
Մկրտիչ Իսրայելյան
Երբ այսօր Ռոբերտ Քոչարյանը հպարտորեն հայտարարում է, թե իր իշխանության տարիներին Հայաստանը զարգանում էր, տնտեսությունը կայուն էր, ներդրումները աճում էին, արժե հիշել մի քանի պարզ և ցավալի փաստ. այդ «զարգացման» հիմքում դրված էր ազգային հարստության վաճառքը՝ բառի ամենաուղիղ իմաստով։
Քոչարյանի իշխանությունը դարձավ այն շրջանը, երբ Հայաստանի ամենակարևոր պետական, ազգային օբյեկտները բառացիորեն կոպեկներով անցան օտարի և մասնավորի ձեռքը։
«Արմենթելը», «Երևանի կոնյակի գործարանը», «Արարատ» հյուրանոցը, էներգետիկ համակարգի որոշ հատվածներ՝ բոլորը վաճառվեցին կասկածելի և մութ գործարքներով։ Մի մասը՝ այսպես կոչված «գույք պարտքի դիմաց» ծրագրով, որն իրականում պարտքի մարման անվան տակ ազգային ունեցվածքի հանձնումն էր Ռուսաստանին, առանց հաշվարկի, առանց արժեվորման, առանց շահույթի Հայաստանի համար։
Օրինակ՝ Երևանի կոնյակի գործարանը վաճառվեց ընդամենը 30 միլիոն դոլարով, այն դեպքում, երբ գործարանը ուներ տասնյակ միլիոնավոր դոլարների արժեք ունեցող ենթակառուցվածքներ, հողատարածք և համաշխարհային ճանաչում ունեցող ապրանքանիշ։ Իսկ «Արմենթելը», որը Հայաստանի միակ կապի օպերատորն էր, վաճառվեց այնպես, որ պետությունը ոչ միայն կորցրեց ոլորտի վերահսկողությունը, այլև տասնամյակներով կախման մեջ մնաց օտար մենաշնորհից։
Բայց ամենախայտառակ պատմությունը հենց «գույք պարտքի դիմաց» ծրագրինն էր։ Քոչարյանի իշխանությունը համաձայնեց Ռուսաստանին հանձնել ռազմավարական նշանակության օբյեկտներ՝ չնչին պարտքերի դիմաց, որոնք նույնիսկ ամբողջությամբ վիճահարույց էին։ Այդ գույքը ներառում էր էներգետիկ ենթակառուցվածքներ, գիտահետազոտական կենտրոններ, արդյունաբերական ձեռնարկություններ։ Այլ կերպ ասած՝ Հայաստանը կորցրեց իր տնտեսական ինքնուրույնությունը՝ ռուսական «բարեկամական» պարտքի դիմաց։
Եվ այսօր նույն Ռոբերտ Քոչարյանը, առանց ամաչելու, խոսում է, թե իբր իր օրոք եղել է տնտեսական աճ, արդյունաբերական վերածնունդ, ներդրումային բում։
Հարցը պարզ է, եթե «բում» ասելով նկատի ունի ազգային ունեցվածքի վաճառքից ստացված մեկանգամյա գումարները, ապա՝ այո, եղել է։ Բայց այդ գումարները ծառայեցին ոչ թե ժողովրդի բարեկեցությանը, այլ իշխանական օլիգարխիկ շրջանակներին, որոնք Քոչարյանի հովանավորությամբ ստեղծեցին իրենց կայսրությունները։
Քոչարյանի տնտեսական քաղաքականությունը ոչ թե զարգացում էր, այլ համակարգված սեփականաշնորհման ծրագիր՝ ի նպաստ նեղ խմբի և ի վնաս պետության։
Հայաստանը կորցրեց անկախ տնտեսական կառավարման լծակները, իսկ հասարակությունը՝ վստահությունը պետության նկատմամբ։
Եվ այսօր, երբ Քոչարյանը կրկին փորձում է վերադառնալ քաղաքական դաշտ, ներկայացնելով իրեն որպես «փորձառու տնտեսագետ» և «պետական գործիչ», արժե հիշեցնել՝ նա այն մարդն էր, որը Հայաստանի տնտեսական ողնաշարը կոպեկների դիմաց դրեց օտար ազդեցությունների տակ, իսկ հետո հայտարարում էր իբր կառուցեցինք հզոր պետություն։
Իրականում նա կառուցեց համակարգ, որը ծառայում էր ոչ թե պետությանը, այլ սեփական իշխանության պահպանմանը, ռուսական ազդեցությանը և անձնական հարստացմանը։
Քոչարյանի «հզոր տնտեսությունը» մնաց միայն իր խոսքերի մեջ։ Իրականությունն այն է, որ Հայաստանի ամենաթանկ գույքը վաճառվեց ամենաէժան գնով, իսկ ժողովուրդը մնաց առանց սեփականության, առանց ձայնի, առանց վստահության։
Սա է Քոչարյանի տնտեսական ժառանգությունը՝ վաճառված պետություն և կորցրած ապագա։
Մկրտիչ Իսրայելյան
Աղբյուրը՝https://zarkerak.am/show/140899
