ՄԵՐ ՈՒՂԻՆ

ՀԱԿ-ի Բացառիկության Կորուստը Վանո Սիրադեղյանի Մեղքը Չէ

Սկզբունքորեն ՀԱԿ-ը ոչինչ չի ասում նաեւ այսօր: Նիկոլ Փաշինյանի հասցեին Լեւոն Տեր-Պետրոսյանի, Լեւոն Զուրաբյանի եւ Արամ Մանուկյանի կողմից հնչեցվող ծաղրական կամ վիրավորական արտահայտություններից Հայաստանը ոչինչ չի շահում: Ընդհակառակը, կորցնում է, որովհետեւ այդ հակաքարոզչությունը մի շատ զգալի մասով հեղինակազրկում է առաջին նախագահին, իսկ քաղաքական այլընտրանք չի ստեղծում: 

Վահրամ Աթանեսյան

Վանո Սիրադեղյանի ծննդյան տարեդարձի առթիվ ՀԱԿ-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջը ցիտել է նրան. «Ադրբեջանցիները էլի կվարձակալեն Հայաստանի սարը (որովհետև հայերը անասնապահ չեն, այլ պատմության մասնագետ), տարին յոթ ամիս անասուն կպահեն-կապրեն Վայքի, Սիսիանի, Շամշադինի, Ամասիայի, Դիլիջանի, Սևանի սարերում: Ու երբ հայաստանցիք շաբաթ-կիրակի ուզենան մայովկի գնալ և հայավարի ուշ արթնանալով (ոչ այնքան ուշ, որ շփոթես արիստոկրատի հետ, ոչ էլ վաղ՝ աշխատավոր մարդու նման), այդպես անորոշ մի ժամի երբ արթնանան ու փորձեն իրենց անտառներում ու սարերում աղբյուր գտնել՝ մոտը հանգրվանելու համար, զարմանքով կտեսնեն, որ տասնհինգ տարի առաջվա նման՝ ազերիները արդեն հասցրել են իրենց հարթավայրերից ավելի շուտ տեղ հասնել ու բազմել մեր աղբյուրների գլխին, և նույնիսկ արդեն քերթել են գառը և կրակ են գցել սամովարը»: 

Մի անգամ ասել եմ, կրկնեմ. Վանո Սիրադեղյանը մարգարե չէր, պարզապես իր ահռելի տեղեկացվածությունը վերածել է «թեթեւ ժանրի» գրականության կամ, ավելի ճիշտ՝ բելետրիստիկայի(ֆրանսերեն՝ նորավեպ): Բայց այս դեպքում կարեւոր է, թե ՀԱԿ-ն ինչու՞ հատկապես նրա այդ «կանխատեսումն» է հիշեցրել: Դա Վանո Սիրադեղյանի հիշատակին տու՞րք է, քաղաքական զգուշացու՞մ, թե՞՝ «կատարված փաստի արձանագրում»: 

ՀԱԿ-ն ինչու՞ չի հիշել 1996-ի նախագահական ընտրությունների մասին Վանո Սիրադեղյանի դիտարկումները, այն, որ նա ակնհայտ դժգոհություն է հայտնել ներքին գործերի նախարարի պաշտոնից իրեն հեռացնելու որոշման դեմ եւ ըստ էության հասկացրել, որ 1998-ի իշխանափոխությունը տեղի չէր ունենա, եթե ինքը մնար Հայաստանի ուժային երկրորդ կառույցի ղեկավար: Բայց այդ էլ մի կողմ թողնենք եւ ավելի առարկայական հարցադրում անենք. երբ Վանո Սիրադեղյանն արտերկրից գրում էր մեջբերված տողերը եւ «Հայկական ժամանակ» թերթում հրապարակում «Ավետիս Հարությունյան» կեղծանունով, ՀԱԿ-ում կարդու՞մ էին, նրա կանխատեսումը կիսու՞մ էին: Եթե համամիտ էին, տեսնում էին այդ մռայլ հեռանկարը, ապա ինչու՞ էին լռում, Հայաստանի եւ Արցախի հանրությանն ինչու՞ չէին իրազեկում, որ ղարաբաղյան կարգավորման բանակցություններ ըստ էության չկան, գործընթացը փակուղի է մտել: 

1998-ի իշխանափոխությունից հետո Ղարաբաղյան կարգավորման բանակցությունները  երեք փուլ են անցել՝ «ԸՆդհանուր պետություն» առաջարկություն, «տարածքների կամ սուվերեն միջանցքների փոխանակում» եւ «մադրիդյան սկզբունքներ», որոնց մասին առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը խոսել է միայն 2008թ. նախագահական ընտրությունների քարոզարշավի ելույթներում: 

Սկզբունքորեն ՀԱԿ-ը ոչինչ չի ասում նաեւ այսօր: Նիկոլ Փաշինյանի հասցեին Լեւոն Տեր-Պետրոսյանի, Լեւոն Զուրաբյանի եւ Արամ Մանուկյանի կողմից հնչեցվող ծաղրական կամ վիրավորական արտահայտություններից Հայաստանը ոչինչ չի շահում: Ընդհակառակը, կորցնում է, որովհետեւ այդ հակաքարոզչությունը մի շատ զգալի մասով հեղինակազրկում է առաջին նախագահին, իսկ քաղաքական այլընտրանք չի ստեղծում: 

Ըստ երեւույթին, ՀԱԿ-ի հեղինակությանը ոչինչ չի ավելացնում նաեւ Վանո Սիրադեղյանի հանդեպ շատ ուշացած «խանդաղատանքը»: Եթե նա իրոք Ղարաբաղյան Շարժման ասպետն էր, ինչպես ասում են նաեւ ՀԱԿ-ում, ապա այդպես էլ մնացել է որպես բացառիկ կամ բացառություն: Թե ինչու՞ ՀԱԿ-ը չմնաց եւ չի կարողանում վերականգնել բացառիկի քաղաքական կշիռը, երեւի թե դրանում Վանո Սիրադեղյանի պատասխանատվության բաժինն ամենաքիչն է: 

Վահրամ Աթանեսյան

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *