ՄԵՐ ՈՒՂԻՆ

Փաշինյանի Եզրափակիչ Ելույթը ԱԺ-ում

Նախկին ազդեցության շրջանակից Հայաստանի դուրս գալն է պատճառը, որ այդ ուժերը փորձում են հասարակության մեջ քամահրանք ու անվստահություն հրահրել ներկայիս Հայաստանի հանդեպ։ 2018 թվականի Հայաստանը՝ «այլ երկրի գրպանում գտնվող» երկիր էր, և 2025 թվականի Հայաստանը՝ ինքնիշխան կամքի կենտրոն ունեցող պետություն։

Մեր Ուղին

Ներկայացնում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթը ԱԺ-ում, որտեղ Փաշինյանը քննադատում է նախկին իշխանություններին՝ մասնավորապես Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին, մեղադրելով նրանց այլ երկրի ազդեցության գործակալներ լինելու և երկիրը թակարդում պահելու մեջ: Նա շեշտում է Հայաստանի ինքնիշխանությունը և կարևորում է երկրի դուրս գալը «գրպանից», ինչպես նա է անվանում: Վարչապետը պաշտպանում է իր կառավարության խաղաղության օրակարգը, ընդգծելով ձեռքբերումները տնտեսական զարգացման և սոցիալական բարելավումների ոլորտում, ինչպես նաև խոսում է զենքի գնումների և պարտքի աճի մասին՝ բացատրելով դա անվտանգության կարիքներով:

Վարչապետը նշեց, որ իր տպավորությամբ Հայաստանի քաղաքացիները հաճախ նյարդայնանում են և մեղադրում հենց իշխանական ուժին այն բանի մեջ, որ նրանք շարունակում են արձագանքել Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին ու նրանց առաջնորդած ուժերին։ Ըստ վարչապետ Փաշինյանի, վերջին շրջանի արձագանքները ցույց են տալիս, որ որոշ քաղաքացիներ կարծում են՝ այդ քննարկումները իշխանության համար հարմար թեմա են, որի մեջ նրանք մտնում են, որպեսզի խուսափեն իրական խնդիրների քննարկումից։

Վարչապետի դիտարկմամբ՝ իրական խնդիրը այլ տեղ է․ խորհրդարանական կառավարման առանձնահատկությունն այն է, որ հիմնական խոսակցությունը պետք է լինի մեծամասնություն –ընդդիմություն դաշտում։ Փաշինյանը վստահեցրեց, որ այդ «թնջուկը» պետք է լուծվի, իսկ լուծումն այն է, որ առաջիկա ընտրություններում նախկին նախագահների առաջնորդած ուժերը պարզապես չհայտնվեն Ազգային ժողովում։ Վարչապետը եզրակացրեց, որ մինչև նրանք քաղաքական համակարգում են, իրավիճակը չի փոխվի։

Փաշինյանը պատմեց վերջին օրերին տեղի ունեցած դրվագի մասին, երբ ընդդիմադիր պատգամավորն իրեն մեղադրել էր զինված ուժերում «այլ երկրի ազդեցության գործակալի» բարձր պաշտոն նշանակելու մեջ, իսկ հաջորդ օրը նույն պատգամավորն արդեն նույն անձին ներկայացրել էր որպես «հալածյալ»։ Վարչապետը ասաց, որ սա վկայում է միասնական հրահանգավորված վարքի մասին՝ չնայած ընդդիմադիրների անձնական հակասություններին։

Վարչապետ Փաշինյանը ընդգծեց, որ այսպիսի խնդիրները պետք է լուծվեն ընտրություններում, քանի որ տարբեր ելույթները ցույց են տալիս՝ այդ ուժերի առաջնորդները նույնպես ենթադրաբար հանդիսանում են այլ երկրի ազդեցության գործակալներ։ Նրա համոզմամբ, ամբողջ քննարկումները հենց այդ մասին են։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նախկին ազդեցության շրջանակից Հայաստանի դուրս գալն է պատճառը, որ այդ ուժերը փորձում են հասարակության մեջ քամահրանք ու անվստահություն հրահրել ներկայիս Հայաստանի հանդեպ։ Վարչապետը համեմատեց 2018 թվականի Հայաստանը՝ «այլ երկրի գրպանում գտնվող» երկիր, և 2025 թվականի Հայաստանը՝ ինքնիշխան կամքի կենտրոն ունեցող պետություն։

Վարչապետը շեշտեց, որ Հայաստանը այդ գրպանում է հայտնվել միայն Ղարաբաղի հարցով։ Նրա խոսքով, 2018–2022 թվականներին բանակի ընդհանուր հոգեբանական մթնոլորտը ևս եղել է արտաքին ազդեցության տրամաբանության մեջ, անկախ նրանից՝ կոնկրետ անհատները ինչ դիրքորոշումներ են ունեցել։

Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի Հանրապետությունը դուրս է բերվել «թակարդից»։ Նա ընդգծեց, որ վերջին տարիների բոլոր ճնշումների պատճառը մի բան է՝ Հայաստանը չի կատարել այն զիջումները, որոնք իրենից ակնկալվել են։ Վարչապետն ասաց, որ բանակցային փաթեթների հրապարակմամբ պարզ կդառնա՝ ինչ էին իրականում պահանջում Հայաստանից․ նրա համոզմամբ՝ պահանջվում էր Հայաստանի անկախության ու ինքնիշխանության կորուստ։

Նիկոլ Փաշինյանը նաև անդրադարձավ ընդդիմության մեղադրանքներին բանակի, եկեղեցու և արտաքին ազդեցության հարցերով՝ հայտարարելով, որ հենց ընդդիմադիր որոշ կուսակցություններ պատմականորեն եղել են այդ երկրի ազդեցության գործակալական ցանցի մաս՝ ամբողջ աշխարհի մակարդակով։ Վարչապետը նշեց, որ Հայաստանը պետք է որոշի՝ հանդուրժու՞մ է իր խորհրդարանում և իր սրբագույն կառույցներում նման ազդեցության ցանցերի գոյությունը։ Փաշինյանի պատասխանն էր՝ «ոչ»։

Վարչապետը հայտարարեց, որ 2025 թվականի Հայաստանը լավ երկիր է, որը կարողանում է առերեսվել իր խնդիրներին։ Նա նորից անդրադարձավ ծրագրերի թեմային՝ ընդգծելով, որ աշխարհում ոչ մի կառավարություն իր ծրագրի 100 տոկոսը չի իրականացնում։ Նրա խոսքով՝ ծրագրում արձանագրվում են լուծման ենթակա խնդիրները, իսկ իրենց ծրագրի «մեծագույն» առաքելությունը խաղաղ զարգացման դարաշրջան բացելն էր։ Փաշինյանը ասաց, որ այդ առաքելությունը կատարված է։

Վարչապետի համոզմամբ՝ խաղաղությունը այն է, երբ մեկ տարի ութ ամիս սահմանին զինվոր չի զոհվում, երբ սահմանամերձ բնակավայրերում ամիսներ շարունակ կրակոց չի լսվում, երբ վերջին 30 տարում առաջին անգամ Ադրբեջանից գնացք է մտնում Հայաստան՝ բերելով ցորեն, որն օգտագործվում է հայաստանյան տնտեսության ու կյանքի համար։

Փաշինյանը քննադատեց ընդդիմության կողմից պարտքերն աճեցնելու մեղադրանքները՝ հայտարարելով, որ պարտքով ձեռք են բերել զենք, որն այսօր կարելի է տեղում ցույց տալ՝ համեմատելով այն նախկին բանակի տեխնիկայի հետ։ Նա հիշեցրեց նաև, որ COVID-ի և պատերազմի ժամանակ նույնպես վարկեր են վերցվել՝ պետությունը կանգուն պահելու համար։

Վարչապետն ասաց, որ 44-օրյա պատերազմի՝ զեկույցի գաղտնի կարգավիճակը երբեք չի փոխվելու, որովհետև այդպես էր նախատեսված ի սկզբանե, և որ ինքը այդ պատերազմից հետո արդեն կիսել է այնքան տեղեկություններ, որքան ցանկացած հանձնաժողով չէր կարող հավաքել։

Փաշինյանը նշեց, որ սահմանազատման արդյունքում պետք է լուծվի Արծվաշենի հարցը և մյուս օկուպացված տարածքների վերադարձի խնդիրը։ Նա քննադատեց ընդդիմադիրների մի մասի՝ «ամեն ինչ տվել եք» կամ «ամեն ինչ կորցրել եք» արտահայտությունները՝ նշելով, որ այդ գնահատականները գալիս են անտեղյակությունից։

Ֆինանսների, սոցիալական ծրագրերի և բյուջետային քաղաքականության մասին խոսելիս վարչապետը նշեց, որ ընդդիմությունն անտեսում է այն, որ դպրոցները, մանկապարտեզները, ջրամատակարարման համակարգերը կառուցվում են հենց «մարդու համար»։ Փաշինյանը մեղադրեց նախկին իշխանություններին, որ նրանք իրենց երեխաներին սովորեցրել են արտերկրում, մինչդեռ Հայաստանի երեխաները դպրոց չունեին՝ դառնալով սոցիալական աղքատության վերարտադրության աղբյուր։

Վարչապետը անդրադարձավ նաև Արցախի մասին ծրագրային դրույթներին՝ նշելով, որ դրանց հետևելը բուլդոզերի պես կնշանակեր պետության կորուստ։ Նրա խոսքով, բանակցային փաստաթղթերը շուտով կհրապարակվեն, և կտեսնվի, որ Ղարաբաղի անկախության մասին պատկերացումները «ֆեյք» են եղել։ Փաշինյանը հայտարարեց, որ միայն իր ղեկավարած ուժը կարող էր անցնել այս ճանապարհով, և որ եթե իշխանություն լիներ որևէ այլ քաղաքական ուժ, այսօր Հայաստան պետություն հնարավոր է գոյություն չունենար։

Վարչապետ Փաշինյանը խոստովանեց, որ որոշ փուլերում որոշումները եղել են ինտուիտիվ, որովհետև պետության կառավարման մասին գիտելիքը նոր էր ձևավորվում։ Սակայն այսօր նա վստահ է՝ ընտրված ուղին ճիշտ էր։ Նա շեշտեց, որ իրենց գլխավոր ծրագիրը եղել է Հայաստանի Հանրապետության հարատևության ապահովումը որպես ինքնիշխան պետություն, և այդ նպատակին իրենք հետևողականորեն հասնում են։

Անդրադառնալով զինատեսակների գնման թեմային՝ Փաշինյանը ասաց, որ մինչև 2022 թվականի հոկտեմբերի 6-ը ոչ մի երկիր պատրաստ չէր Հայաստանին զենք վաճառել՝ վստահ չլինելով, որ այն չի օգտագործվի միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս։ Այս ճանապարհը, ըստ նրա, բացվել է միայն այն ժամանակ, երբ Հայաստանը հստակ ճանաչել է իր տարածքային ամբողջականությունը։

Ելույթի տեսագրությունն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *