Կան վստահելի աղբյուրներից տեղեկություններ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Հենրիխ Պողոսյանի գործադրած ջանքերի շնորհիվ Մոսկվան «սկզբունքորեն համաձայնություն է տվել, որ Լեռնային Ղարաբաղի ինքնավարության ամրապնդման եւ սոցիալ-տնտեսական եւ մշակութային ինքնուրույնության ապահովման համար պետք է կամ միութեանական օրենք, կամ ԼՂ սահմանադրություն ընդունվի»:
Վահրամ Աթանեսյան
Մաս 1
1991թ. հուլիսի 19-ին Ստեփանակերտում գումարվել է Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի նիստ: Այն քննարկել է ստեղծված ճգնաժամային իրավիճակը եւ ելքի հնարավորությունը: Քաղաքական շրջանակներում այդ նիստը հայտնի է «առճակատումից երկխոսության անցնելու» կարգախոսի հրապարակայնացմամբ: Ըստ աղբյուրների, բուռն բանավեճերը տեւել են երկու օր: Ընդ որում, մասնակիցների մեծամասնությունը դեմ է արտահայտվել Ադրբեջանի իշխանությունների հետ երկխոսության գաղափարին:
Այդուհանդերձ, մարզխորհրդի գործկոմի նախագահի պաշտոնակատար Լեոնարդ Պետրոսյանի գլխավորությամբ ձեւավորվել է պատվիրակություն, որի կազմում ընդգրկվել են շրջանների գործկոմների նախագահները եւ կուսակցության մարզկոմի բաժնի վարիչ Վալերի Գրիգորյանը: Պատվիրակությունը հուլիսի 21-ին մեկնել է Բաքու եւ բանակցություններ վարել Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովի հետ: Այդ հանդիպման արդյունքներով փաստաթուղթ չի ստորագրվել, բայց «Կոլցո» ռազմագործողության ընթացքը փաստացի դադարեցվել է:
ԼՂ հարցում Ադրբեջանի հետ առճակատումից երկխոսության անցնելու գաղափարն առաջին անգամ քաղաքական խոսույթ ներմուծել է Լեւոն Տեր-Պետրոսյանը: Գերագույն խորհրդի 1990թ. սեպտեմբերի 2-ի փակ նիստում նա առաջարկել է Լեռնային Ղարաբաղում անցկացնել մարզային եւ Ադրբեջանի Գերագույն խորհրդի ընտրություններ, ձեւավորել նոր մարզային խորհուրդ եւ գործադիր կոմիտե եւ խնդրի կարգավորումը տեղափոխել Բաքու-Ստեփանակերտ քաղաքական քննարկումների հուն:
Այդ ելույթն ամբողջովին հրապարակված է նրա «Ընտրանիում», հասանելի է նաեւ համացանցում:
Գրեթե մեկ տարի հետո Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկությունը Ստեփանակերտում պաշտպանել է մարզկոմի նախկին քարտուղար, ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր Հենրիխ Պողոսյանը: Նա մշտական բնակություն էր հաստատել Մոսկվայում եւ իր կապերի ու կարգավիճակի շնորհիվ ապահովում էր ԼՂ մարզային եւ ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունների կոմունիկացիան: Ոչ ոք չի հրապարակայնացրել, թե Մութալիբովի հետ բանակցություններից հետո Ստեփանակերտում հետագա քայլերի ի՞նչ ծրագիր է նախանշվել կամ քննարկվել:
Կան վստահելի աղբյուրներից տեղեկություններ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Հենրիխ Պողոսյանի գործադրած ջանքերի շնորհիվ Մոսկվան «սկզբունքորեն համաձայնություն է տվել, որ Լեռնային Ղարաբաղի ինքնավարության ամրապնդման եւ սոցիալ-տնտեսական եւ մշակութային ինքնուրույնության ապահովման համար պետք է կամ միութեանական օրենք, կամ ԼՂ սահմանադրություն ընդունվի»: Ըստ երեւույթին, այդ ուղղությամբ առաջարկություններ մշակելու համար Ստեփանակերտում ստեղծվել է աշխատանքային խումբ, որի գործունեությունը համակարգել է մարզկոմի բաժնի վարիչ Վալերի Գրիգորյանը: 1991թ. օգոստոսի 10-ին, աշխատավայրից տուն վերադարձի ճանապարհին Վալերի Գրիգորյանը դաժանաբար սպանվել է Ստեփանակերտի կենտրոնական փողոցի մայթին, օրը-ցերեկով:
(Շարունակելի)
