Հայաստան

Հայաստանը «Ռուսական Գծում» Կխեղդվի

Ինքը անցյալը «քչփորելու» կողմնակից չէ և կնախընտրեր ապագայի մասին հարցեր։ Սակայն , եթե, հարցեր պետք է տրվեին անցյալի վերաբերյալ, ապա նա կտար հարց Ռոբերտ Քոչարյանին՝ պարզելու, թե Հայաստանը ռուսական միութենական պետությանը միանալու կամ Ռուսաստանի հետ կտրուկ խորացման կոչերի տակ ինչ կոնկրետ առաջարկներ է տեսնում։ 

Արամ Սարգսյան

Factor TV-ն զրուցել է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է Հայաստանի ապագան՝ Ռուսաստանի կամ Արևմուտքի ազդեցության ներքո։ Սարգսյանը քննադատում է նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին՝ Արցախի հարցով ոչ պոպուլիստական դիրքորոշում չունենալու և Ռուսաստանի հետ չափից ավելի սերտ կապերի համար՝ պնդելով, որ դա չի նպաստել Հայաստանի զարգացմանը կամ անվտանգությանը։

Արամ Սարգսյանը սկզբում նշեց, որ համաձայն չէ այն տեսակետի հետ, թե ինքը չի քննադատում վարչապետին։ Նա հայտնեց, որ խոսքը վերաբերում է կոնկրետ մեղադրանքին՝ 44-օրյա պատերազմը սադրելուն, և ասաց, որ անգամ Իլհամ Ալիևը նման մեղադրանք չի հնչեցնում։ Սարգսյանի համոզմամբ՝ Ադրբեջանը վաղուց էր ընտրել ուժային լուծման ճանապարհը և բազմիցս հպարտացել էր դրա մասին միջազգային հարթակներում։ Երբ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց «տղա եք, պահեք», դա դարձավ Ադրբեջանի հասարակության հիմնական համոզումը՝ որ Հայաստանը ուժ չունի պահելու Արցախը։ Նրա խոսքով՝ Ադրբեջանը ոչ մի այլ տարբերակ չէր տեսնում, բացի Արցախը իր կազմում հաստատելուց, և դրա միակ եղանակը պատերազմն էր։

Սարգսյանը հիշեցրեց, որ ինքը դեռ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո՝ «Արցախը Հայաստան է և վերջ», հրապարակային քննադատություն էր արել՝ զգուշացնելով, որ նման ձևակերպումը վտանգավոր է և նշանակում է բանակցությունների փակուղի։ Նա նշեց, որ այդ ժամանակ ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Սերժ Սարգսյանը Փաշինյանին չքննադատեցին, որովհետև պոպուլիզմի վտանգ կար, իսկ ինքը երբեք պոպուլիստ չի եղել։ Արամ Սարգսյանը կարծիք հայտնեց, որ նախկին ղեկավարները միայն հիմա են փորձում ներկայացնել այդ հայտարարությունը որպես վնասակար, մինչդեռ ժամանակին այն ողջունում էին։

Շարունակելով քաղաքական բանավեճի թեման՝ Սարգսյանը ասաց, որ ինքը անցյալը «քչփորելու» կողմնակից չէ և կնախընտրեր ապագայի մասին հարցեր։ Սակայն, եթե, հարցեր պետք է տրվեին անցյալի վերաբերյալ, ապա նա կտար հարց Ռոբերտ Քոչարյանին՝ պարզելու, թե Հայաստանը ռուսական միութենական պետությանը միանալու կամ Ռուսաստանի հետ կտրուկ խորացման կոչերի տակ ինչ կոնկրետ առաջարկներ է տեսնում։ Նա հավելեց, որ պետք է հասկանալ, թե այդ եղանակով Հայաստանը ինչպես է պաշտպանելու իր անվտանգությունն ու զարգացնելու տնտեսությունը։Մինչև 2022 թվականի Ջերմուկի դեպքերը Հայաստանը ամբողջությամբ ռուսական գծում էր, և բերեց օրինակ՝ Բաշար Ասադի դեպքը՝ ցույց տալու, որ անգամ Ռուսաստանի լիակատար աջակցությամբ գտնվող երկրին Ռուսաստանը չկարողացավ պաշտպանել։

Արամ Սարգսյանը ասաց, որ Ղարաբաղի նախկին ղեկավարներն ու կերպարները՝ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, Ռուբեն Վարդանյանը, բոլորը ռուսական գծի մեջ էին և այդ գիծն էին պաշտպանում։ Նա նշեց, որ հենց այդ նույն գծի հետևանքով Հայաստանի տնտեսությունն ու բանակը հետ են մնացել, իսկ Ռուսաստանը չի ապահովել խոստացած աջակցությունը, այդ թվում՝ հայ-ռուսական միասնական հակաօդային պաշտպանության շրջանակում։

Սարգսյանը չընդունեց այն դիտարկումը, թե իբր Հայաստանը պետք է ունենար արտաքին հավակնություններ, որպեսզի Ռուսաստանը իրեն աջակցեր, և հակադարձեց, որ Հայաստանը այդ հավակնությունները ունեցել է մինչև 2022 թվականը, բայց Ռուսաստանը ոչինչ չի արել։ Նա հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանը կոշտ ռուսամետ քայլեր էր անում՝ նույնիսկ Սիրիա զորախումբ ուղարկելով, սակայն դա ոչ մի արդյունք չտվեց։ Այն դիտարկմանը, թե Փաշինյանի «Լեռնային Ղարաբաղը Հայաստան է և վերջ» հայտարարությունը սադրեց պատերազմ, Արամ Սարգսյանը պատասխանեց, որ եթե այդ նույն ենթադրությամբ առաջնորդվենք, ապա չի կարելի միաժամանակ պնդել, թե ռուսական կողմին տրված միջանցքը կփրկեր Հայաստանը՝ քանի որ Ռուսաստանը արդեն անդրադառնալու ու օգնելու բազմաթիվ պարտավորություններ ուներ, բայց չէր կատարել։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթում խոսքը գնում էր Ադրբեջանի–Նախիջևան ճանապարհի մասին, որը չէր համարժեք միջանցքի գաղափարին, իսկ օգոստոսի 8-ի համաձայնագիրը վերաբերում էր ճանապարհների ապաշրջափակմանը՝ առանց որևէ արտատարածքայինության նշման։ Սարգսյանը շեշտեց, որ «անխոչընդոտ» բառը վերաբերում էր հավասար իրավունքներին, ոչ թե միջանցքին, և որ Ռուսաստանի վերահսկողությամբ որևէ ճանապարհ չէր գործելու, քանի որ կենտրոնական ասիական երկրները խուսափում են ռուսական վերահսկողությունից։

Սարգսյանը ակնածանքով, բայց կտրուկ նշեց, որ ռուսական վերահսկողությունը կխորացներ կոռուպցիան՝ բերելով օրինակ Լաչինի միջանցքում ռուս խաղաղապահների վարքը, որոնք փող էին աշխատում ամեն ինչի վրա՝ շաքարից մինչև բենզին։ Նրա համոզմամբ՝ ռուսական վերահսկողությամբ միջանցքը կդարձներ Հայաստանը երկակի ճնշման տակ՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, իսկ Հայաստանը կկորցներ ինքնիշխանությունը, եվրոպական ճանապարհները և կդառնար տարածաշրջանի ամենաթույլ երկիրը։ Եթե Հայաստանը վերադառնա ռուսական ուղեծիր, ապա կկրկնի Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը․առաջինը կդատարկվի Սյունիքը, ապա Վայոց ձորը, և դա տեղի կունենա արագ՝ հինգ տարվա ընթացքում։

Խոսելով Ռուսաստանի պարտավորությունների մասին՝ նա հիշեցրեց, որ Ռուսաստանը նոյեմբերի 9-ի փաստաթղթով պարտավորվել էր ապահովել Լեռնային Ղարաբաղի բնակչության ֆիզիկական անվտանգությունը, բայց նույնիսկ այդ պարտավորությունը չկատարեց։ Արամ Սարգսյանը նշեց, որ Ադրբեջանը հատուկ գործողություն անելուց 15 րոպե առաջ ռուս խաղաղապահների առաջ պահանջ էր ներկայացրել՝ հեռանալու իրենց տեղերից, հակառակ դեպքում նրանց կյանքը վտանգի տակ էր դրվելու, և ռուսները ենթարկվել էին այդ պահանջին։ Դրա արդյունքում՝ Արցախը մնաց անպաշտպան։ Սա է Ռուսաստանի իրական վարքը, և ռուսական կողմի վերջերս տարածած հայտարարությունները չեն կարող քողարկել այն փաստը, որ Արցախի հայ բնակչությունը մնաց առանց որևէ պաշտպանության։

Հարցարզույցն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *