ՄԵՐ ՈՒՂԻՆ

Երբ Հարցը Պետության Անվտանգությունն Է, Իշխանություն-Ընդդիմություն Սահման Չկա

Հայաստանյան մաս-մեդիայի գերխնդիրը պետության, հանրային դիմակայունության իմունիտետի բարձրացումը պետք է լինի:

Վահրամ Աթանեսյան

Թվականը ստույգ չեմ հիշում, համացանցում որոնելու եւ ճշտելու ժամակ էլ չկա, բայց փաստը ստույգ է. երեւի տասը տարի առաջ իտալական թերթերից մեկը մի հրապարկման մեջ անկնարկել էր, որ Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիեւան «մտերիմ հարաբերություններ ունի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ եւ այդ կապերն օգտագործում է քաղաքական եւ առեւտրա-տնտեսական ու բիզնես կապերի ամրապնդման նպատակով»: 

Այդ «անարգանքին» ինչպես էր արձագանքել պաշտոնական Բաքուն, դիվանագիտական եւ այլ խողովակներով ինչ ազդեցության էր ենթարկվել այդ լրատվամիջոցը կամ, գուցե նաեւ, Իտալիայի կառավարությունը, ոչ ոք չգիտի, այդ մասին կարելի է միայն ենթադրություններ անել: Բայց ովքեր այդ օրերին հետեւել են ադրբեջանական մամուլի արձագանքներին, պետք է ազնվություն ունենան եւ վկայեն, որ ոչ մի ընդդիմադիր լրատվամիջոց, այդ թվում՝ Եվրոպայում ադրբեջանական վտարանդիության քարոզչամիջոցները, ոչ միայն թույլ չտվեց վերահրապարակել այդ հոդվածը, այլեւ բոլորը միահամուռ վճռական բողոք հայտնեցին եւ պահանջեցին, որ իտալական պարբերաբականը հերքի «ստահոդ տեղեկությունը եւ ադրբեջանական ժողովրդից ներողություն խնդրի նրա արժանապատվությունը վիրավորելու համար»:

Առնվազն տասնամյա վաղեմության այս պատմությունն ինչու՞ հիշեցի: Նոյեմբերի 14-ին Բաքվի իշխանական  haqqin.az-ը, հղում անելով թուրքական  «odatv պարբերականին», գրել է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանի խնդրանքով «Հայաստանում տասը մզկիթ կկառուցվի»: Ադրբեջանական լրատվամիջոցն, ընդսմին, իր պրոֆեսիոնալ մակարդակը պահելու համար իր կողմից կասկածել է այդ տեղեկատվությանը եւ հիմնավորել, որ Հայաստանի բնակչության 98 տոկոսից ավելին քրիստոնյա է:

Այդ եւ տրամաբանական այլ հարցեր, սակայն, հայաստանյան մի շարք լրատվամիջոցների չեն հետաքրքրում: Նրանք լուրը տարածել են եւ համարել, որ «հանրության առջեւ մասնագիտական պարտքը կատարել են»: Մինչդեռ  նման դեպքերում մամուլի առաջին պարտականությունը տեղեկատվության իսկության ճշտումն է: 

Որեւէ մեկն, օրինակ, փորձե՞լ է պարզել՝ Թուրքիայում այդ անունով լրատվամիջոց կա, կայք ունի՞, haqqin.az-ը բարեխղճորե՞ն է փոխանցել տեղեկությունը, թե՞ ինքնագործունեություն է թույլ տվել եւ այլն:

Տպավորություն է, որ այդ տեղեկատվությունը, եթե իրոք թուրքական մամուլում այն տեղ է գտել, պատվիրված է: 

Հայ-թուրքական հարաբերություններին խոչընդոտելու պատրաստ ուժեր կան թե Թուրքիայում, թե Ադրբեջանում, թե Հայաստանում եւ տարածաշրջանի ու հետխորհրդային տարածքի այլ երկրներում: 

Հայաստանյան մաս-մեդիայի գերխնդիրը պետության, հանրային դիմակայունության իմունիտետի բարձրացումը պետք է լինի: Այստեղ արդեն իշխանություն-ընդդիմություն խնդիր գոյություն չունի: Ադրբեջանցիներն իտալական մամուլի հարձակումից ոչ թե Մեհրիբան Ալիեւային, այլ իրոք իրենց ազգային արժանապատվությունն էին պաշտպանում:

Վահրամ Աթանեսյան

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *