Հատկանշական է, որ Կարճիկյանին գնդակահարած Եգոր Տեր-Մինասյանը Ռուբեն Տեր-Մինասյանի եղբայրն էր, այն նույն Մինասյանի, ով, որոշ կարծիքներով ուզուրպացրեց ՀՅԴ-ն՝ դառնալով կուսակցության բռնապետ-ղեկավարը՝ կուսացկությունից դուրս մղելով այն բոլոր չափավոր կարծիքներն ու անձնանց, որոնք հնարավոր է ՀՅԴ-ն այլ ուղղությամբ տանեին։ Ինքը՝ Սիմոն Վրացյանը ՀԽՍՀ-ի մասին խոսելիս շատ ավելի հանդարտ ու զիջող վերաբերմունք ունի, քան Մինասյանը, ով ողջ կյանքում եղել է ընդգծված հակախորհրդային գործիչ։
Մեր Ուղին
Մաս 6-րդ
1918թ․ նոյեմբերի 14-ին իր աշխատասենյակում սպանվեց Առաջին Հանրապետության առաջին ֆինանսների նախարար, ՀՅԴ անդամ Խաչատուր Կարճիկյանը։ Սպանության հեղինակը դաշնակցական Եգոր Տեր-Մինասյանն էր` ՀՅԴ հայտնի գործիչ Ռուբեն Տեր-Մինասյանի եղբայրը։ Կարճիկյանի սպանությունից առաջ մի շարք իրադարձություններ էին կատարվել, ինչպես Կարսի, Արդահանի հանձնումը Թուրքիային, որի դեմ բողոքել էր Կարճիկյանը և հրաժարական տվել, բայց շարունակել էր աշխատանքները Սեյմում։ Դաշնակցականների մի մասը մեղադրում էր Կարճիկյանին վրացամետ քաղաքականություն վարելու և Կարսը թուրքերին հանձնելու մեջ։ Այդ իրադարձությունների մասին Հայաստանի առաջին վարչապետ Սիմոն Վրացյանը գրում է, որ․ «Կարճիկյանի մահով ոչ միայն Հայաստանն էր զրկվում իր ամենախոշոր մի պետական գործչից, այլև բովանդակ Կովկասը։ Նա եղավ վերջին տասնամյակի կովկասյան իրականության այն սակավաթիվ դեմքերից մեկը, որոնք կյանքի ամենախռովահույզ օրերին անգամ կարողացան պահել մտքի պայծառությունն ու հոգեկան հավասարակշռությունը։ Արամից հետո առաջինն էր՝ կոչվելու Հայաստանի պետական շենքը»։
Այնուհետև Սիմոն Վրացյանը ավելացնում է, որ Խաչատուր Կարճիկյանին վերագրվող հանցանքների համար ավելի շատ պատասխանատու էին այն մարդիկ, որոնց ուղղակի կամ անուղղակի հրամանով գործել էր Եգոր Տեր-Մինասյանը։ Խոսելով Կարճիկյանի մասին՝ Վրացյանը նշում է այն զարմանալի սթափությունն ու հեռատեսությունը, որ նա ուներ և վերջինիս մահը ուժեղ հարված էր Հայաստանի Հանրապետությանն ու կոալիցիոն կառավարությանը։
Կարճիկյանի մահվանն անդրադարձ կա նաև Հարություն Մկրտչյանի «Անհայտ զինվորի հիշատակարանը» եռահատոր աշխատությունում, որտեղ սակայն Կարճիկյանի կերպարը հասցված է գրեթե անհոգ դավաճանի կերպարի, ով հենց այնպես «հանձնել է Կարսը», որ ավելորդ հոգս չունենա։ Ու նմանատիպ քարոզչական հնարքներով էլ էլ ողջ ԽՍՀՄ ընթացքում դաստիարակվել է հայ ժողովուրդը, որը մեծ բացասական հետք է թողել նրա քաղաքական հասունության վրա։
Հատկանշական է, որ Կարճիկյանին գնդակահարած Եգոր Տեր-Մինասյանը Ռուբեն Տեր-Մինասյանի եղբայրն էր, այն նույն Մինասյանի, ով, որոշ կարծիքներով ուզուրպացրեց ՀՅԴ-ն՝ դառնալով կուսակցության բռնապետ-ղեկավարը՝ կուսացկությունից դուրս մղելով այն բոլոր չափավոր կարծիքներն ու անձնանց, որոնք հնարավոր է ՀՅԴ-ն այլ ուղղությամբ տանեին։ Ինքը՝ Սիմոն Վրացյանը ՀԽՍՀ-ի մասին խոսելիս շատ ավելի հանդարտ ու զիջող վերաբերմունք ունի, քան Մինասյանը, ով ողջ կյանքում եղել է ընդգծված հակախորհրդային գործիչ։
Կարճիկյանի սպանությունն ըստ էության ենթադրում էր ՀՅԴ-ում երկու շերտերի բախում՝ Կարճիկյանը չափավորականների ներկայացուցիչներից էր, Եգորը՝ առավելապաշտների։ Կարճկյանը, Արամը, Վրացյանը, Ջամալյանը և այլք մի կողմ էին դրել մեծ ու հանդուգն երազանքները և համարում էին, որ պետք է պահել եղածը ոչ թե զոհել դատարկ երազանքներին, իսկ առավելապաշտների շերտը համարում էր, որ պետք է հասնել «Ծովից Ծով Հայաստանին»։ Հետագա դեպքերը ցույց տվեցին, որ դաշնակցականների չափավորականները ճիշտ դուրս եկան ամեն ինչում, քանի որ ոչ թշնամիներն էին պատրաստ զիջելու, ոչ էլ դաշնակիցները՝ իրապես օգնելու։ Եթե չափավորականները ձգտում էին եղածը տեղում լեգիտիմացնել, ապահովել այնպես, որ այն որևէ այլ հարվածի ենթակա չլինի, ապա առավելապաշտները, թող որ ազնիվ, բայց անպատասխանատու մղումներով ընդդիմանում էին այդ ամենին։
Կարճիկյանը, ինչպես և Քաջազնունին, Արամը և մյուսները եղան Հայաստանի Առաջին Հանրապետության պետական կայացնողները, ձեռք բերված անկախությունը հիացմունքից գործի վերածողներն ու Հայաստանը որպես պետական ինստիտուտ ընդունողները։
Կարսի հանձնման մասին կարելի է շատ երկար խոսել, բայց արդար չի լինի մեղադրել Կարճիկյանին՝ Կարսը հանձնելու համար։ Բավական է հիշել, որ Կարսը հանձնվել էր Սեյմի հրամանով, իսկ Սեյմում գերակշռում էին վրացիներն ու թաթարները(ադրբեջացիները) և Կարճիկյանը ուժ ու լիազորություն չուներ Կարսը պահելու կամ չպահելու համար։ Ու քանի դեռ վրացիներն ու ադրբեջանցիները համերաշխ պաշտպանում էին ամեն մեկն իր շահը, հայերն իրար էին ուտում ու ներքին երկպառակություններն այն սարսափելի ուժն էին, որ հայերին հարվածում էին ներսից։ Այդ սարսափը չչեզոքացավ նաև Հանրապետության գոյության տարիներին ու ներսից քանդում էր մի կերպ կայացած պետական ինստիտուտը։
Կարճիկյանի մահից ընդամենը մեկուկես ամիս անց տիֆից մահացավ նաև Արամ Մանուկյանը։ Հանրապետությունը զրկվեց իր ամենագործունյա ու եռանդուն գործիչներից։ Ո՞վ գիտե, եթե նրանք ողջ մնային, գուցե կարողանային կանխել Հանրապետության այն առավելապաշտներին, ովքեր շարունակում էին Հայաստանը տանել անխուսափելի պատերազմ՝ առանց հաշվարկների ու հեռատեսության։ Եթե Արամ Մանուկյանն ու Կարճիկյանը ողջ մնային, ապա անտարակույս է, որ 1919թ․ ողջ ընթացքում նրանք ձեռնարկելու էին մասնատված ու ջլատված Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման, Խորհրդային Ռուսաստանի հետ հարաբերությունների պարզեցման։ Արդյո՞ք դա հնարավոր կլիներ, շատ բարդ է ասել, բայց նրանց մահից հետո ՀՅԴ-ում ինչ որ անտեսանելի բան փշրվեց ու դա հանգեցրեց նաև սխալ ու միակողմանի արտաքին քաղաքականության ծավալմանը, մի բան, որ հետո երկար տասնամյակների ծաղրի ենթարկվեց Խորհրդային Հայաստանում՝ որպես «իմպերիալիստ դաշնակցականություն»։ Իսկ դաշնակցական առավելապաշտները 1920թ․ հետո աշխարհի այս ու այն անկյուններում «Միացյալ Հայաստանի» քարտեզն էին տարածում՝ շարունակելով այն Հայաստանը, որ այդպես էլ չունեցան։
1918թ․ Եգոր Տեր-Մինասյանը ոչ թե Կարճիկյանին կրակեց, այլ Դաշնակցությանը։
