Վալերի Գրիգորյանի սպանությամբ Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ-բանակցային կարգավորման տարբերակը մերժվել է: Լեւոն Մելիք-Շահնազարյանը խոստովանել է, որ մարզխորհրդի գործկոմի նախագահի պաշտոնակատար Լեոնարդ Պետրոսյանը մի քանի անգամ կես-կատակ, բայց իրականում ամենալուրջ կերպով հետաքրքրվել է, թե կա՞ «մահապատժի ենթակա անձանց ցուցակ, իր անունը նույնպես ներառնվա՞ծ է»:
Վահրամ Աթանեսյան
Մաս 2
Ոչ ոք չի թաքցրել, ճիշտ է՝ ողբերգությունից ավելի քան մեկ տասնամյակ անց, որ Վալերի Գրիգորյանի սպանությունը քաղաքական էր:
Ղարաբաղյան Շարժման «տարեգիր» Զորի Բալայանը մի հարցազրույցում փորձել է իրականությունը նախ գունազարդել եւ ասել է, որ արցախյան պատվիրակությունը Բաքու է մեկնել «ընդհատակի իմացությամբ»,-ապա սլաքներն ուղղել է Ադրբեջանի Կազմկոմիտեի նախագահ Պոլյանիչկոյի դեմ, որ, իբր, այդ օրերին չափից դուրս առաջին պլան էր մղում Վալերի Գրիգորյանին:
Գրիգորյանի այրին՝ Արեգա Գրիգորյանը, պատմել է, որ այդ օրը՝ 1991թ. օգոստոսի 10-ին, իրենց բնակարան զանգել է մարզխորհրդի գործկոմի նախագահի պաշտոնակատար Լեոնարդ Պետրոսյանը եւ Վալերի Գրիգորյանին հրավիրել իր մոտ: Ըստ Արեգա Գրիգորյանի, Լեոնարդ Պետրոսյանը Վալերի Գրիգորյանին ասել է, որ Մոսկվայից պետք է զանգի մարզկոմի նախկին քարտուղար, ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր Հենրիխ Պողոսյանը, որպեսզի «կարեւոր տեղեկություններ փոխանցի»: Կայացե՞լ է Հենրիխ Պողոսյան-Լեոնարդ Պետրոսյան-Վալերի Գիրգորյան հեռախոսազրույցը կամ Հենրիխ Պողոսյանն ի՞նչ «կարեւոր տեղեկություն» պիտի փոխանցեր, հայտնի չէ եւ, ամենայն հավանականությամբ, երեւի երբեք չբացահայտվի:
Վալերի Գրիգորյանի ուղղությամբ արձակվել է երկու տասնյակից ավելի կրակոցը: Հարուցվել է քրեական գործ, որի վարույթը, սակայն, հանձնարարվել է Ադրբեջանի գլխավոր դատախազությանը:
Այդ սպանության մոտիվացիան ղարաբաղյան Շարժման գործիչներից Ժաննա Գալստյանը բացատրել է այնպես, որ եթե դա տեղի չունենար, ապա «պայքարի ուղղությունը կշեղվեր», իսկ Լեւոն Մելիք Շահնազարյանը գրեթե բացահայտ ասել է, որ Վալերի Գրիգորյանը Ստեփանակերտում Պոլյանիչկոյի հետ «համագործակցող անձանցից մեկն էր»: Այսպիսով, ակնհայտ է, որ Վալերի Գրիգորյանի նկատմամբ իրականացվել է ցուցադրական հաշվեհարդար, բայց այն հասցեագրվել է բոլոր այն անձանց եւ խմբերին, ովքեր փորձում էին կանխել Ադրբեջանի հետ ռազմական բախումը, խնդիրը պահել քաղաքական քննարկումների ձեւաչափում եւ Մոսկվայի աջակցությամբ ու Երեւանի համաձայնությամբ հասնել ԼՂ սահմանադրական կարգավիճակի վերականգնմանը, մարզային նոր իշխանությունների ձեւավորմանը, հարաբերական կայունության հաստատմանը:
Վալերի Գրիգորյանի սպանությամբ Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ-բանակցային կարգավորման տարբերակը մերժվել է: Լեւոն Մելիք-Շահնազարյանը խոստովանել է, որ մարզխորհրդի գործկոմի նախագահի պաշտոնակատար Լեոնարդ Պետրոսյանը մի քանի անգամ կես-կատակ, բայց իրականում ամենալուրջ կերպով հետաքրքրվել է, թե կա՞ «մահապատժի ենթակա անձանց ցուցակ, իր անունը նույնպես ներառնվա՞ծ է»: Ասվածը պարզ վկայություն է, որ արդեն ԽՍՀՄ փլուզման նախօրեին Ստեփանակերտում ձեւավորվել էր մի մթնոլորտ, երբ ղարաբաղյան կարգավորման մասին խոսելն իսկ դիտվում էր «ազգային դավաճանություն»: Այդ պայմաններում ոչ ոք չէր կարող ընդդիմանալ պատերազմով հարց լուծելու քարոզչությանը:
Կարելի է վստահության մեծ չափաբաժնով ասել, որ այդ քարոզչության թիկունքում կանգնած էին խորհրդային եւ ադրբեջանական հատուկ ծառայությունները: Պատերազմը ձեռնտու էր միայն նրանց:
Վերջ
Վահրամ Աթանեսյան
