Կան բազմաթիվ իրավիճակներ, որոնք ֆիքսելի չեն, սակայն ազդում են իրական գործընթացի վրա։ Ընտրություններին խոչընդոտելը պետք է համարվի ծանր հանցագործություն, որովհետև այն «իշխանության գողություն է»։
Ազատ Արշակյան
1inTVզրուցել է ՀՀ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի հետ։ Զրույցի ընթացքու քննարկվել են նախօրեին Վաղարշապատում տեղի ունեցած ընտրությունները։
Ազատ Արշակյանը նշեց, որ ընտրությունների արդյունքները սպասելի էին, բայց ցանկալի չէին։ Նրա խոսքով՝ իրենք կանխատեսել էին նման ելք, բայց համարում էին, որ դա լավագույն արդյունքը չէր։ Արշակյանն ասաց, որ շնորհավորում է ինչպես հաղթող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, այնպես էլ ընդդիմադիր այն ուժերին, որոնք նույնպես ստացել են ձայներ։ Նա ընդգծեց, որ անձամբ աջակցել է «Հանրապետություն» կուսակցության պաշտպանած թեկնածու Հարություն Մկրտչյանին և ցավում է, որ այդ թեկնածուն չի հաղթահարել շեմը։
Խոսելով պատճառների մասին՝ Արշակյանը նշեց, որ իրենց քարոզարշավը մի շարք համայնքներում հնարավոր չի եղել իրականացնել, այդ թվում՝ մի գյուղում, որտեղ, ըստ նրա, առկա են եղել խոչընդոտներ։ Նա հիշեցրեց, որ Կտրիճ Ներսիսյանի եղբայրների վերաբերյալ քրեական գործ է հարուցվել և այն ուղարկվել է դատարան։ Արշակյանի կարծիքով՝ նման միջամտությունները, թեկուզ անմիջականորեն չհասկանալի, ազդել են ընտրությունների ելքի վրա։ Ընտրական գործընթացում միշտ կարող են լինել օրենքից դուրս ազդեցություններ։ Նրա խոսքով՝ կան «ազդեցիկ ուժեր», որոնք կարողանում են միջամտել ընտրական կամքին․ «Ընտրության վրա ազդում է ոչմիայն ընտրողի քաղաքական կամքը, այլ նաև ուժեր, որոնք կարող են խոչընդոտել կամ աջակցել»,— ասաց նա։
Դիտարկելով ընտրական գործընթացների մշակութային կողմը՝ Արշակյանը ընդգծեց, որ Վաղարշապատը և Սուրբ Էջմիածինը առանձնահատուկ միջավայր են, որտեղ ձևավորվել են «հեղինակություններ», որոնք կարող են ազդել ընտրությունների հանգամանքների վրա։ Նա օրինակ բերեց այն դեպքը, երբ քարոզարշավի խոչընդոտման դեպքը հասել է մինչև դատարան, բայց ընդգծեց, որ կան բազմաթիվ իրավիճակներ, որոնք ֆիքսելի չեն, սակայն ազդում են իրական գործընթացի վրա։ Ընտրություններին խոչընդոտելը պետք է համարվի ծանր հանցագործություն, որովհետև այն «իշխանության գողություն է»։ Ըստ նրա՝ օրենքները մեղմ են, սակայն նման դեպքերն արդեն իրավական նախադեպ են, և անհրաժեշտ է խստացում՝ ժողովրդավարական ընթացքը պաշտպանելու համար։
Խոսելով «երրորդ ուժի» բացակայության մասին՝ Արշակյանը նշեց, որ ցանկություն ուներ, որ ձևավորվեր պատասխանատու, ոչ սպառողական, ոչ «անպատասխանատու երրորդ ուժ», որը ո՛չ ՔՊ-ը կլիներ, ոչ էլ ռուսամետ ուժերը։ Նրա համոզմամբ՝ Հարություն Մկրտչյանն ու «Հանրապետություն» կուսակցությունը կարող էին դառնալ այդ պատասխանատու, վերահսկող և կառուցողական ուժը։ Արշակյանի խոսքերով՝ նրանք ներկայացնում էին պետականամետ, պատասխանատու մոտեցում՝ առանց կախվածության արտաքին կենտրոններից։Անձամբ անհանգիստ է եղել ամբողջ գիշեր՝ ընտրությունների արդյունքների պատճառով։ Նա ասաց, որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը այժմ ամբողջությամբ ստանձնել է պատասխանատվությունը երկրի վիճակի և հետագա զարգացումների համար։ Ցանկալի կլիներ, որ հաղթող ուժերը լինեին մոտ 50/50 հարաբերությամբ, որպեսզի ապահովվեր մրցակցություն և հաշվետվողականություն։ Նա զգուշացրեց, որ ներկայիս անհավասարակշիռ պատկերը կարող է բերել «կամայական որոշումների»։
Արշակյանը նշեց, որ, իհարկե, շնորհավորում է հաղթողին, բայց միաժամանակ ցանկանում է, որ իշխանությունը չմեծամտանա։ Նա հավելեց, որ տագնապ ունի 2026 թվականի համապետական ընտրությունների առնչությամբ՝ վտանգ տեսնելով «անհոգ մտածելակերպի» մեջ, թե «ժողովուրդը սիրում է Եվրոպան, ազատությունը և ժողովրդավարությունը», և դա բավարար է հաղթելու համար։ Արշակյանը անդրադարձավ նաև վարչապետի գրառմանը, համաձայնելով, որ ինքնիշխանություն, անկախություն, ազատություն, ժողովրդավարություն ընտրած կուրսը ճիշտ է։ Սակայն նա դժգոհեց վարչապետի ձևակերպումներից՝ ընդգծելով, որ պետք է հարգել գործող վեհափառի պաշտոնը, անկախ այն հանգամանքից, որ քաղաքական գործընթացները կարող են քննադատելի լինել։ Օրենսդիր մարմինը պետք է անդրադառնա կուսակցությունների շեմերի կարգավորմանը՝ առաջարկելով նվազեցնել դաշինքների շեմը, որպեսզի քաղաքական ուժերը խրախուսվեն միավորվել և չտարանջատել ընտրողին։ Նա նշեց, որ ներկայիս «փոշիացումը» քաղաքական ռեսուրսի արդյունավետ օգտագործում չի ապահովում։ Թեև ինքը աջակցում է եվրոպական ինտեգրման գաղափարներին, այնուամենայնիվ չի ցանկանում, որ քաղաքական դաշտում գերիշխի «գլխապտույտն ու մեծամտությունը»։ Նա համարում է, որ առողջ մրցակցությունը անհրաժեշտ է թե իշխանության՝ և թե ընդդիմության համար։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
