Ընդդիմությունն, այո, «Վաղարշապատի չպարեց»: Բայց դրանից ամենեւին էլ չի հետեում, թե ՔՊ թեկնածուի, կուսակցության եւ Նիկոլ Փաշինյանի համահայաստանյան դիրքերն արդեն իսկ ամրագրված են:
Վահրամ Աթանեսյան
Ֆեյսբուքում գրել էի, որ Վաղարշապատի ընտրությունների սկզբունքային նշանակությունը ոչ այնքան ՔՊ թեկնածուի կամ հենց կուսակցության հաղթանակն է, այլ «կոնսենսուս-» քաղտեխնոլոգիական մանտրայի փլուզումը, արժեզրկումը: Շատերը կհիշեն, որ 2021-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին ընդառաջ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդես էր եկել «եռյակ դաշինք» կազմելու նախաձեռնությամբ:
Նա առաջարկում էր, որ ընդդիմությունն ընտրությունների գնա նախկին երեք նախագահների «միասնական ցուցակով, որտեղ իր, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի անունը չի լինի, վարչապետի միասնական թեկնածու կառաջադրվի մի տեխնոկրատ»:
Այդ գաղափարը երկրորդ նախագահի կողմից մերժվել է այն պատճառաբանությամբ, որ «փակվում է իշխանության վերադառնալու իր ճանապարհը»: Հետեւում է, որ այդ փուլում նա համոզված էր, որ ՔՊ-ին եւ Նիկոլ Փաշինյանին հաղթում է, եւ առաջին ու երրորդ նախագահներն իրենց թիմերով «միայն բալաստ են»: Վաղարշապատի համայնքային ընտրություններից մեկ շաբաթ առաջ Ռոբերտ Քոչարյանը փաստացի խոստովանեց, որ քաղաքական հաշվարկներում սխալվել է: Այսօր ընդդիմության «ուղեղային կենտրոնից» վերլուծություն է կատարվել, որ Վաղարշապատ խոշորոացված համայնքում իշխանության եւ հավաքական ընդդիմության քվեների տարբերությունը մեծ չէ, ՔՊ-ն մոտ երկու հազար ձայնի առավելություն է արձանագրել: Այս վերլուծությունից հետեւում է, որ ընդդիմությունը խորհրդարանական ընտրությունների է գնալու ոչ թե Հայաստանի ապագայի այլընտրանքային ծրագրով, այլ դարձյալ «կոնսենսուս-» քաղտեխնոլոգիայով: Իսկ դա նշանակում է, որ ընտրապայքարի մասնակից կուսակցությունները հետապնդելու են մի նպատակ. ամեն ինչ անել, որպեսզի «Քաղաքացիական պայմանագիրը» խորհրդարանում «չոր մեծամասնություն» չունենա:
Ընդդիմության սոցցանցանցային աջակիցները բոողքում են Դոնթի բանաձեւից, որ բացարձակ հաղթանակ չարձանագրած ուժին մեծամասնություն կազմելու հնարավորություն է տալիս: Վաղարշապատի ընտրությունները մի շատ կարեւոր բացահայտում էլ արեցին: Հանրության համար, ամենայն հավանականությամբ, պարզ դարձավ, որ երկրորդ եւ երրորդ նախագահները ոչ թե «ապահովում են Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը», այլ նույնիսկ համայնքային իշխանության մակարդակում նրա հիմնական եւ շատ անհաշտ մրցակիցներն են: Ընդ որում, մրցակցությունը ոչ թե Վաղարշապատ համայնքն ավելի արդյունավետ կառավարելու եւ տեղական խնդիրների լուծման այլընտրանքի, այլ Հայաստանի քաղաքակրթական-անվտանգային ընտրության շուրջ է:
Ընդդիմությունն, այո, «Վաղարշապատի չպարեց»: Բայց դրանից ամենեւին էլ չի հետեում, թե ՔՊ թեկնածուի, կուսակցության եւ Նիկոլ Փաշինյանի համահայաստանյան դիրքերն արդեն իսկ ամրագրված են: Վարչապետն ԱԺ ամբիոնից հայտարարել է, որ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը նոր խորհրդարանում ներկայացվածություն չպետք է ունենան: Ինչպե՞ս: Ընտրություններին մնացել է կես տարուց մի փոքր ավելի ժամանակ: Իշխանությունն այդ ժամանակահատվածում կարո՞ղ է այնպիսի ձեռքբերում ունենալ, որ կտրուկ բարձրացնի նրա վարկանիշը:
Վահրամ Աթանեսյան
