Նույնիսկ Ուզբեկստանի նախագահն է ընդգծել, որ Կենտրոնական Ասիա–Ադրբեջան սեպարատ համագործակցություն չի լինի, այլ երկու տարածաշրջանների միջև: Այդ իսկ պատճառով Հայաստանը չպետք է դուրս մնա այդ կոմունիկացիոն և առևտրատնտեսական ինտեգրման պրոցեսից:
Վահրամ Աթանեսյան
1inTV-ն զրուցել է Արցախի պատգամավոր Վահրամ Աթանեսյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանի արտաքին քաղաքականության զարգացումները, անվտանգային համագործակցության ընդլայնման կարևորությունը և Հայաստանի մեկուսացվածությունը հաղթահարելու անհրաժեշտությունը
Վահրամ Աթանեսյանը նշեց, որ ցանկացած ուղղությամբ՝ անվտանգային, պաշտպանական և ընդհանրապես բոլոր բնագավառներում համագործակցություն ստեղծելու ջանքերը պետք է բարձր գնահատել: Աթանեսյանն ընդգծեց, որ Հայաստանը ավելի քան 30 տարի մեկուսացված է եղել և ունեցել է միայն մեկ ուղղություն, ինչը քաղաքական մտածողության մեջ արտահայտվել է «բոլոր ձվերը մի զամբյուղում» սկզբունքով, և հենց դա դարձել է վտանգավոր զարգացումների ուողբերգական հետևանքների պատճառ:
Արաբական աշխարհի հետ Հայաստանի հարաբերությունները պետք է դիտարկել նաև այն տեսանկյունից, որ այդ քայլերն առաջինը ձեռնարկելէ Ադրբեջանը: Նա հիշեցրեց, որ Ադրբեջանն արդեն ունի Արաբական Միացյալ Էմիրությունների հետ ռազմավարական գործընկերության պայմանագրեր և հսկայական ներդրումներ արևային էներգիայի ոլորտում: Այդ իսկ պատճառով, Աթանեսյանի կարծիքով, պարիտետ ստեղծելը արաբական աշխարհի հետ հարաբերություններում մեծ քաղաքական նշանակություն ունի՝ անկախ անվտանգային շահերից: Ինչով կարող է դա արդյունավետ լինել, Աթանեսյանը համարեց պետական և ռազմական գաղտնիքի ոլորտին վերաբերող հարց և խուսափեց մանրամասնել: Այս համագործակցությունները նաև բալանսավորում են իրավիճակը: Նա հիշեցրեց, որ ԱՄՆ նախագահի առաջին արտերկրյա այցը եղել է դեպի Պարսից ծոցի արաբական միապետություններ, որտեղ ստորագրվել են տրիլիոն դոլարի պայմանագրեր: Աթանեսյանը նշեց, որ այսօր համաշխարհային օրակարգը ձևավորում է հենց Միացյալ Նահանգները, և այն, որ Հայաստանի պաշտպանության նախարարի այցի օրերին Հայաստան է ժամանում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը, նա համարեց ոչ պատահական:
Աթանեսյանը կարծում է, որ այդ կապերը բացատրվում են նրանով, որ Հայաստանը պետք է հաղթահարի նախ և առաջ քաղաքական մեկուսացվածությունը և մտածողության լուրջ փոփոխություն իրականացնի: Նա ընդգծեց, որ աշխարհի ցանկացած երկրի համար ռազմավարական ողբերգություն է Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների բարդությունը, իսկ Հայաստանում որոշ շրջանակներ դա ընկալում են հակառակը՝ որպես ողբերգություն, երբ հայ-ամերիկյան հարաբերությունները մտնում են գործնական հուն: Վահրամ Աթանեսյանը դիտարկեց, որ «ԱՄՆ-ն Հայաստանում կարող է գործել միայն Թուրքիայի միջոցով» թեզը թյուր ընկալում է, քանի որ ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքում վարում է եռաբևեռ քաղաքականություն՝ Իսրայել, Թուրքիա և այլընտրանքային գործընկերներ (օրինակ՝ Սաուդյան Արաբիա):
Պետք է առանձնացնել նաև էկոնոմիկայի նախարարի արդյունավետ այցը Սաուդյան Արաբիա՝ մի երկիր, որը տասնամյակներ շարունակ թշնամական քաղաքականություն է վարել Հայաստանի նկատմամբ: Նէա կարծիքով, այն մոտեցումը, թե 44-օրյա պատերազմից հետո պատմությունն ավարտված է և Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների կարգավորումն անիմաստ է, նա չի կիսում: Վահրամ Աթանեսյանը դիտարկեց նաև Վրաստանում Արարատ Միրզոյանի վերջին դիվանագիտական աշխատանքը և անմիջապես հետո Վրաստանի ԱԳ նախարարի այցը Իսրայել՝ ենթադրելով, որ Վրաստանը կարող է օգտագործել իր ավանդական կապերն Իսրայելի հետ՝ ի նպաստ հայ-իսրայելական հարաբերությունների բարելավման: Աթանեսյանը կապեց նաև Հայաստանի վարչապետի առաջիկա այցը Աստանա և Ադրբեջանի՝ Կենտրոնական Ասիայի հետ ինտեգրման գործընթացները: Նա նշեց, որ նույնիսկ Ուզբեկստանի նախագահն է ընդգծել, որԿենտրոնական Ասիա–Ադրբեջան սեպարատ համագործակցություն չի լինի, այլ երկու տարածաշրջանների միջև: Այդ իսկ պատճառով, Աթանեսյանի կարծիքով, Հայաստանը չպետք է դուրս մնա այդ կոմունիկացիոն և առևտրատնտեսական ինտեգրման պրոցեսից:
Վերջապես, Վահրամ Աթանեսյանը նշեց, որ Կենտրոնական Ասիան այսօր ինքնակազմակերպվում է որպես առանձին աշխարհաքաղաքական և անվտանգային միջավայր, Ռուսաստանի ազդեցությունը նվազում է, իսկ թուրքական «եղբայրությունը» այդ երկրների համար նույնքան անընդունելի է, որքան նախկին խորհրդայինը: Սա, Աթանեսյանի կարծիքով, Հայաստանի (և Վրաստանի) համար արտաքին քաղաքական և անվտանգային մեծ բարձիկ է: Նա նաև հիշեցրեց, որ Ղազախստանը հայտարարել է Աբրահամյան համաձայնություններին միանալու մասին, ինչը նշանակում է Իսրայելի մուտք Կենտրոնական Ասիա:
Հարցազրույցն ամբողջությամբ՝
