Ըստ երեւույթին, ԱԺ նախագահի պաշտոնից Արթուր Թովմասյանի հեռացման իրական պատճառն այն էր, որ նա մայիսի 15-ին մասնակցել էր ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կազմակերպած հանրահավաքին, նրա հետ կանգնել նույն հարթակին:
Վահրամ Աթանեսյան
Մաս 89-րդ
Արցախում 2023թ. իշխանափոխության օր ընդունված է համարել օգոստոսի 31-ը, երբ Արայիկ Հարությունյանը պաշտոնապես հայտարարեց հրաժարական տալու որոշման մասին:
Իրականում Ստեփանակերտում իշխանափոխությունը տեղի է ունեցել հուլիսի 27-ին: Այդ օրը տեղեկություն է տարածվել, որ «կտրուկ վատթարացել է Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի առողջական վիճակը, նրան բժշկական անհապաղ օգնություն է ցուցաբերվել»:
Նույն օրը տողերիս հեղինակը Թովմասյանից անսպասելի հեռախոսազանգ է ստացել: Նա խնդրում էր, որ ֆեյսբուքում գրառում հրապարակեմ, որ ինքը զանգել եւ ինձ տեղեկացրել է, որ հիպերտոնիկ կրիզ է ունեցել, բժիշկներն զգուշացրել են, որ լարված աշխատանքի պայմաններում նրա հետագա կենսագործունեությունը վտանգված է եւ խորհուրդ են տվել «մեկ տարի առհասարակ մտավոր աշխատանքով չզբաղվել»: Թե ինչու՞ էր նա այդ «պատիվն» ինձ վերապահել, մանավանդ որ երբեք քաղաքական համախոհ չենք եղել եւ անձնական մտերմություն էլ չենք ունեցել, անհասկանալի էր, բայց մերժել չէի կարող՝ հաշվի առնելով, որ Ստեփանակերտում ներքին բախումներից «հինգ րոպե պակաս» իրավիճակ է:
Արթուր Թովմասյանին ԱԺ նախագահի պաշտոնից հեռացնելու պահանջ ներկայացվել է քառասունչորսօրյա պատերազմից մի քանի ամիս հետո՝ ՀՅԴ Արցախի կառույցի նախաձեռնությամբ: Տեւական քննարկումներից հետո Արայիկ Հարությունյանին հաջողվել է խորհրդարանական «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության միասնականությունը պահպանել եւ հաղթահարել մարտահրավերը: Թովմասյանին պաշտոնանկելու երկրորդ փորձին նա դիմադրել չէր կարող: Ստեփանակերտում ոչ ոքի համար այլեւս գաղտնիք չէր, որ ՔՄԴ կուսակցությունը խորհրդարանում իր պատգամավորների մեծամասնությամբ հանդերձ հարում է Ռուբեն Վարդանյանի հիմնադրած «Արցախի դիմադրության եւ զարգացման ճակատին», իսկ վերջինս վայելում է նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանի ամենաեռանդուն աջակցությունը:
Հուլիսի 28-ին Արայիկ Հարությունյանի մամուլի ծառայությունը տեղեկացրեց, որ նա ընդունել է Արթուր Թովմասյանին, որի ընթացքում վերջինս «ներկայացրել է Ազգային ժողովի նախագահի պաշտոնից հրաժարականի պատճառները»: Ըստ պաշտոնական հաղորդագրության, Հարությունյանը Թովմասյանին «շնորհակալություն է հայտնել երկարամյա քաղաքական եւ պետական գործունեության համար, նրան մաղթել առողջություն»:
Ըստ երեւույթին, ԱԺ նախագահի պաշտոնից Արթուր Թովմասյանի հեռացման իրական պատճառն այն էր, որ նա մայիսի 15-ին մասնակցել էր ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի կազմակերպած հանրահավաքին, նրա հետ կանգնել նույն հարթակին: Արթուր Թովմասյանը ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ է պաշտոնավարել 1995-97 թվականներին: Այդ շրջանում առանց ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանի համաձայնության նման առաջընթաց Թովմասյանը չէր կարող ունենալ՝ լինելով շատ երիտասարդ գիտությունների թեկնածու եւ քաղաքական գործունեության ոչ մի փորձ չունենալով: Թովմասյանի պաշտոնանկությունը բացահայտ ուղղված էր Արայիկ Հարությունյանի դիրքերի թուլացմանը, հետապնդում էր միաժամանակ Սամվել Բաբայանին լիովին մեկուսացնելու նպատակ:
(Շարունակելի)
