ՄԵՐ ՈՒՂԻՆ

Հայաստանը՝ Բազմաշերտ Վերափոխվող Կովկասում

Բոլոր զարգացումները կախված են լինելու Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքումից, և ԱՄՆ-ի ճնշումն այս ամենը արագացնելու ուղղությամբ ակնհայտ է։

Շահան Գանտահարյան

1inTV-ն զրուցել է Բեյրութի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանի հետ։ Զրույցը վերաբերում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում ընթացող բազմաշերտ աշխարհաքաղաքական գործընթացներին։ Շահան Գանտահարյանը դիտարկում է Հայաստան–Թուրքիա հարաբերությունների հնարավոր զարգացումները, դրանց կապը Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններին և «TRIPP» տարածաշրջանային նախագծին։ Նա նաև գնահատում է Իրանի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, ինչպես նաև Իսրայելի ու Թուրքիայի դերակատարությունները և ներկայացնում է Մերձավոր Արևելքի լարվածության ազդեցությունը տարածաշրջանի վրա։

Բեյրութի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը նշեց, որ որոշակի շփումներ, դիվանագիտական հանդիպումներ և աշխատանքներ, այդ թվում՝ ոչ հրապարակային ձևաչափով, ընթանում են։ Գանտահարյանի համոզմամբ՝ Թուրքիայի արտգործնախարարի վերջին հայտարարություններում նկատելի են մի շարք դիտարկումներ, որոնք կրկին ընդգծում են նույն մոտեցումներն ու նույն դիրքորոշումները։ Նա շեշտեց, որ Անկարան հերթական անգամ փոխկապակցում է Հայաստան-Թուրքիա գործընթացը Ադրբեջանի հետ խաղաղ բանակցությունների և հատկապես Սյունիքի ստանալիք նոր կարգավիճակի ու տարածաշրջանային հաղորդուղիների մեծ նախագծերի հետ։

Գանտահարյանը նկատեց, որ որպես օրինակ է ներկայացվել Վրաստանը՝ ընդգծելով, որ ինչպես Վրաստանի հետ հարաբերությունների որակական փոփոխությունները, այնպես էլ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը դիտարկվում են նույն տրամաբանությամբ։ Շահան Գանտահարյանը ասաց, որ սա կարող է անուղղակիակնարկ լինել «TRIPP» նախագծին ու դրա հանրագումարող աշխատանքի ընթացքին։ Նա հիշեցրեց, որ նախագծի հիմնական առաջ մղողը հենց Թուրքիան էր։ Գանտահարյանը շեշտեց, որ խոսքը ոչ միայն երկկողմ կամ եռակողմ գործընթացների մասին է, այլ ավելի լայն՝ գլոբալ տրամաբանության, որտեղ ներգրավված են նաև Վրաստանն ու ԱՄՆ-ը։

Նա ընդգծեց, որ ներկայումս տեսանելի   գործնական քայլեր չկան, բայց փոխկապակցվածությունն ու համաժամանակյա գործընթացների վերընդգծումը շարունակվում են։ Գանտահարյանի կարծիքով՝ բոլոր զարգացումները կախված են լինելու Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքումից, և ԱՄՆ-ի ճնշումն այս ամենը արագացնելու ուղղությամբ ակնհայտ է։

    Իրանին վերաբերող հարցում, Շահան Գանտահարյանը ասաց, որ «TRIPP» նախագիծը, իր հիմնավորմամբ, առնչվում է նաև Իրանի շահերին։ Նա հիշեցրեց Իրանի ԱԳՆ Արաղչիի և Կապանի հյուպատոսի հայտարարությունները, որոնք ուշագրավ էին՝ հատկապես այն ենթատեքստով, որ նախագիծը չեն համարում սպառնալիք Իրանի շահերին։ Գանտահարյանը հավելեց, որ Սյունիքը Իրանի համար մնում է կարևորագույն կենսակայուն ճանապարհ՝ ապաշրջափակման և ապամեկուսացման տեսանկյունից, դեպի Վրաստան և Սև ծով, ինչպես նաև հակադարձ ուղղությամբ՝

Արևմուտք–Վրաստան–Հայաստան–Իրան

 Շահան Գանտահարյանը դիտարկեց, որ Սաուդյան Արաբիայի և Իրանի հարաբերությունների վերականգնումը, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի բարձրաստիճան պաշտոնատարների վերջին այցը Երևան, կարելի է դիտել որպես նախապատրաստություն տարածաշրջանային նոր նախագծերի համար։ Նրա խոսքով՝ խոսքը ոչ միայն տնտեսական, այլ նաև էներգետիկ նոր ուղիների մասին է, որոնք ձևավորվում են շատ ավելի լայն՝ գլոբալ մասշտաբներով։

Ռուսաստանի դերակատարության վերաբերյալ, Գանտահարյանը շեշտեց, որ այս նախագծերի հիմնական շարժառիթը տարածաշրջանից ռուսական ազդեցության չեզոքացումն է։ Նրա կարծիքով՝ գործընթացները ղեկավարվում և նախագծվում են Վաշինգտոնի ընդհանուր արտաքին քաղաքականության շրջանակում։ Նա ընդգծեց, որ Իրանի մոտեցումները այս հարցում բոլորովին այլ են, և որ տեղի ունեցողը պետք է դիտարկել աշխարհակարգային փոփոխությունների համատեքստում։

Մերձավոր Արևելքի իրադարձությունների մասին խոսելիս, Շահան Գանտահարյանը նշեց, որ թեև հայտարարված էր Հեզբոլլայի դեմ պատերազմ, Իսրայելի գործողությունները ձգվում են ինչպես պաղեստինցիների, այնպես էլ Հեզբոլլայի, և ընդհանրապես՝ Լիբանանի հարավի ու Իսրայելի հյուսիսի ուղղությամբ։ Գանտահարյանը շեշտեց, որ Իսրայելը փորձում է չեզոքացնել իր անվտանգության սպառնալիքները՝ այդ տարածքները մարդկանցից դատարկելով, քանի որ նույնիսկ բնակչության առկայությունը դիտարկում է որպես վտանգ։

Նա հավելեց, որ Սիրիայի տարածքում պետք է նկատել նաև Թուրքիայի և Իսրայելի շահերի բախման կետերը։ Գանտահարյանը կարևոր համարեց Գազայում բազմազգ ուժերի տեղակայման հարցը՝ ընդգծելով, որ Թուրքիան ցանկանում է դրանց մաս կազմել, մինչդեռ Իսրայելը արգելակում է այդ մասնակցությունը։ Նրա խոսքով՝ այս ամենը խաչաձև կապերով առնչվում է նաև Հարավային Կովկասին և, հետևաբար, Հայաստանին։

Վերջում Շահան Գանտահարյանը ընդգծեց, որ Իսրայել–Ադրբեջան համագործակցության խորացումը ևս կարևոր ազդակ է տարածաշրջանի ընդհանուր դինամիկան հասկանալու համար։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

https://www.youtube.com/live/uyBoQvr5ZsY

(Շահան Գանտահարյանի հարցազրույցը՝  31:30-ից)

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *