Հայաստան

Ռուսական Հաղթանակի Վկաները

Հիշեք կոմպրոմատները, անօրեն պետությունում առանց դատ ու դատաստանի ունեցվածքից զրկվելու բազմաթիվ օրինակները, ռեժիմին այս կամ այն կերպ մերժած կամ իրենց ծիրից հեռանալու փորձ արած տարբեր կալիբրի անձանց «ինքնասպանությունները» և սպանությունները աշխարհի տարբեր ծայրերում։ Այնպես որ՝ հրաժարվելը հատուկ տեսակի համարձակություն և ինքնազոհություն է պահանջում։

Լինա Ղշյան

«Մենք, միևնույնն է, հաղթահարել ենք բոլոր դժվարությունները և շարունակել ենք մեր ճանապարհը՝ հակառակ մեր թշնամիների բոլոր ջանքերին» — Սամվել Կարապետյանի ուղերձից, որը հրապարակվել է Նարեկ Կարապետյանի էջում։

   Թվում է, թե շատ ունիվերսալ արտահայտություն է յուրաքանչյուրի համար։ Գոյություն ունենք պայմանական «Մենք» և պայմանական «թշնամիները», և բնական է, որ «Մենք» ցանկանում ենք, ձգտում ենք, ջանք ենք գործադրում, որպեսզի յուրաքանչյուր պարագայում «թշնամու» հետ  մրցավազքում հաղթանակած դուրս գանք։

   Մնում է մի բան պարզել՝ ում համար ով է «Մենք»-ը և ով է «թշնամին»։

   Օրինակ՝ իմ համար «Մենք»-ը Հայաստանի Հանրապետությունն է իր ողջ ատրիբուտիկայով՝ զինանշանով, դրոշով, օրհներգով, ժողովրդով, իշխանություններով։ Ի դեպ, զինանշանի, օրհներգի, իշխանությունների, ժողովրդի նկատմամբ բազմաթիվ հարցեր ունեմ, ամեն ինչից էլ գոհ չեմ։ Բայց դա իմ «Մենք»-ն է։

   Իրենց «Մենք»-ի ծագումը օտարածին է, Հայսատանի Հանրապետության հետ կապ չունի, իսկ «թշնամին» հենց Հայսատանի Հանրապետությունն է։ 

   Սամվել Կարապետյանի կյանքի ընտրությունը հարստանալն է պուտինյան Ռուսաստանի կանոններով։ Եթե դու ՌԴ-ում սկսում ես շատ մեծ գումարներ վաստակել, դու արդեն գտնվում ես ավտորիտար պետության հատուկ ծառայությունների մանրադիտակի ներքո։ ՌԴ-ի պես կոռումպացված պետությունում դու չես կարող վարել լիարժեք մաքուր բիզնես, ուրեմն քեզ թույլ են տալիս, որ դու գումար վաստակես՝ ունենալով քո վրա կոմպրոմատ ֆինանսական ոլորտում, ինչի շնորհիվ քեզ ներքաշում են պետական փողերը «սղոցելու», փող լվանալու և այլ մախինացիաների մեջ՝ էլ ավելի ավելացնելով կոմպրոմատային կախվածությունը։ Կոմպրոմատները կարող են լինել նաև անձնական բնույթի՝ վարքաբեկելու և բարի համբավը աղտոտելու համար. այս տեսակ կոմպրոմատները ռուսական հատուկ ծառայությունները առանձնահատուկ են սիրում։

   Ստացվում է՝ եթե դու ՌԴ-ում հասնում ես ինչ-որ հաջողության, դու ավտոմատ կերպով հայտնվում ես պուտինյան թակարդում։ Ստացվում է, որ դու երկար տարիներ ծառայում ես ռուսաստանյան ռեժիմին և համակարգին, բայց վերջում ոչ թե պարգևատրվում ես, այլ պարտք ես մնում։ Քեզանից վերջում վճար են պահանջում։

   Վճարը հիմնականում լինում է պատմական հայրենիքում հատուկ գործողություններ իրականացնելու մասին՝ հեղաշրջման/իշխանափոխության կազմակերպման, այդ նպատակով պրոռուսական ուժերի, մեդիաների, ֆեյքերի բանակների ֆինանսավորման, … և ի վերջո քաղաքականության մեջ անձնապես մտնելու մասին։

Ուզում է՞ արդյոք այդ մարդը մասնակցել դավադրական գործողությունների, ուղղված պատմական հայրենիքի շահերի դեմ։ — Կարծում եմ՝ ոչ։

Կարող է՞ հրաժարվել։ — Համոզված եմ՝ ոչ։

   Հիշեք կոմպրոմատները, անօրեն պետությունում առանց դատ ու դատաստանի ունեցվածքից զրկվելու բազմաթիվ օրինակները, ռեժիմին այս կամ այն կերպ մերժած կամ իրենց ծիրից հեռանալու փորձ արած տարբեր կալիբրի անձանց «ինքնասպանությունները» և սպանությունները աշխարհի տարբեր ծայրերում։ Այնպես որ՝ հրաժարվելը հատուկ տեսակի համարձակություն և ինքնազոհություն է պահանջում։

   Դու հարստանում ես, շռայլ կյանք ես վարում, պատմական հայրենիքում ներդրումներ ես անում, բարեգործություն (դա խրախուսվում է ՌԴ իշխանավորների կողմից), քեզ հարգում են պատմական հայրենիքում, դու քեզ բավարարված ես զգում, և հանկարծ քեզ կանչում են կարմիր գորգի վրա, ու դու նայում ես երրորդական մակարդակի կուրատորի շուրթերի շարժմանը, և նրա ատամների արանքից քեզ է հասնում հոգիդ սառեցնող խոսքերի իմաստը։ Նրանց պետք էլ չէ ասել, որ քո գոյությունը կախված է իրենց բարի կամքից, դու դա ինքդ գիտես։

   Եվ դու կանգնում ես երկընտրանքի առաջ՝ ծախել հոգուցդ մնացած փշրանքները, թե․․․․

   Գնահատում ես իրավիճակը որպես բիզնեսմեն և պարզվում է, որ հոգի ծախելը ավելի ձեռնատու է։

   Հ․Գ․ Սամվել Կարապետյան, Երբ «հոգի վաճառողները» շատանում են, շուկան փլուզվում է։ Շուկայական հարաբերությունների օրենքն է։

 Այս պարագայում միակ շահողը լինում է գործարքի գնորդը։ Իսկ դուք որպես վաճառող ուշացած հասկանալու եք, վաճառեցիք սեփական ապագան։

Աղբյուրը՝ https://www.facebook.com/lina.ghshyan.2025/posts/pfbid0Fne7okHUttjmjHnFk9dwk9dgt2P35CP9q4TwDzeTrViCuucaVTMgY8MfBuGWMR5Ul

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *