2023թ. օգոստոսի 7-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել իշխանափոխություն, որի հետեւանքով սպառվել է Բաքվի հետ երկխոսության ճանապարհով շրջափակումը հաղթահարելու, բնակչության կենսագործունեության պայմանների վերականգնման եւ հետագա հարաբերությունների ճշտորոշման վերջին հնարավորությունը:
Վահրամ Աթանեսյան
Մաս 90-րդ
Արցախի Ազգային ժողովի նախագահի ընտրությունը կազմակերպվել է 2023թ. օգոստոսի 7-ին: Պաշտոնապես հայտարարվել է, որ խորհրդարանի խոսնակի պաշտոնի համար առաջադրվում է մեկ թեկնածու՝ «ՀՅԴ» խմբակցության եւ Դաշնակցության Բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանը:
Իշխանյանի թեկնածությունն, ընդ որում, առաջադրել է «Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինքը: Խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը,- նա Արայիկ Հարությունյանի զարմիկն է,- ներկայացրել է Դավիթ Իշխանյանի կենսագրությունը:
Այդ օրը Ստեփանակերտում տեղի է ունեցել անկախ Արցախի պատմության մեջ քաղաքական աննախադեպ եւ բոլոր առումներով արտառոց իրադարձություն. Դավիթ Իշխանյանի թեկնածությունը հրապարակային պաշտպանելու համար Արայիկ Հարությունյանը մասնակցել է Ազգային ժողովի արտահերթ նիստին, ելույթ ունեցել եւ նրան ներկայացրել որպես «մարտական եւ քաղաքական գործունեության փառավոր ուղի անցած գործչի»:
Դավիթ Իշխանյանն իրոք, ղարաբաղյան առաջին պատերազմի մասնակից է: Մարտական գործողություններին նախապես մասնակցել է որպես հայրենի Աշան գյուղի կամավորական ջոկատի, ապա Մարտունու պաշտպանական շրջանի գումարտակի հրամանատար, արժանացել է ԼՂՀ առաջին աստիճանի «Մարտական խաչ» շքանշանի: Այդուհանդերձ, դժվար է նրան ռազմական, բայց մանավանդ՝ քաղաքական եւ պետական գործիչ անվանել: Դավիթ Իշխանյանը նվիրյալ կուսակցական է, ՀՅԴ երդվյալ հավատավոր:
Ազգային ժողովում Արայիկ Հարությունյանի ելույթն այս համեմատության մեջ կարելի է համարել քաղաքական այլեւս ոչ աջակցություն վայելող գործչի խոստովանություն կամ իր նկատմամբ Դավիթ Իշխանյանի գերազանցության ընդունում: Խնդիր է, թե արդյոք նման բախտորոշ եզրակացության Արայիկ Հարությունյանը եկել է անհատական վերլուծության արդյունքու՞մ, այսինքն համարել է, որ Արցախի հարցի հնարավորինս կարգավորման իր տեսլականն այլեւս պահանջված չէ՞, թե քաղաքական կյանքի «վարագույրից այն կողմ» նրան հարկադրել են, որ այդ մասին հայտարարի՞:
Ինչ էլ որ եղած լինի, պատմությունը մի փաստ է արձանագրել. 2023թ. օգոստոսի 7-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել իշխանափոխություն, որի հետեւանքով սպառվել է Բաքվի հետ երկխոսության ճանապարհով շրջափակումը հաղթահարելու, բնակչության կենսագործունեության պայմանների վերականգնման եւ հետագա հարաբերությունների ճշտորոշման վերջին հնարավորությունը:
Դավիթ Իշխանյանը խորհրդարանի խոսնակ է ընտրվել, որպեսզի Արայիկ Հարությունյանի հրաժարականից հետո, ինչպես սահմանադրությունն է պահանջում, քառասուն օրով փոխարինի նրան՝ մինչեւ նախագահի նոր ընտրությունների անցկացումը: Իշխանյանի օգտին քվեարկել է քսաներկու, դեմ՝ ինը պատգամավոր: Դեմ քվեարկել է ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» կուսակցության խմբակցությունը:
(Շարունակելի)
