ՄԵՐ ՈՒՂԻՆ

Ընդդիմության Օրակարգը՝ Բողոքելն Է

Եթե չես քայլում խաղաղության ուղղությամբ, խաղաղություն չես ունենա։ Ընդդիմությունը պարզապես չի տեսնում խաղաղությունը։ Խաղաղությունը մի բաժակ ջրի նման չէ, որ ասես՝ կա, թե չկա։ Դա հարաբերությունների համակարգ է։ Այդ համակարգում կարող են լինել խափանումներ, չհասկացվածություններ, խնդիրներ։ Բայց հարցն այն է՝ դա խաղաղությա՞ն համակարգի գործունեություն է, թե՞ կոնֆլիկտի։

Մեր Ուղին

FactorTV-ի եթերում բանավիճել են «Քաղաքացիական պայմանագիր»-ը ներկայացնող Արման Եղոյանը և ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը ներկայացնող ՀՅԴ-ական Արթուր Խաչատրյանը։ Բանավեճը կենտրոնացել է այն հարցի վրա, թե ի՞նչ է ապահովում Հայաստանի ներկայիս արտաքին քաղաքականությունը՝ խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ։

Արման Եղոյան․ Վերջին տարիների փորձը ցույց է տալիս՝ եթե բացենք մամուլը և նայենք, թե ինչ էր ասում ընդդիմությունը երեք կամ երկու տարի առաջ, նրանք պնդում էին՝ սա էլ հնարավոր չէ, նա էլ հնարավոր չէ։ Իհարկե, եթե 10 նպատակ ունես, կարող ես հասնել յոթին, երեքին՝ ոչ։ Հարցը այն է՝ ընդդիմությունը ցանկանում է, որ մենք հասնենք այդ նպատակներին, թե ոչ։

Կամաց-կամաց մենք առաջընթաց ենք գրանցում։ Եթե օգոստոսի 7-ին լիներ այս բանավեճը, դուք պարոն Խաչատրյանին կասեիք՝ վաղը Վաշինգտոնում հնարավոր չէ, որ տեղի ունենա այն, ինչ տեղի ունեցավ։ Բայց փաստ է՝ նախաստորագրվել է հայտարարություն՝ ԱՄՆ նախագահի վկայությամբ։ Եթե չես քայլում խաղաղության ուղղությամբ, խաղաղություն չես ունենա։ Ընդդիմությունը պարզապես չի տեսնում խաղաղությունը։ Խաղաղությունը մի բաժակ ջրի նման չէ, որ ասես՝ կա, թե չկա։ Դա հարաբերությունների համակարգ է։ Այդ համակարգում կարող են լինել խափանումներ, չհասկացվածություններ, խնդիրներ։ Բայց հարցն այն է՝ դա խաղաղությա՞ն համակարգի գործունեություն է, թե՞ կոնֆլիկտի։

Կոնֆլիկտային համակարգում էլ կարող են լինել ոչ պատերազմի փուլեր, բայց դա դեռ խաղաղություն չի նշանակում։ Հիմա մենք փորձում ենք կառուցել խաղաղության համակարգ և հետևողականորեն լուծում ենք առաջացող խնդիրները։

Արթուր Խաչատրյան. Ինչպես պարոն Եղոյանն ասաց՝ նայենք անցած ճանապարհին։ 2018 թվականից սկսած՝ «Քաղաքացիական պայմանագրի» և Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը բերեց պատերազմի։ Պատերազմը օդում կախված էր 30 տարի, բայց նյութականացավ հենց նրանց օրոք՝ չմտածված պրովոկացիայի հետևանքով։

Հիմա պարոն Եղոյանը շատ անկեղծ պատասխանեց՝ կան ոչ պատերազմի փուլեր նույնիսկ կոնֆլիկտի ժամանակ։ Սա խաղաղություն չէ, սա ոչ պատերազմի էտապ է՝ պատերազմական իրավիճակում։ Երբ թշնամին օկուպացրել է քո տարածքը, վերահսկում է քո ռազմավարական ճանապարհները, շրջափակման մեջ է պահում քեզ, փակ են սահմանները, լկտիաբար միջամտում է ներքին գործերին՝ սա թշնամական գործողություն է, սա հենց պատերազմն է։

Մեր քաղաքականությունը ոչ թե ապահովել ոչ-պատերազմի էտապ պատերազմական վիճակում, այլ հարատև խաղաղություն։ Իսկ հարատև խաղաղություն միակողմանի զիջումներով չես կարող ապահովել։ Միակողմանի զիջումներով ստացված «խաղաղությունը» կապիտուլյացիայի հետևանք է։ Վերսալի պայմանագիրը Գերմանիայի համար պարտություն էր, Ֆրանսիայի համար՝ «խաղաղություն»։

Հայաստանի իշխանությունները Ադրբեջանին տրամադրում են անխոչընդոտ անցում ՀՀ տարածքով, բայց Ադրբեջանը չի տալիս անխափանկապ Հայաստանի հարավի և կենտրոնի միջև։

Արման Եղոյան. Ասում եք սխալ է։ Տեքստում գրված է «փոխադարձ առավելություններով»։ Դա նշանակում է նույնը, ոչ թե մի կողմը ստանում է ամեն ինչ ուզում է, իսկ մյուս կողմը՝ «չորրորդ կարգի» որևէ բան։

Իրավաբանական լեզվով գրված է հենց այնպես, որ շահարկում չլինի։ Եթե մենք տալիս ենք X, նրանք էլ փոխադարձաբար տալիս են X։ Եթե վաղը պայմանավորվենք, որ ճանապարհը գործելու է այսինչ կարգավորումներով, մենք կպահանջենք համարժեք առավելություններ։

Դուք ասում էիք՝ էքստրատերիտորիալ է լինելու, հայերի երես չեն տեսնի, Հայաստանի տարածքային ամբողջականությունը չեն ճանաչում։ Բայց ճանաչեցին։ Հիմա ասում եք՝ չորրորդ կարգի ցորեն է եկել։ Իսկ եթե առաջին կարգի լիներ, խաղաղություն կլիներ՞։

Արթուր Խաչատրյան․ Իրավական որոշակիություն պահանջում է՝ եթե Հայաստանը տալիս է անխոչընդոտ կապ Ադրբեջանից Նախիջևան, ապա պետք է լինի նաև հակառակը՝ Արարատի և Սյունիքի միջև։ Դա մենք չունենք։

Հունվարի 7-ին Ալիևը հոխորտում էր, հունվարի 8-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ մենք առաջարկենք ուղարկել Զանգելանից-Սադարակ-Երասխ ճանապարհի ապաշրջափակման մասին։ Ես հարցում եմ ուղարկել՝ կա՞ Ադրբեջանի պատասխանը։ Չկա։

Ալիևն ասում է՝ հայի երես չպետք է տեսնենք։ Փաշինյանն ասում է՝ ռոբոտ կտեսնեք։ Եթե ռոբոտ է լինելու այնտեղ, ապա ռոբոտ պիտի լինի նաև այստեղ։

Ադրբեջանը ստացավ 907-րդ հոդվածի չեղարկումը, Մինսկի խմբի վերացումը, անխոչընդոտ անցումը։ Հայաստանը ի՞նչ ստացավ։ Չորրորդ կարգի ցորե՞նը։

Արման Եղոյան Ճանապարհը բացվել է։ Բեռնափոխադրումներ են իրականացվում։ Եթե վաղը սահմանը բացվի, դուք նորից կասեք՝ չորրորդ կարգի ցորեն է։ Մինսկի խումբը արդեն չէր գործում 2022 թվից հետո։ ԱՄՆ-ը, ՌԴ-ն և Ֆրանսիան իրար հետ չեն խոսում, սանկցիաներ են կիրառում։ Դա գործող կառույց չէր։

Արթուր Խաչատրյան Ադրբեջանին պետք էր Մինսկի խմբի վերացումը, Հայաստանին՝ ոչ։ Ինչու՞ Հայաստանը առաջարկեց այն։ Որովհետև վախենում էր, որ եթե չպահանջի, Ադրբեջանը կասի՝ բանակցություն չկա։

Սահմանազատման ընթացքում Հայաստանը տվել է տարածքներ, Ադրբեջանը՝ միլիմետր չի տվել։ Կիրանցում դիպուկահարն այլևս չի կարող գնդակոծել, բայց Բերքաբերում Ադրբեջանը մեկ միլիմետր չի զիջել։

Արման Եղոյան․ Կիրանցում սահմանը դրվել է այնպես, որ դիպուկահարը դուրս է եկել, սահմանապահը կանգնել է։ Նեյտրալ գոտիներն այլևս չկան։ Բերքաբերում կա հայելային սեպեր՝ երկու կողմերն էլ ունեն սեպաձև տարածքներ, որոնք մյուս կողմի վերահսկողության տակ են։ Դա պետք է քննարկվի հանձնաժողովներում։

Արթուր Խաչատրյան․ Տարի ու կես է անցել, հանձնաժողովները ոչինչ չեն արել։ Տվածի դիմաց ոչինչ չենք ստացել։

Արման Եղոյան․ Եթե դու վեճ ունես հարևանի հետ և գտնում ես փաստաթղթերը, գրանցում ես կադաստրում, դու չես ասում՝ վատ լուծում եղավ, որ տարածքը իմն է։ Դու ուրախանում ես։

Արթուր Խաչատրյան Քարտեզով մեր տարածքում Ադրբեջանի սմբակը կա։ Դուրս չի հանել։ Դիպուկահարի գնդակից զոհ չկա, բայց գյուղացին չի կարողանում հող մշակել։ Ի՞նչ տարբերություն՝ ռմբակոծում է, թե զինվորի ոտքով է պահում։

Արման Եղոյան․ Խաղաղությունը ապացուցելու կարիք չունի։ Ցերեկ է, թե գիշեր՝ ակնհայտ է։ Եթե մարդը աչքերը փակել է և ասում է՝ գիշեր է, ես ի՞նչ ապացուցեմ։ Ճանապարհը բաց է։ Ցորենը եկել է։ Եթե չորրորդ կարգի է, վաղը առաջին կարգի կբերեն։

Արթուր Խաչատրյան Չորրորդ կարգի ցորենով են հպարտանում՝ էդքան զիջումների դիմաց։ Իսկ եթե սահմանը փակ է, ճանապարհը փակ է, ինչո՞վ եք հպարտանում։ Մենք ունենք ոչ-պատերազմի էտապ պատերազմական վիճակում, ոչ թե խաղաղաղություն։

Արման Եղոյան Խաղաղության մեր բանաձևը լեգիտիմությունն է։ Աշխարհում ոչ ոք այլևս չի կարողանում մեծ-մեծ խոսել և պարտադրել։ Մենք ունենք մեր ճանաչված տարածքը, դրանից դուրս հավակնություն չունենք, ներսում 100% իրավազորություն ենք իրականացնում՝ անկախ նրանից՝ ռոբոտով, թե մարդով, թե լազերով։

Խաղաղության պայմանագիրը կլինի։ Պետք է համբերատար լինել և աշխատել։ Եթե ոչինչ չանես՝ հաստատ չի լինի։

Արթուր Խաչատրյան Խաղաղությունը կարող է լինել երկարաժամկետ կայուն միայն, եթե հարգվում են կողմերի կենսական շահերը և հիմնված է արդարության վրա։

Հիմա իշխանությունները համաձայնում են Ադրբեջանի ցանկացած պարտադրանքի, որովհետև վախենում են, որ եթե ասեն «ոչ», բանակցություն չի չի լինի։

Ադրբեջանը թղթերով ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, բայց գիտի՞, որ Ջերմուկը Հայաստանի տարածք է։ Իրենք օկուպացրել են և չեն դուրս գալիս։ Մենք ունենք ոչ թե խաղաղություն, այլ ոչ-պատերազմի էտապ պատերազմի վիճակում։

Բանավեճն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *