ՄԵՐ ՈՒՂԻՆ

ՌԴ-ն Հերթական «Հականիկոլականությունն Է» Ձևավորում

Ստեփանակերտից երբևէ չհնչեց ցավակցական խոսք զոհերի հարազատներին, ինչը հոգեբանական ու սոցիալ-քաղաքական տարանջատման դրսևորում է։

Վահրամ Աթանեսյան

Freenews Armenia-ն զրուցել է Արցախի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանի հետ։ Զրույցը քննարկում է 2008-ի Մարտի 1-ի իրավական ու քաղաքական հետևանքները՝ հատկապես ՄԻԵԴ վճիռների համատեքստում, Արցախից զորախմբերի բերմանը, որը գնահատվում է որպես «հայության երկու հատվածներին հասցված ամենածանր հարված», ինչպես նաև 2026-ի ընտրություններից առաջ ներքաղաքական բալանսներին, Ռուսաստանի հնարավոր ազդեցությանը և ռուսամետ ուժերի «ձայն փախցնելու» մեխանիզմներին։

Վահրամ Աթանեսյանը ասաց, որ 2008-ին ինքն Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն էր, և արդեն փետրվարի 24–25-ի օրերին Ստեփանակերտում լարվածությունն զգացվում էր։ Նա նշեց, որ այդ օրերին խոսակցություն էր ունեցել Արցախի ԱԺ փոխնախագահ Ռուդիկ Հյուսնունցի հետ և նրան փոխանցել էր խնդրանք՝ տեղեկացնել Արցախի նախագահին, որ անհրաժեշտ է կազմել պատվիրակություն՝ Արցախից ընտրված Հայաստանի Գերագույն խորհրդի նախկին պատգամավորներով և հրապարակային հանդիպում կազմակերպել առաջին նախագահի հետ՝ լարվածությունը մեղմելու նպատակով։ Հաջորդ օրը՝ Հյուսնունցը փոխանցել է նախագահի դիրքորոշումը՝ Արցախից որևէ միջամտություն նպատակահարմար չի համարվում։ Աթանեսյանը նշեց, որ այդ պատասխանով ամեն ինչ պարզ էր, քանի որ բոլորը գիտեին՝ Ստեփանակերտից միջամտություն նախապատրաստվում էր։ Նրա խոսքով՝ ցավոք, քաղաքական միջամտության փոխարեն եղավ ռազմական միջամտություն, ինչը նա համարում է հաստատված փաստ։ Ամենածանր հարվածը հայության երկու հատվածներին այն էր, որ Արցախից Երևան զորախումբ բերվեց։ Նա ասաց, որ ինչ անուն էլ տրվի այդ զորախմբին, փաստը մնում է, որ Արցախում ծնվածներից կազմված առանձին ուժ բերվեց Հայաստանի մայրաքաղաք, ինչը, ըստ նրա, անպատկերացնելի և ծանր դրվագ է։

Աթանեսյանը նշեց, որ Ստեփանակերտից երբևէ չհնչեց ցավակցական խոսք զոհերի հարազատներին, ինչը համարում է հոգեբանական ու սոցիալ-քաղաքական տարանջատման դրսևորում։ Նա հավելեց, որ այսօր երբ ասում են, թե գործող իշխանությունը իբր արհամարհում է արցախցիներին, ինքը չի հասկանում՝ դրանից ավելի ծանր ինչ կարելի էր պատկերացնել, քան այն, ինչ եղավ 2008-ին։ Նա դիտարկեց, որ մենք հաճախ խոսում ենք միայն ներքաղաքական շերտի մասին, սակայն անտեսում ենք, որ Մարտի 1-ից հետո լուրջ հարված ստացավ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը։ Նա հիշեցրեց, որ նույն տարվա նոյեմբերի 2-ին Հայաստանը ստորագրեց Մայենդորֆյան հռչակագիրը, որը փաստացի չեղարկում էր Մադրիդյան սկզբունքները։ Վահրամ Աթանեսյանը կարծում է, որ եթե Մարտի 1-ը չլիներ, Հայաստանը շատ ավելի ուժեղ դիրքերից կբանակցեր։ Ազգային ժողովի լսումներն անգամ ուշացած են՝ դրանք պիտի իրականանային անմիջապես ՄԻԵԴ-ի վճռից հետո։ Աթանեսյանը կարծում է, որ Հայաստանի արդարադատությունը մի պարզ հարց ունի՝ եթե ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ 10 քաղաքացիներ սպանվել են պետության անգործության կամ գործողության հետևանքով, ապա պետք է պարզել՝ ով է պետությունը ներկայացնող այն անձը կամ անձինք, որոնց գործողությունների կամ անգործության արդյունքում մարդիկ զոհվել են։ Նա շեշտեց, որ այսօր որևէ մեկը չի գիտի՝ այդ մարդիկ սպանվել են դիպուկահարի կրակոցից, պատահական գնդակից, կամ այլ պայմաններում։

Աթանեսյանը ասաց, որ ՄԻԵԴ-ի վճիռը Հայաստանի համար պարտադիր կատարման ենթակա է, և հետևաբար դատական համակարգը պարտավոր է բացել նոր վարույթներ, իրականացնել քննություն, պարզել հրաման տվողներին կամ նրանց, ովքեր անգործությամբ հանգեցրել են զոհերին։

Վահրամ Աթանեսյանը նշեց, որ 10 զոհերի հարազատներն ու ամբողջ հանրությունը հոգեբանական և բարոյական բավարարվածություն պետք է ստանան։ Նա ընդգծեց, որ ողջ հայժողովուրդն է տուժել, որովհետև զոհ կարող էր լինել ցանկացած հայ՝ անկախ ազգանունից։ Աթանեսյանը, անդրադառնալով Արցախից բերված զինված խմբավորման ենթակայությանը, ասաց, որ որևէ մեկը հստակ մանրամասնություններ չի ունեցել, բացի նրանից, որ զինծառայողների հարազատները գիտեին՝ իրենց մարդիկ երկու-երեք շաբաթ Երևանում էին։ Նա ընդգծեց, որ մնացածն անհայտ էր և այդպես էլ մնաց։ Վահրամ Աթանեսյանը հիշեցրեց նաև այն ժամանակվա քաղաքական տրամադրությունը Արցախում՝ ասելով, որ պաշտոնապես և անպաշտոն շրջանառվում էր այն համոզմունքը, թե եթե Լևոն Տեր-Պետրոսյանը դառնա նախագահ, «Ղարաբաղը կծախվի»։ Նա նշեց, որ հանրային ընկալումը նույնպես ձևավորված էր այդպես։

Այսօր, ըստ Աթանեսյանի, Մարտի 1-ի թեմայի ակտիվացումը քաղաքական հետևանքներ կստեղծի։ Նա կարծում է, որ դա ուժեղացնելու է նախկին իշխանությունների հանդեպ բացասական վերաբերմունքը։ Աթանեսյանը նաև արձանագրեց, որ ընդդիմադիր խմբակցությունները չմասնակցեցին լսումներին, և փոխարենը տարածեցին հայտարարություններ, որոնք նա համարեց քաղաքական անհիմն և տրամաբանությունից դուրս։Նա համեմատեց նման հայտարարությունները ադրբեջանական քարոզչության հետ, երբ Սումգայիթի ջարդերի պատասխանատվությունը փորձում էին բարդել հայերի վրա՝ մեկ անձի օրինակով։ Աթանեսյանը ասաց, որ նույնքան անհեթեթ է Նիկոլ Փաշինյանին ներկայացնել որպես Մարտի 1-ի «կազմակերպիչ»։

Այսօր նաև նոնսենս է, երբ Մարտի 1-ի ժամանակ տուժած կողմի՝ Լևոն Տեր-Պետրոսյանի կուսակցությունը լսումներին հակակշիռ հանրային քննարկում է կազմակերպում «սահմանադրական իրավունքների խախտումների» մասին, երբ հենց այդ քննարկման փաստը վկայում է, որ խոսքի ազատություն գոյություն ունի։ Քննարկումներում, ըստ ամենայնի, փորձվելու է քաղաքականացնել բլոգերների ձերբակալությունները կամ հոգևորականների դեմ քրեական վարույթները, սակայն ինքը չի կարծում, թե իշխանությանը եթերում հայհոյելը կամ բռնի տապալման կոչերը ենթակա են «խոսքի ազատության» հասկացությանը։ Նա ցավով ասաց, որ իրական, սկզբունքային բանավեճի փոխարեն ձևավորվում են քաղաքական մանիպուլյացիաներ, որոնք միայն թուլացնում են հանրային գիտակցությունը։

Վահրամ Աթանեսյանը կարծում է, որ Մարտի 1-ի թեմայի վերադարձը բնականաբար քաղաքական ազդեցություն կունենա առաջիկա ընտրությունների վրա։ Նա ընդգծեց, որ Հայաստանը, ցավոք, դարձել է այն խաղի մասնակից, որով Ռուսաստանը փորձում է ազդել հետխորհրդային պետությունների վրա։Ռուսաստանը կոնկրետ անձի վրա խաղադրույք չի անի, բայց կաշխատի ընդհանուր «ռուսամետ» համատեքստ ձևավորելու ուղղությամբ՝ այն տրամադրությամբ, որ «ով էլ լինի, Փաշինյանից լավ է»։

Նա որպես օրինակ բերեց 2020թ. Արցախի ընտրությունները, երբ մեծ թվով թեկնածուներ առաջադրվեցին՝ արյունոտելու իրական մրցակցային դաշտը և թույլ չտալու, որ Արայիկ Հարությունյանը հաղթի առաջին փուլում։ Աթանեսյանը նշեց, որ նույն տեխնոլոգիան կիրառվեց Գյումրիում ամփոփիչ ընտրություններում՝ մեծամասնությունը վերածելով փոքրամասնության։

Վերջում նա եզրակացրեց, որ այս ամենը ցույց է տալիս՝ առաջիկա ընտրություններում փորձվելու է բեկորել դաշտը, խլել ձայներ, և թուլացնել ուժեղ կենտրոնացված իշխանություն ձևավորելու հնարավորությունը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *