Արցախ

«Արցախի ԿԳԲ-ացումը»

Ընդհակառակը, մանավանդ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի խոսքում անթաքույց ասվում է, որ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը «խախտված է», Իշխանյանը պետք է այն վերականգնի եւ  նոր լիցք հաղորդի «Արցախի ժողովրդի ինքնորոշման համար մղվող պայքարին»:

Վահրամ Աթանեսյան

Մաս 91-րդ

Արցախի խորհրդարանի խոսնակի  պաշտոնում ընտրվելուց ժամեր հետո Դավիթ Իշխանյանը հեռախոսազանգ է ստացել Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանից: Ըստ պաշտոնական հաղորդագրության, Սիմոնյանը նրան շնորհավորել է «բարդ շրջանում պատասխանատու պաշտոն ստանձնելու առթիվ եւ մաղթել հաջողություններ», որից հետո զրուցակիցները քննարկել են «հետագա համագործակցությանն առնչվող հարցեր»: 

Օգոստոսի 8-ին հրապարակվել է Դավիթ Իշխանյանին հղած՝ Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա. Կաթողիկոսի ուղերձը: «Արցախի դիմագրաված ներկա վճռական հանգրվանին Ձեր ստանձնած առաքելությունը Ձեզ դնում է լուրջ մարտահրավերների դիմաց, Ձեր առջև բացվում են պատասխանատվության նոր, այլ դժվար հորիզոններ»,- ասված է ուղերձում: Այնուհետեւ Արամ Ա.-ն բացահայտել է, որ Դավիթ Իշխանյանին «ճանաչում է մոտիկից» եւ վստահություն հայտնել, որ նա «պիտի դիմագրավի Արցախի անկախությանը սպառնացող բոլոր վտանգները»:  Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսը վստահեցնում է, որ կշարունակի «զորավիգ կանգնել Արցախի պետության ամրացման եւ նրա քաջարի ժողովրդին ի խնդիր Արցախի անվտանգության ու անկախության»: 

Մեկ օրվա տարբերությամբ Դավիթ Իշխանյանը շնորհավորական ուղերձ է ստացել նաեւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ.-ից: «Կարեւոր այդ պաշտոնը Դուք ստանձնում եք Արցախի համար անկախությունից ի վեր ամենածանր ու դժվարին ժամանակահատվածում, երբ ադրբեջանական շարունակվող ագրեսիայի հետեւանքով արցախահայությունը շուրջ ութ ամիս գտնվում է փաստացի շրջափակման մեջ»,- իրավիճակն այսպես է բնութագրել Գարեգին Բ.-ն եւ ամփոփել. «Օրավուր սաստկացող գոյաբանական վտանգների առջեւ աղոթաբար մաղթում ենք Ձեզ ուժ, կարողություն եւ տոկունություն՝ հնարավոր բոլոր միջոցները, ներուժն ու ջանքերը գործադրելու հանուն Արցախի ժողովրդի ապահով, ազատ ու անկախ կյանքի»: 

Ավելի քան մեկշաբաթյա ուշացումով, օգոստոսի 14-ին Դավիթ Իշխանյանին շնորհավորել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը: Նա նույնպես ընդգծել է Իշխանյանի հետ անձնական ծանոթությունը եւ մտերմությունը եւ ընդգծել նրա անցած մարտական ուղին եւ Արցախի անկախությանն ու պետականությանը անմնացորդ նվիրումը: Սեյրան Օհանյանը «Հայաստան» խմբակցության անունից համոզմունք է հայտնել, որ ԱԺ նախագահի պաշտոնում Դավիթ Իշխանյանի ընտրությունը «նոր լիցք կհաղորդի Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության վերականգնման գործին եւ Արցախի ժողովրդի ինքնորոշման համար մղվող պայքարին»: 

Ի տարբերություն Ալեն Սիմոնյանի, ով Դավիթ Իշխանյանին շնորհավորել է բացառապես իբրեւ Արցախի Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրված գործընկերոջ, Հայ առաքելական եկեղեցու նվիրապետական երկու աթոռները եւ «Հայաստան» խմբակցությունը, ինչպես պարզորոշ հասկացվում է նրանց ուղերձների բաց եւ ենթատեքստային հղումների, Իշխանյանին գնահատել, ներկայացրել եւ բավական ընդգծված ձեւով պարտավորեցրել են լինել Արցախի ճակատագրի համար բախտորոշ վճիռ կայացնող պետական-քաղաքական դեմք: Այդ ուղերձներում չկա Դավիթ Իշխանյանին հղած հորդոր՝ միասնաբար կամ համախոհ գործել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Ընդհակառակը, մանավանդ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի խոսքում անթաքույց ասվում է, որ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը «խախտված է», Իշխանյանը պետք է այն վերականգնի եւ  նոր լիցք հաղորդի «Արցախի ժողովրդի ինքնորոշման համար մղվող պայքարին»: 

(Շարունակելի)

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *