ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածը՝ իշխանության յուրացման մասին, վաղեմության ժամկետ չի ճանաչում, ուստի պետությունն ունի իրավական գործիքներ՝ հարցը լուծելու համար։
Արտաշես Խալաթյան
1inTV-ն զրուցել է իրավագետ Արտաշես Խալաթյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկելվել են նոյեմբերի 18-ին Ազգային ժողովում տեղի ունեցած բաց լսումների արդյունքները և Հայաստանի 17-ամյա «անգործության» հարցը արդարությունը վերականգնելու գործում։ Քննարկումը կենտրոնանում է ՄԻԵԴ-ի վճռի՝ պարտադիր կատարման և Հայաստանի իշխանությունների կողմից դրա իրականացման բացերի վրա, մասնավորապես, քրեական գործերի բացահայտման, պատասխանատվության բացակայության, ինչպես նաև քաղաքական գնահատականի անհրաժեշտության վրա։
Արտաշես Խալաթյանը նշեց, որ մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերջին վճիռը մարտի մեկի գործով «տրամաբանական շարունակությունն» է նախորդ վճիռների, որոնցում տարիներ շարունակ արձանագրվել է՝ պետությունը չի բացահայտել հանցագործությունները, չի իրականացրել պատշաճ քննություն և չի պաշտպանել կյանքի ու արդար դատաքննության իրավունքները։ Խալաթյանի խոսքով՝ եթե մեկ նախադասությամբ ամփոփենք վճռի իմաստը, ապա այն հետևյալն է՝ «ժողովուրդ ջան, 17 տարի դուք ոչինչ չեք արել»։ ՄԻԵԴ-ը դեռևս Սաղաթելյան ընդդեմ Հայաստանի, Լևոն Տեր-Պետրոսյան ընդդեմ Հայաստանի և այլ գործերով հստակ արձանագրել է՝ քաղբանտարկյալների գործերը շինծու էին, ծեծ ու բռնությունները համակարգային էին, և պետությունը տարիներ շարունակ խախտել է իր նեգատիվ և պոզիտիվ պարտականությունները։ Նա նշեց, որ մարտի 1-ի գիշերը կիրառված անհամաչափ ուժը խախտել է կյանքի իրավունքը, իսկ հետագա տարիներին իրականացված «փորձած-չբացահայտած» քննությունները՝ արդար դատաքննության իրավունքը։ Եվրոպական դատարանը «փուլ առ փուլ դելեգիտիմացրել է» այն ժամանակվա իշխանությունների պատմած սցենարը․ առավոտյան իրականացված«խուզարկությունը» դատարանը փաստացիարժանացրել է անվավեր քննադատության, քանի որայն տեղի է ունեցել օրենքով սահմանված ժամիցշուտ, և ակնհայտ էր, որ իրականում խոսքըխուզարկություն չէր, այլ բիրտ գործողություն։
Խալաթյանը դիտարկեց, որ ոչ ոք պատասխանատվություն չի կրել՝ ոչ սպանությունների, ոչ ծեծերի, ոչ քաղբանտարկյալների գործերի համար։ Նրա խոսքով՝ «դրվագ առ դրվագ բացահայտվել են կատարված հանցագործությունները, բայց դրանցից ոչ մեկով պետությունը ավարտին չի հասցրել արդարությունը։ Եվրոպական դատարանի պահանջած «ընդհանուր միջոցները»՝ օրենսդրական ու դատավարական փոփոխությունները, չեն իրականացվել, և պետությունը չի ապահովել նախկին քաղբանտարկյալների լիարժեք անմեղության ճանաչումը։ Նրա կարծիքով՝ սա ստեղծում է «իրարամերժ իրավական իրավիճակ», երբ նույնիսկ դատապարտվածների մի մասը դեռ համարվում է մեղավոր՝ չնայած Եվրոպական դատարանի դիրքորոշմանը։ Իրավապահ մարմինների ու կառավարության ներկայացուցիչների ելույթները լսումներում «այլևս նոր բան չէին կարող տալ», քանի որ ասելիքը սպառված է, և այժմ պետք են գործողություններ, ոչ թե հայտարարություններ։ Նա ընդգծեց, որ իրավաբանությունը, զուրկ լինելով արդարության նպատակից, «թույլ է տալիս ապացուցել ինչ ուզես», և հենց դրա համար է էական, որ պետությունն ամբողջ ճշմարտությունը բացահայտի՝ ոչ թե ձևական լուծումներ գտնի։
Խալաթյանի համոզմամբ՝ մինչև մարտի մեկի և հոկտեմբերի 27-ի քաղաքական ու քրեաիրավական գնահատականները չտրվեն, «պետության կայացման մասին խոսելն անհիմն է»։ Նա նշեց, որ պետության ինստիտուցիոնալ կայացումը հնարավոր չէ, եթե նախահեղափոխական համակարգային հանցագործությունների էջը փակված չէ։ Խալաթյանը կարևորեց նաև այն, որ գույքի բռնագրավումն ու փոխհատուցումները չեն կարող փոխարինել իրական քրեական պատասխանատվությանը, և այս մեխանիզմը չի համապատասխանում արդարադատության տրամաբանությանը։ Նրա խոսքով՝ «հանցագործությունը չի գնվում, հանցագործության պատասխանատվությունը չի փոխարինվում գումարով»։
Իրավագետը նշեց, որ այս լուծումներով ստեղծվում է միջազգային հարցադրումների երկար պոչ՝ որքանո՞վ է պետությունը ունակ պայքարել իր ներսում եղած հանցավորության դեմ։ Նա համեմատեց Իտալիայի մաֆիայի խնդրի հետ, շեշտելով, որ օրինակների բերումը չի արդարացնում Հայաստանի անկարողությունը։ Մարտի մեկի հանցագործությունը «սովորական փողոցային միջադեպ չէր», այլ խորքային կազմակերպված քաղաքական գործողություն։ Նրա փոխանցմամբ՝ քննության ընթացքում առկա են տվյալներ նույնիսկ «զուգահեռ քվազի պետական կազմավորումների» մասին, ինչպես նաև վարձու անձանց ներգրավածության մասին։ Իրավաբանը հարց ուղղեց․ «ովքե՞ր են հրաման տվել, ինչպե՞ս է այդմեքենան աշխատել, և ինչո՞ւ է պետությունը տարիներ շարունակ ծածկել»։ Այս ամենին հնարավոր չէ պատասխանել միայն քաղաքական հայտարարություններով․ պետք է իրավականգնահատականները, մեղադրականեզրակացությունները և պատժաչափերը։ Ըստ նրա՝այսօր նույնիսկ մեղադրանքը՝ «պաշտոնեականլիազորությունների անցում», բնույթով անհամաչափ է կատարված արարքին, որը բնորոշեց որպես «կազմակերպված խմբի կողմից պետության դեմ ուղղված ուժի կիրառում»։
Խալաթյանի կարծիքով՝ գլխավոր դատախազությունը պետք է նոր մեղադրանքներ առաջադրի՝ հաշվի առնելով Եվրոպական դատարանի վճռով հաստատված փաստերը, և պատասխանատվության կանչի բոլոր պատասխանատուներին, այդ թվում՝ այն անձանց, ովքեր այժմ քաղաքական ամբիցիաներ ունեն։Դատաիրավական համակարգը «կապկպված է» գոյություն ունեցող վաղեմության ժամկետներով ու դատավարական սահմանափակումներով, սակայն հիշեցրեց, որ ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածը՝ իշխանության յուրացման մասին, վաղեմության ժամկետ չի ճանաչում, ուստի պետությունն ունի իրավական գործիքներ՝ հարցը լուծելու համար։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
